Ֆեյսբուքյան խոսակցությունը նոր ընթացք կարող է տալ 2-ամյա Լիայի մահվան գործին
18:21, March 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով ի հայտ է եկել նոր ապացույց, որը հավաստում է այն մասին, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին փոքրիկ Լիայի մեզի եւ կղանքի անալիզ չի արվել, քանի որ լաբորատորիան չի աշխատել եւ հերթապահ բժիշկ Իրինա Մամյանը տնից է հերթապահություն իրականացրել: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ միջնորդելով վերսկսել դատաքննությունը եւ որպես վկա հարցաքննել բժշկուհու եղբորը՝ Սերգեյ Մամյանին, որը, նրա խոսքով, գործի հանգամանքների վերաբերյալ էական նշանակություն ունեցող տեղեկության է տիրապետում:
Արթուր Սաքունցի խոսքով՝ դատաքննությունը ավարտվելուց հետո՝ 2015թ. հունվարի 28-ին, տուժողի իրավահաջորդ Գեորգի Մինասյանի եղբայրը՝ Անդրեյ Միսակյանը, որը նույնպես ներգրավված է գործում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Լիա Միսակյանի մահվան հանգամանքների շուրջ խոսակցություն է ունեցել նույն սոցցանցի օգտատեր Սարգիս Մամյանի հետ: Վերջինը երկխոսության ընթացքում հայտնել է, որ հերթապահող բժշկուհին իր քույրն է եղել՝ Իրինա Մամյանը, եւ ինքն ամեն ինչից տեղյակ է:
«Հունվարի մեկին շատ դժվար է բուժօգնություն ցուցաբերել, դա բժիշկի մեղավորությունը չի, դա հիվանդանոցի հարցն ա, որ լաբորատորիաները չեն աշխատել ու այդ օրով հերթապահ բժիշկ են նշանակել անփորձ մեկին»,- գրել է հերթապահող բժկուհու եղբայրը:
Տուժողի իրավահաջորդի պաշտպանը նշեց, որ անհրաժեշտ է վերսկսել դատաքննությունը, քանի որ դատական վիճաբանությունների փուլում կողմը չի կարող հղում անել ապացույցներին, որոնք դատաքննության փուլում չեն հետազոտվել:
Մեղադրող Դավիթ Կարապետյանը եւ գործով ամբաստանյալ, բժշկուհի Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նույնպես միջնորդեցին վերսկսել դատաքննությունը՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ Լիա Միսակյանի վիճակը ցույց տվող՝ հոր կողմից արված տեսանյութը հետազոտելու նպատակով:
Դատարանը որոշեց տեսանյութը հրապարակել որպես գործի նյութ միայն, ոչ թե ապացույց, որի ժամանակ մահացած 2-ամյա Լիա Միսակյանի հայրը խնդրեց դուրս գալ:
«Լսեք, պրծեք, նոր ինձ կանչեք, ինձ հաճելի չի էդ նորից նայել, էդ ձայնը լսել»,- դատարանի դահլիճից դուրս գալով ասաց Գեորգի Միսակյանը:
Ներկայացված միջնորդությունները կքննարկվեն հաջորդ դատական նիստին՝ մարտի 27-ին:
Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Աղբյուրը՝ news.am
Այս մասին նաև՝ www.pastinfo.am