Գյումրիում 3 տարի առաջ սպանված Ավետիսյանների հարազատներին մի շարք հարցեր են մտատանջում, դիմել են ՍԴ, ՄԻԵԴ
21:28, January 12, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրիում 3 տարի առաջ դաժանորեն սպանված Ավետիսյանների տան դուռն այսօր էլի բացվեց ու նորից փակվեց: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն ասում է, որ 3 տարի անց էլ չեն ստացել իրենց մտատանջող հարցի պատասխանը՝ ո՞րն էր յոթ հոգանոց ընտանիքի սպանության իրական պատճառը:
Հիշեցնենք՝ 2016 թվականին դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ նրան մեղավոր ճանաչելով Ավետիսյանների սպանության, ավազակային հարձակման և հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ: Անցած մայիսից Պերմյակովն իր պատիժը կրում է Ռուսաստանում:
Տիկին Ռիտան պնդում է, որ գործը կոծկելու հարցում մեծապես մեղավոր են Հայասատանի իշխանությունները՝ եթե ցանկանային, կարող էին դատարանում ապահովել այն ռուս զինվորականների ներկայությունը, որոնց ցուցմունքները կարող էին շատ հարցերի պատասխաններ տալ: Ավետիսյանների հարազատների «միակ հույսն» այժմ Եվրադատարանն է:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները 2 բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ դրանցից մեկը վերաբերում է սպանության փաստով հարուցված քրեական գործին, մյուսով էլ՝ ոչ նյութական վնասի փոխհատուցում են պահանջում Հայաստանից ու Ռուսաստանից: Քրեական գործով եվրադատարան բողոքը ներկայացրել է Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը: Վերջինս բողոքում Եվրոպական կոնվեցիայի մի քանի կետերի խախտումներ է թվարկել:
«Եվրոպական դատարան դիմումը ներկայացրել ենք երկու պետությունների դեմ՝ Հայաստանի և Ռուսաստանի: Երկու պետությունների դեմ էլ դիմումում հիմնավորումներ ենք ներկայացրել, որ և Հայաստանի Հանրապետությունը, և Ռուսաստանի Դաշնությունը խախտել են Արաքսյա Պողոսյանի և նրա երեխաների կյանքի իրավունքը երկու տարբեր մոտեցումներով:
Նաև գտնում ենք, որ քննությունն օբյեկտիվ չի իրականացվել, այսինքն՝ արդար դատաքննության իրավունքը, որպես էդպիսին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակում, խախտել է թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Սաքունցը:
Ոչ նյութական վնասի փոխհատուցման հայցն էլ ներկայացրել է Ավետիսյանների մյուս իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Հիշեցնենք՝ դատավարության ընթացքում փաստաբանները Ռուսաստանի Դաշնության դեմ հայց ներկայացրեցին՝ պահանջելով Ավետիսյանների իրավահաջորդներին 450 հազար եվրո վճարել որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Սակայն այդ հայցը մերժվեց:
Հիմա նրանք դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել Շիրակի մարզի դատարանի որոշումը, որով նրանց արգելվեց Ռուսաստանից փոխհատուցում պահանջել։ Մեկ անգամ մերժվելուց հետո 2-րդ հայցն արդեն ընդունվել է վարույթ և կքննվի մարտի 13-ին: