Ի՞նչ կարող է փոխել արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդը
12:24, June 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հունիսի 3-ի հրամանով` նախարարին կից ստեղծվել է հանրային խորհուրդ: Հաստատվել է խորհրդի կազմը՝ քաղաքացիական հասարակության 22 ներկայացուցիչներով:
Ինչպիսի՞ մարմին է հանրային խորհուրդը, ի՞նչ լիազորություններ են ունենալու անդամները, ինչպե՞ս է աշխատելու խորհուրդը: Նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեռ խորհրդի առաջին նիստը չի գումարվել, հաստատվել է կազմը և աշխատակարգը: Ըստ աշխատակարգի` հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է: «Հիմնական նպատակն է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետներն հասու դարձնելու միջոցով արդարադատության նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելուն աջակցելը»,- նշված է խորհրդի աշխատակարգում:
Խորհրդի կազմում իրենց համաձայնությամբ ընդգրկվել են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, ճանաչված գործիչներ: Նիստերը գումարվելու են ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է գումարվել նախարարի կամ խորհրդի անդամների առնվազն 7 անդամների նախաձեռնությամբ: Նիստերին կարող են հրավիրվել ինչպես նախարարության, այնպես էլ այլ պետական մարմինների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նիստերը դռնբաց են: Նախարարի առաջարկությամբ խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ կարող է որոշել առանձին հարցեր քննարկել դռնփակ: Խորհրդի անդամն իրավունք ունի ներկայացնելու հարցեր, որոնք կարող են ընդգրկել օրակարգում, ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք, մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը: Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են` իր դիմումի համաձայն, արդարադատության նախարարի հրամանով։
«Հետքը» զրուցեց հանրային խորհրդի մի քանի անդամի հետ՝ պարզելու, թե ինչ առաջնահերթություններ են տեսնում՝ ընգրկվելով խորհրդի կազմում:
«Արդարադատության ոլորտում խնդիրների պակաս չկա»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, եթե նոր նախարարն առաջարկում է համագործակցել, ապա անիմաստ կլիներ հրաժարվել:
«Եթե նախարարը ցանկություն է հայտնել գնալ երկխոսության, լսել հանրության ձայնը որոշումներ կայացնելիս, ապա միայն ողջունելի է՝ հաշվի առնելով նաև այն, որ Հովհաննես Մանուկյանը վստահության ռեսուրս ունեցող անձնավորություն է դեռ Վճռաբեկ դատարանի նախագահ եղած տարիներից: Կոնկրետ իմ շարժառիթը՝ արդարադատության ոլորտում հնարավորություն տեսնել փոխելու իրավիճակը, քանի որ այստեղ խնդիրների պակաս չկա: Վերջապես որոշում կայացնողները նախարարությունում են: Ե՛վ համակարգային փոփոխությունների առաջարկություններ ունենք, և՛ կոնկրետ քրեակատարողական ոլորտին առնչվող»:
«Բարոյական իրավունք չունեմ մտածելու, որ սա գալչկայի համար է արվում»Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի, քրեակատարողական ոլորտում համակարգային փոփոխություններից առաջնայինն այն է, որ ՔԿՎ պետին չնշանակի երկրի նախագահը, այլ արդարադատության նախարարը, քանի որ ՔԿՎ-ն գտնվում է ԱՆ կազմում, սակայն նախարարը ՔԿՎ պետին ո՛չ նշանակելու, ո՛չ էլ ազատելու լիազորություն չունի:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ևս ընդգրկվել է խորհրդում:
Արշակ Գասպարյանը խորհրդում բարձրաձայնելու է քրեական արդարադատության ու բանտային բարեփոխումներին առնչվող հարցեր՝ պատժողական համակարգից անցում վերականգնողականի, քրեակատարողական համակարգի աշխատակիցների ուսուցման, պրոբացիայի համակարգի ներդրման խնդիրներ և այլն:«Սա նորույթ չէ, հանրային խորհուրդ կար նաև նախորդ նախարարին կից, որի կազմում նաև մեր ՀԿ-ն էր ընդգրկված, ունեինք հաստատված օրակարգ, որով աշխատում էինք: Պարզապես հիմա այն ավելի հրապարակային դարձավ: Բարոյական իրավունք չունեմ մտածելու, որ սա գալչկայի համար է արվում, քանի որ նոր նախարարը քայլ է անում դեպի հասարակական սեկտորը, պատրաստ եմ, ինչպես ասում են, թևերս քշտել ու անցնել գործի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահը:
«Մենք ունենք կոնկրետ առաջարկություններ»
Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին դարձյալ նախարարությունից դիմել են՝ առաջարկելով ընդգրկվել հանրային խորհրդի կազմում:
«Մենք մտորում էինք՝ արդյոք արժե, թե այդ ամենը ձևական բնույթ է կրելու: Այդպես էլ վերջնական եզրակացության չեկանք: Բայց երբ նոր նախարարը նորից նախաձեռնեց ստեղծել հանրային խորհուրդ, դարձյալ մեզ դիմեցին, ասացինք, որ կարող ենք դիտորդի կարգավիճակով միանալ, բայց նման կարգավիճակ նախատեսված չէր: Նորից քննարկեցինք կազմակերպությունում ու այս անգամ որոշեցինք փորձել մաս կազմել խորհրդին»,-ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Հայտնի, հետաքրքիր, բանիմաց մարդիկ կան խորհրդում»Նա ավելացրեց, որ եթե խորհուրդը ձևական բնույթ ունենա, միշտ էլ կարելի է դուրս գալ կազմից: «Կփորձենք բարձրաձայնել այն հարցերի մասին, որոնք արդարադատության ոլորտում առկա են և որոնց շուրջ ունենք կոնկրետ առաջարկություններ: Եթե այդ հարցերը կարողանանք որոշ չափով առաջ տանել, հասնել դրաց լուծումների, ապա կհամարենք, որ հանրության ձայնը տեղ հասավ»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Նշելով ոլորտի խնդիրները՝ նա առանձնացրեց դրանցից մի քանիսը: Դատապարտյալների իրավունքներ, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ, որն, ըստ իրավապաշտպանի, բացարձակապես արդյունավետ չէ, ՔԿՀ-ներում հիերարխիկ հարաբերությունների մեղմացում, կոռուպցիայի վերացում բանտերում, ցմահ ազատազրկվածների հարցերով կոնկրետ օրենսդրական առաջարկներ՝ պատժաչափերի հնարավոր վերանայում, հատուկ վերաբերմունք ցմահ դատապարտված երիտասարդներին՝ երիտասարդների արդարադատության օրենսդրական նորմերի ընդունմամբ:
«Իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գերոգի Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ երբ եղավ առաջարկ, իրենք համաձայնեցին աշխատել ԱՆ-ի հետ՝ գտնելով, որ հանրային խորհուրդը երկխոսություն է պետական մարմնի ու հասարակական սեկտորի միջև:
«Այն, կարծում եմ, առավել շատ ինտերակտիվ հնարավորություն կտա լսելու հասարակական կարծիքը այս կամ այն հարցի շուրջ: Կկարողանանք առավել արագ ու արդյունավետ բարձրացնել այն հարցերը, որոնք նախարարության տիրույթում են: Նախարարությունն էլ կօգտվի անդամների ներուժից: Եթե անդամների կազմը նայեք, կտեսնեք, որ բավականին հայտնի, հետաքրքիր, բանիմաց մարդիկ են, որոնք լուրջ մասնագիտական փորձ ունեն»:
Աղբյուրը՝ hetq.am