Որտեղի՞ց ընտրացուցակներում 358.228 ընտրողը. ԱՎԾ-ի եւ Ոստիկանության թվերը հակասական են
11:08, November 12, 2015 | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններ«ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 10 հազար 600 մարդ է հաշվառված Հայաստանում: Նույն տվյալներով՝ բնակչության 25-ից 30 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկանները: Այսինքն՝ ընտրողները 70-75 տոկոսն են կազմում: Ընտրողների թիվն, ըստ ԱՎԾ-ի, պետք է լինի 2 միլիոն 197 հազար 738: Այսինքն՝ մենք վերցնում ենք 70-75 տոկոսից միջինը՝ 73 տոկոսը, նույնիսկ կարող ենք վերցնել 70 տոկոսը, ենթադրենք ամենաբարձր թիվը: Այնուամենայնիվ չի ստացվում այն թիվը, որը հաղորդում է ԿԸՀ-ն, մասնավորապես՝ 2 մլն 552 հազար 243 մարդ: Տարբերությունը կազմում է մոտ 358 հազար 228 ընտրող: ԿԸՀ-ն թվերը ստանում է ոստիկանության հրապարակած թվերից: Սա է մեր ասածը»,- այս թվերն այսօր «Մեդիա կենտրոն»-ում ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վաչության պետ Մնացական Բիչախչյանն առաջարկում է տարանջատել բնակչության պետական ռեգիստրը, որը վարում է ոստիկանությունը եւ ազգային վիճակագրական ծառայությունը: «Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, որ վիճակագրական ծառայությունն այլ մարմին է, ԱՎԾ-ն կատարում է այլ գործ, աշխատանք, իսկ ոստիկանությունը կատարում է այլ աշխատանք»,- ասաց Մնացական Բիչախչյանը եւ հղում կատարեց ոստիկանության ռեգիստրին, որի համաձայն 2015 թվականի նոյեմբորի 4-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում կա 3 միլիոն 317 հազար 965 հաշվառված բնակիչ:
Սաքունցը նշում է, որ ԱՎԾ-ի կողմից ստացվող տվյալների մի մասը տրամադրում է ոստիկանությունը.«Մենք հիմա ընդունում ենք, որ պետական ռեգիստրը վարող մարմինը գտնում է, որ վիճակագրական ծառայության տվյալները ճիշտ չեն կամ մենք գտնում ենք, որ պետական ռեգիստրի տվյալները ճիշտ չեն: Երկուսն էլ պետական մարմին են: Հիմա Ոստիկանության անձնագրային վարչության պետը հայտնում է, որ իրենց տվյալներն են առավել ճիշտ: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է գերադասեմ այս տեղեկատվության աղբյուրը մեկ այլ տեղեկատվության աղբյուրից, որովհետեւ երկուսն էլ տեղեկատվության պետական աղբյուրներ են: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ՀՀ քաղաքացին կամ պետք է ուղեղային կարճ միացում տա կամ պետք է ելնենք երկու տվյալից»,- հակադարձում է Արթուր Սաքունցը:
«Եթե կգտնեք որեւիցե համայնքում, որեւիցե մի ընտրատեղամասում, որեւիցե մի տեղ որտեղ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց թիվը կազմում է, պայմանական ասենք 1300 եւ դրանից բարձր է ընտրողների ցուցանիշը, եկեք նստենք կլոր սեղանի շուրջ, դա համարենք անճշտություն եւ քննարկենք՝ ինչպես պատահեց, որ բնակչության պետական ռեգիստրում անձը հաշվառվել է նշված հասցեում այսքան քանակությամբ եւ ընտրողների ցուցակն ավելի մեծ է»,- առաջարկում է անձնագրային եւ վիզաների վարչության պետը:
Աղբյուրը՝ armtimes.com
Տես նաև՝ galatv.am