«Պետք չէ բուն խնդրից հասարակության ուշադրությունը շեղել դեպի չարագործությունը կատարողի էթնիկական պատկանելությունը»
15:16, January 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատականը՝ Գյումրիում կատարված ոճրագործության մասին «Պետք չէ բուն խնդրից հասարակության ուշադրությունը շեղել դեպի չարագործությունը կատարողի էթնիկական պատկանելությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Խոսքը երեկ Գյումրիում կատարված ոճրագործության մասին է, որի ժամանակ դաժանաբար սպանվել են Ավետիսյանների ընտանիքի անդամները: Հանցագործության մեջ կասկածվողը ռուսական բազայի զինծառայող, ազգությամբ ռուս Վալերի Պերմյակովն է: Կասկածյալի անձի շուրջ որակումները հայ հասարակության գնահատականներում առավել շատ կենտրոնացվում են նրա ազգության՝ ռուս լինելու վրա:
«Ճիշտն ասած՝ մեր հասարակության մեջ միշտ էլ որոշ խմբեր կան, որոնք նման տիպի հանցագործությունները էթնիկ պատկանելությանն են որակում: Ես պատկերացնում եմ՝ եթե հանցագործը էթնիկ պատկանելությամբ թուրք լիներ, ինչ երանգներ կտային,- ասում է Արթուր Սաքունցը եւ ավելացնում:- Հանցագործություն կատարողին ըստ ազգային, էթնիկ կամ կրոնական պատկանելության գնահատելը սխալ է, շահարկման նպատակ ունի»: Պարոն Սաքունցը շեշտադրում է՝ խնդիրը պետք է այլ տեղ որոնել:
«Ունենք ռուսական բազա, որի հետ շատ հանցագործություններ կան կապված՝ հայ-թուրքական սահմանով հայ քաղաքացիների ունեցվածքի դուրսբերումը՝ թվով հիսուն խոշոր եղջերավոր անասունների դուրսբերում, որոնք տարվել են Թուրքիա եւ այնտեղ կորել են: Այս դեպքը պատշաճ քննության չի ենթարկվել: Երբ ռուսական բազայի զինվորները դուրս էին եկել, կրակոցներ էին եղել, եւ մարդիկ սպանվել էին, այդ դեպքն էլ դեռ չի բացահայտվել: Կա նաեւ վարկած, որ Լոռու մարզի դատախազի սպանությունը կատարողը, ըստ նկարագրության, շեկ է եղել եւ այլն եւ այլն, եւ կարող է լինել ռուսական բազայից: Նաեւ զորավարժություններից մնացած ականներից անչափահաս երեխաների մահը… այդ ժամանակ էլ պատշաճ քննություն չեղավ: Նույն Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ռուս սահմանապահների պահվածքը, որը նույնպես քննության առարկա չդարձավ… Սրանք հանցագործություններ են, որոնց կատարողները չեն բացահայտվել, եւ անմիջական կապ ունեն ռուսական բազայի հետ: Կամ այսօրվա դեպքի հետ կապված՝ իմացա, որ ռուսական բազայի զինվորները զինված մասնակցում են Գյումրիում օպերատիվ հետախուզական աշխատանքներին: Դա չլսված բան է, այդ ի՞նչ կարգավիճակով են նրանք մասնակցում դրան, ո՞վ է իրավունք տվել, որ ռուսական բանակի զինված զինվորը դուրս գա բազայից եւ ուրիշ երկրում հետախուզությանը մասնակցի»,- ասում է Արթուր Սաքունցը:
Նա համոզված է, որ այս խնդիրները հայաստանյան իշխանությունների կողմից ռուսական բանակի նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք են: «Ռուսական բանակի նկատմամբ մոնիտորինգը եւ վերահսկողությունը Հայաստանի իշխանությունների կողմից, ես կարող եմ ասել՝ գտնվում են շատ թույլ վիճակում: Մենք շատ քիչ տեղեկություններ ունենք ռուսական բազայից՝ ի՞նչ կանոնադրական հարաբերություններ ունեն, ի՞նչ դրույթներ: Դա նշանակում է, որ շատ թույլ է իրենց վերահսկողությունը: Պետք է Հայաստանի իշխանություններն իրենց պահանջները ռուսական բազայի նկատմամբ այնքան խստացնեն, որ նրանք էլ իրենց կողմից իրենց ենթակաների համար պահանջները խստացնեն: Բայց հիմա ես տեսնում եմ, որ նույն ռուսական բազայի զինվորները Կալաշնիկով ավտոմատով մասնակցում են որոնողական աշխատանքներին, ի՞նչ երաշխիք, որ նրանցից մեկը չի կրակի,- ասում է Արթուր Սաքունցը եւ նորից շեշտում, որ ոճրագործի էթնիկական պատկանելությունը հանցագործության հետ կապ չունի, եւ պետք չէ մարդկանց ուշադրությունը շեղել կարեւորից: Ռուսական բազայից հանցագործը կարող էր ոչ թե էթնիկ ռուս լինել, այլ բաշկիր, չեչեն, բելառուս կամ նույնիսկ հայ»:
Աղբյուրը՝ www.aravot.am