Ոչ միայն հակաիրավական է, այլև՝ անմարդկային. իրավապաշտպանը՝ սպանված զինվորների ծնողների նկատմամբ կիրառված բռնությունների մասին
18:17, May 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍպանված զինվորների ծնողների նկատմամբ ոստիկանների կողմից նման վերաբերմունքը ոչ միայն հակաիրավական եմ գնահատում, այլև կարծում եմ, որ ուժի կիրառումը անմարդկային վերաբերմունք է նրանց նկատմամբ: Սա այն իրավիճակն է, որն ամբողջովին բնութագրում է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով այսօր նախագահականի դիմաց բողոքի ակցիա իրականացնող որդեկորույս մայրերի նկատմամբ իրականացված բռնություններին:
Իրավապաշտպանը կարծում է, որ ոստիկանների նման պահվածքի պատճառը նախորդ բողոքի ակցիաներն են:
«Նախորդ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ հնարավոր է եղել մոտենալ և ճաղերի հետևից հարցեր ուղղել անձամբ Սերժ Սարգսյանին: Դրանից հետո է, որ ոստիկաններն ավելի խիստ են մոտենում ծառայության ընթացքում սպանված զինծառայողների հարազատների բողոքի ակցիաներին»,- ասաց Արթուր Սաքունցն՝ ընդգծելով, որ կարող է պնդել, որ նման վերաբերմունքը Սերժ Սարգսյանի հրահանգի հետևանքն է, ում դուր չի գալիս, երբ իրեն անհարմար հարցեր են ուղղում, որոնց պատասխանները ինքը ոչ թե չունի, այլ չի ուզում գտնի:
«Սերժ Սարգսյանը, պատասխանատու լինելով իրավապահ մարմինների բնականոն գործունեության ապահովման համար, համապատասխան հրահանգներ ու պահանջներ պետք է ներկայացնի այդ մարդկանց երեխաների սպանության գործերի բացահայտման ուղղությամբ, բայց մենք տեսնում ենք, որ դա չի արվում»,- նկատեց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ոստիկանությանն օգտագործում է իր անձնական ապահովության ու անձնական հանգիստն ապահովելու համար և նման բռնության գործադրումը որդեկորույս մայրերի նկատմամբ պայմանավորված է հենց այդ հրահանգի բովանդակությունից ու տրամաբանությունից:
«Մյուս կողմից՝ ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր կատարում են նման ապօրինի հրամանները, իրենք ևս անմիջականորեն պատասխանատվություն են կրում ՀՀ քաղաքացու նկատմամբ գործադրվող բռնությունների համար: Որևիցե արդարացում կամ հղում, թե հրաման են կատարում, չի կարող ընդունելի լինել»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իրավապահ համակարգն ուղղված է ոչ թե հանցագործությունները բացահայտելու, այլ հանցագործությունների բացահայտմանն ուղղված հանրային պահանջները ճնշելու նպատակով:
«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նույնպես դատապարտեց նման երևույթները:
«Շատ ցավալի է: Ես միշտ դատապարտել եմ ոստիկանների կողմից ուժի կիրառումը բողոքի ակցիաների ժամանակ, մանավանդ, երբ այդ ակցիայի մասնակիցները որդեկորույս ծնողներն են»,- նշեց նա` հավելելով, որ անկախ ամեն ինչից, նրանց հանդեպ վերաբերմունքը շատ ավելի զգույշ պետք է լինի:
Ազատամարտիկը` չցանկանալով գնահատականներ տալ ոստիկանների արարքին, քանի որ ամբողջովին ծանոթ չէ իրավիճակին, այնուամենայնիվ, հետևյալ կոչն արեց նրանց.
«Այսօր դա նուրբ ու խոցելի դաշտ է: Յուրքանչյուր որդեկորույս մայր ամեն սպայի մեջ իր որդուն է տեսնում: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին նման կարգավիճակ ունեցող մարդկանց հանդեպ ավելի զգույշ լինել»,- եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը:
Աղբյուրը՝ www.news-book.am