Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը քաղաքացու գրությունների պատասխանները դատարան չներկայացրեց. նրա պնդմամբ՝ դրանք առկա չեն
19:36, February 13, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. փետրվարի 13-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ` դատավոր Ա. Ավագյանի, շարունակվեց Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի հայցի քննությունը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր 2016 թ. հունիսի 2-ի դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետարանի՝ վարչական վարույթ չհարուցելու, չիրականացնելու և վարչական ակտ չկայացնելու գործողությունները:
Նախնական դատական նիստին ներկա էին հայցվոր Ա. Թանգիյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմեն Կիրակոսյանը: Դատական նիստին չէր ներկայացել գործով որպես երրորդ անձ ներգրավված «Գարհար» ՍՊԸ-ի ներկայացուցիչը, և քանի որ դատարանի կողմից ուղարկված ծանուցումները հետ էին վերադարձվել, դատական նիստը շարունակվեց վերջինիս բացակայությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը պարտավորեցրել էր Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ ներկայացնելու քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վարույթի նյութերը: Ներկայացված գրությունները, սակայն, ինչպես հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նկատեց, հայցի հիմքում ընկած ահազանգերին չէին վերաբերում:
Դրա վերաբերյալ դատարանի հարցին ի պատասխան՝ Ա. Կիրակոսյանի ներկայացուցիչը հայտնեց, որ այլ նյութեր առկա չեն:
Կողմերն այլ ապացույցներ չներկայացրին և հայցի առարկայի ու հիմքերի վերաբերյալ այլ լրացումներ չկատարեցին:
Նախագահող դատավոր Ա. Ավագյանը գործը համարեց դատաքննության նախապատրաստված: Դատաքննության նիստի օրվա և ժամի մասին կողմերը կծանուցվեն: