Այս ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը. Սաքունցը՝ Բարսեղյանի եւ Բիլյանի մասին
21:15, January 12, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում «ՍՈՍ՝ ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆ ՍՄԲԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ» նախաձեռնության շրջանակներում իրավապաշտպանները բարձրաձայնեցին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, ուժային կառույցներում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի և հատկապես վերջին օրերին արձանագրված դեպքերի ու Նուբարաշեն ՔԿՀ-ից Արմավիրի ՔԿՀ տեղափոխվելու՝ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի պահանջի մասին։
Բանախոսներն էին նախաձեռնության անդամներ Դավիթ Եղիազարյանը, Բագրատ Օհանջանյանը, փաստաբաններ Արմինե Ֆանյանը, Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը, Մարինա Պետրոսյանը, Արթուր Սաքունցը, Ժաննա Ալեքսանյանը:
Արթուր Սաքունցը ասաց, որ «պետք է ամեն ինչ հստակ ասել, այս ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը, սա քաղաքական մակարդակով որոշվելիք հարց է, ոչ նախարար, ոչ Օսիկյան (Քրեակատարողական վարչության պետ-խմբ.): Կոնկրետ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին այդ պայմաններում պահելու որոշումը կայացվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից»: Սաքունցն ասաց, որ Արմենի և Սմբատի կյանքի սպառնացող վտանգավոր այլ գործոններ կան, որոնց մասին իրենք չեն բարձրաձայնում, բայց ինքը բարձրաձայնում է. դրանք բանտում քրեական տարրերն են:
Նախաձեռնության անդամ Բագրատ Օհանջանյանն ասաց, որ իրենք ընդամենը մի բան են ուզում. տեղափոխել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին Ա կետից Բ կետ, Նուբարաշեն ՔԿՀ-ից Արմավիր ՔԿՀ, ոչ մի այլ բան: Ասուլիսից հետո մեր հարցերին պատասխանեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
– Պարոն Սաքունց, ի՞նչ սպասելիք ունեք այս ասուլիսից եւ առհասարակ:
– Սա հանրային կարծիք ձևավորելու, և նաև հիմնական հասցեատիրոջը հարցեր ուղղելու տարբերակ էր, և այն թյուր կարծիքը, որ իբր այս հարցը անտարբերության է մատնված, սխալ է: Անտարբերության չի մատնվել, պարզապես կան հարցեր, որոնք պետք է ճշգրիտ բարձրացնել: Այն պատճառները, որոնք վտանգ են ներկայացնում, դրանց մասին չբարձրաձայնելը կնշանակի անընդհատ նպաստել, որ այդ պատճառները և վտանգները մնան, և վտանգների առաջացման պատասխանատուները մնան անպատիժ: Այսինքն, կարևոր էր հիմնական այդ մեսիջը ուղղել հիմնական պատասխանատուին:
– Իսկ եթե այն մարմինները, որոնց դիմում եք, չեն արձագանքում դրական առումով, ի՞նչ կլինի:
– Չեն կարող չարձագանքել, ես ձեզ վստահեցնում եմ:
– Այսինքն այս հարցը լուծում ստանալո՞ւ է:
– Չեմ կասկածում, շատ կարևոր է ճշգրիտ հասցեագրել, հիմնավոր:
– Եվ ո՞վ է այդ ճշգրիտ հասցեատերը:
– Սերժ Սարգսյանը, իմ համոզմունքն է:
– Ժողովրդին ինչ-որ բան ասվո՞ւմ էր այս ամենով, ոտքի կանգնելու կոչ կարելի՞ է համարել:
– Չէ, մենք քաղաքական գործիչ չենք, որ ժողովրդին ոտքի կանգնեցնենք, զուտ որպես հասարակական կազմակերպություն իրազեկման խնդիր ենք բարձրացնում:
– Նուբարաշեն ՔԿՀ-ում «Սասնա ծռեր» խմբավորումից այլ մարդիկ էլ կան, ինչպե՞ս է նրանց վիճակը:
– Ես նշեցի, որ կան այլ մարդիկ, նրանց նկատմամբ ոչինչ չեն կիրառում, կոնկրետ այս մարդկանց դեմ են կենտրոնացած, քանի որ նրանց նկատմամբ ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված:
– Այսինքն, ստացվում է, որ ձեր նշած քրեական տարրերը ոստիկանների սպանության մեղադրանք առաջադրված մեղադրյալներին նկատմամբ փորձում են ճնշում գործադրել:
– Չկա այլ ձև, նախկին կրիմինալ ինստիտուտներ, և չեն էլ եղել: Նախկին քրեական աշխարհներն էլ են ազգային ՊԱԿ-ի հետ աշխատել, հիմա էլ: Շատ ակնհայտ է Բաղրամյան 26-ի կապը քրեական աշխարհի հետ, եթե Ռոբսոնը կարող է լինել ԱԳՆ խորհրդական, ինչո՞ւ չի կարող իր ներկայացուցիչներն էլ ունենալ ՔԿՀ-ներում:
– Իսկ ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ի՞նչ է անելու:
– Ինքը թող մտածի, հիմա արդեն անհատապես ֆիքսվեց իր պատասխանատվությունը, մինչև հիմա այդ կերպ չէր նշվել, հիմա արդեն իր վրա է:
Հ.Գ. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը, և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»: