Դատավորները կանկախանան…, եթե պահանջեն կամ պատժվեն
15:44, October 12, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵթե Սասնա ծռերին «քաղաքական դատարաններն» են դատում «մեկ զանգով», ապա Եվրոպայի Խորհուրդն օգնում է իշխանությանը՝ արագացնել դատաիրավական բարեփոխումները, որ նույնկերպ գոնե իրենց չդատի հաջորդ քաղաքական իշխանությունը:
Այս առիթով զրուցեցինք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, բայց մինչ զրույցին անցնելը հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանում տրվեց «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մեկնարկը: Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագիրը նախատեսում է՝ աջակցություն իրավական ակտերի մշակմանը հետևյալ ոլորտներում և նպատակներով.
Դատական իշխանության և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգավորումներին առնչվող բարեփոխումներ, ինստիտուցիոնալ և կարողությունների ընդլայնմանն ուղղված աջակցություն Արդարադատության նախարարությանը, դատական իշխանությանը, Փաստաբանական պալատին, հաշտարարներին և արբիտրներին:
Ի՞նչ կտա այս ծրագիրը, եթե հաշվի առնենք, որ տարիներ շարունակ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներից հետո էլ պետությունը շարունակում է նույնկերպ և հիմքերով խախտել մարդու իրավունքները՝ շատ դեպքերում անտեսելով ՄԻԵԴ-ի նախադեպային մեկնաբանությունները:
Հետևանքը լինում է այն, որ պաշտոնյաների մեղքով ֆինանսական բեռ է դրվում հարկատուի վրա՝ ՄԻԵԴ-ի սահմանած ֆինանսական փոխհատուցումները վճարելու համար:
Այս պարագայում արդյո՞ք վիրահատական միջամտության կարիք չկա և, ինչպե՞ս վարվել այն պաշտոնյաների հետ, ովքեր իրենց հակաօրինական ակտերը կայացնելուց հետո արդեն անցել կամ դեռ չեն անցել թոշակի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը, պատասխանելով «Lakmoes.am»-ի և «Azatutyun.am» ռադիոկայանի հարցերին՝ ասաց.
–Ճիշտն ասած՝ վիրահատական միջամտություն ասածը ես մի փոքր տարօրինակ եմ համարում, որովհետև դա իշխանությունների տարանջատման սկզբունքն է, որը, ցավոք, Սահմանադրությամբ, հատկապես վերջին փոփոխություններով զրոյացվեց…
Փոխանակ լուծելու առկա խնդիրները, էլ ավելի խորացրեցին, էլ ավելի մեծացավ, արդեն՝ սահմանադրական մակարդակով, դատական իշխանության կախվածությունը օրենսդիր մարմնից՝ անունով, բայց բովանդակությամբ՝ գործադիր մարմնից…, որովհետև կայուն քաղաքական մեծամասնությունն է որոշիչ դեր ունենալու դատարանների ձևավորման գործում: Իսկ դա ուղղակիորեն հակասում է դատական իշխանության անկախության սկզբունքին, որի երաշխիք է հանդիսանում դատարանների ինքնակառավարումը… Իրենք են որոշելու վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանների նախագահներին: Ըստ էության դատական իշխանության ոտնահարման դրույթներ են ամրագրված:
Այս ծրագրերն…անընդհատ հուշում են, որ կան այսպիսի խնդիրներ, որոնք պետք է ամրագրվեն առնվազն Սահմանադրության մեջ:
Երկրորդ իմաստը բովանդակությունն է. դատավորների, դատական իշխանության բովանդակային զարգացումն է, որպեսզի ներքին պահանջ ձևավորվի:
Մենք հիշում ենք՝ երբ որ նախկին օմբուդսմենի կողմից երբ որ տարածվեց դատական իշխանության մասին հատուկ զեկույցը, ինչպիսի էր արձագանքը դատավորների, դատական իշխանության: Բացարձակապես որևէ քննարկում, հարցադրում տեղի չունեցավ…Օմբուդսմենի կողմից այնպիսի հարցեր էին բարձրացված, որոնք բոլորին հայտնի են:
Այսինքն այստեղ կա փոքր-ինչ հույս՝ մասնագիտական արժանապատվության տեսակետից, գործի նկատմամբ պատասխանատվության տեսակետից և, ընդհանրապես, դատական իշխանության հեղինակության տեսակետից, որ այդ գիտակցությունը գոնե մի պահի կգա, որովհետև առանց ներսի պահանջարկի չեմ պատկերացնում, որ փոփոխություն հնարավոր է:
–Մեկ զանգով կայացվող դատական ակտեր ունե՞նք.Դուք հետևում եք աղմկահարույց գործերին՝ Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա Ծռերի …
–Քաղաքական հետապնդումների, քաղաքական դատավարությունների այդ փաստը հանդիսանում է հենց դատական իշխանության՝ որպես անկախ իշխանության բացակայության ուղղակի հիմնավորումը: Եվ դա աքիլլեսյան գարշապարն է, որով փաստվում է քաղաքական իշխանությունից դատական իշխանության կախվածությունը, որովհետև հակառակ պարագայում, եթե դատարանը լիներ անկախ, ընդհանրապես այդ գործերը չպետք է քննվեին՝ ոչ Շանթ Հարությունյանը և իր ընկերները պետք է դատապարտված լինեին, Գևորգ Սաֆարյանն ընդհանրապես չպետք է ազատազրկման դատապարտվեր, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ աբսուրդ քրեական գործի հարուցումը Ներսես Պողոսյանի հետ միասին, Սամվել Բաբայանի, Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որը հիշես…
-Ինչպե՞ս պատասխանատվության դաշտ բերել հակաօրինական դատական ակտեր կայացրած՝ թոշակի անցած կամ դեռ չանցած պաշտոնատար անձանց:
–Եվրոպական դատարանն իր որոշումերով գնահատական է տալիս Հայաստանի Հանրապետության դատական իշխանության վիճակին, որը կարող է որպես ուղեցույց, ուղենիշ օգտագործվի…Թե հիմա Հայաստանի Հանրապետության իշխանություններն ինչքանով են ունակ հասկանալու այդ գնահատականները և իրականացնելու դրանք՝ ես չգիտեմ: Բայց փաստը մնում է փաստ, որ մենք այն երկրների թվում ենք, որոնք ՄԻԵԴ-ի որոշումների կատարման առումով թերանում են… Եվրոպական դատարանի որոշումներում տրվում են գնահատականներ համակարգային խնդիրների վերաբերյալ, որոնց հիման վրա օրենսդրությունը, պրակտիկան պետք է փոխվի…
Կարելի է ասել, մեր իշխանության ընկալունակության համար անհրաժեշտ է 10 տարի… Այսինքն ամեն խնդրի համար տասը տարի պետք է չարչարվել, անընդհատ Եվրոպական դատարան դիմել, որպեսզի գոնե այդ ֆինանսական փոխհատուցումների ազդեցությամբ ստիպված լինեն բովանդակային փոփոխություն կատարել:
Խնդիրն այն չէ, որ չեն հասկանում, լավ էլ հասկանում են, բայց այդ փոփոխությունները հակադրվում են իրենց իշխանության շահերին:
–Բայց այդքան երկար ժամանակ էլ չունեն սպասելու, քանի որ պետությունն այժմ ֆինանսական լուրջ խնդրի առաջ է:
–Այս ծրագրերը խոսում են այն մասին, որ նրանք առայժմ անհուսալիորեն կորած, տգետ, անգրագետ չեն: Այնուամենայնիվ հասկանում են, որ եթե ընդհանրապես հրաժարվեն դատական իշխանության նշանակությունը արժևորել, ապա ընդհանրապես իրենք կհայտնվեն մի այնպիսի վիճակում, որ այլևս ոչ ոք չի կարող նրանց այդ վիճակից փրկել, որովհետև ի վերջո իրենք են պատասխանատվության ենթարկվելու նույն այդ դատական իշխանության կողմից:
Պետք է շահագրգռված լինեն, որ լինի արդարադատություն, որպեսզի նաև իրենց արդարադատության շահերից մոտենան իրենց այն գործողություններին, որոնք հանրությունն արձանագրում է, ներկայացվում է:
Եվ կարծում եմ, որ դատական իշխանության անկախությունը կարևոր երաշխիք է նաև այսօրվա քաղաքական իշխանություն իրականացնողների համար, որպեսզի նրանք իրենց կոռուպցիոն, քրեական, պետական հանցագործությունների համար կանգնեն արդարադատության առջև և ոչ թե հաջորդ քաղաքական իշխանության շահերի կամ որոշումների շրջանակում հայտնվեն:
Չեմ կարծում, որ ժամանակ ունեն, որովհետև հենց այսօրվա տնտեսական, սոցիալական, անվտանգության, բոլոր բնագավառների հարցերը պայմանավորված են հենց դատական իշխանության անկախության բացակայությամբ: Որովհետև խախտումները, խնդիրները, տարբեր իրավահարաբերությունները, երբ որ չեն լուծվում, լուծվում են դատական իշխանությամբ, երբ որ դա էլ չի լինում, խնդիրները կուտակվում են:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս պատժել արդեն թոշակի գնացած պաշտոնյաներին:
–Քաղաքացին ինքը կարող է ռեգրեսիվ հայցով կոնկրետ անձի դեմ դատական պրոցես սկսել:
-Թե՞՝ պետությունը…
–Չէ: Քիչ է, որ պետությունը պահանջում է, որ նրանք ընդունեն հակաիրավական որոշումներ, հետո էլ նրանց ասի՝ ես սխալ եմ պահանջել, հիմա էլ պիտի պատասխանատվություն կրեք իմ սխա՞լի համար: Այդ դեպքում մեծ աղմուկ կբարձրանա:
Տվյալ դեպքում քաղաքացին պետք է ռեգրեսիվ հայցով մտնի կոնկրետ անձանց դեմ, օրինակ՝ վճռաբեկ դատարանի նախագահի դեմ: Ես կարծում եմ, որ Եվրոպական դատարանի բոլոր որոշումներով, ում իրավունքը Եվրոպական դատարանը ճանաչել է խախտված, բոլորը պետք է վճռաբեկ դատարանի նախագահներին, ովքեր որ եղել են, ռեգրեսիվ պահանջ ներկայացնեն:
-Բայց հաջողություն կունենա՞ն:
–Եթե հաջողություն չունենան, նորից կդիմեն Եվրոպական դատարան: