Ոստիկանապետի խորհրդականի ցանկացած հրապարակային խոսք վերագրվում է ոստիկանությանը
12:39, July 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀուլիսի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Խոսքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի մասին է:
Ելենա Օսյանիկովան հունիսի 23-ի ցույցի մասնակիցների մեկն է, ում այդ օրը դեմ առ դեմ հանդիպել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և պահանջել հեռանալ՝ պատճառաբանելով, որ բոլոր ոստիկանները սեքսուալապես ցանկասեր են, իսկ նա քայլում է նրանց առջև և խանգարում աշխատել, ապա Օվսյանիկովային մոտեցել են մի քանի տղամարդ՝ քաշքշել նրան, ինչից հետո կինը ստիպված է եղել հեռանալ:
Սրան հաջորդել է Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը, որով հավաստիացրել է, թե Օվսյանիկովայն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել Բաղրամյան պողոտայում գտնվող բոլոր ոստիկաններին:
Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Ելենա Օվսյաննիկովան սուտ և զրպարտանք էր որակել խորհրդականի հայտարարությունը:
Ելենա Օվսյաննիկովան երկու անչափահաս երեխաների մայր է, ամուսինը՝ ծագումով երևանցի Հարութ Մուրադյանն է, ով և միջադեպից հետո դիմել է ՀՔԱ Վաբաձորի գրասենյակ: Մոսկվաբնակ ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության:
«Շղթա կազմած և մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին ես հետևյալն եմ ասել՝ մարդի՛կ, առաջին հերթին լսեք ձե՛զ: Եթե ձեզ նորից հրաման տան մահակներով, վահաններով ու ջրցան մեքենաներով գնալ մարդկանց դեմ, առաջին հերթին հիշե՛ք, թե դուք ով եք, ակա՛նջ դրեք ձեր խղճին ու սրտին, այսպիսի խոսքերով եմ դիմել ոստիկաններին», Ազատությանը պատմել է Օվսյաննիկովան՝ նշելով, որ իր այս խոսքերից հետո է ոստիկանությունն իրեն մեղադրել է սադրիչ գործողություններ կատարելու մեջ՝
«Այդ պահին շղթա կազմած ոստիկանների թիկունքից դուրս եկավ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և ասաց՝ հեռացե՛ք, դուք սադրում եք ոստիկաններին: Ասացի՝ ինչպե՞ս: Այդ ժամանակ փոխոստիկանապետը բացառիկ մի բան ասաց՝ գիտեք, մեր բոլոր ոստիկանները սեքսի պակաս ունեն, իսկ դուք այստեղ նրանց առջև քայլում եք: Եվ սա ինձ ասում է բարձրաստիճան ոստիկանը»:
Սա դեռ բոլորը չէ, սրան հաջորդել է Ոստիկանապետի խորհրդականի գրառումը Ֆեյսբուքում, որ Ելենա Օվսյաննիկովան դեռ հունիսի 22-ից գտնվել է իրենց ուշադրության ներքո:
«Սա գնում գալիս, մոտենում էր զորքին, կանգնում էր զինվորների դեմ դիմաց ու զինվոր առ զինվոր նույն անգիր արած տեքստն էր ասում. – «Տղամարդու համար ավելի հաճելի գործեր կան, առաջարկում եմ թողնես ամեն բան ու մենք միասին զբաղվենք սեքսով», թեման զարգացրել է ոստիկանապետի խորհրդականը,-
Տղաները չէին պատասխանում, բայց տեղեկացնում էին, որ մի անբարոյական կա, գալիս սեքս է ուզում անի բոլորի հետ: Երբ հունիսի 23-ին երեկոյան հերթական անգամ սա ընկերուհու հետ մոտեցավ զորքին ու սկսեցին նույն տեքստերը ասել, սպաներից մեկը բարկացավ հայհոյեց ու ասեց մյուս անգամ եթե մոտենա զորքին նրա սեքսուալ ֆանտազիաները ամբողջ զորքը սիրով կիրականացնի, առավել ևս, որ տղաները դրա կարիքը ունեն»:
Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը Օվսյաննիկովայի մասին պարզել է նաև.
«Պարզվեց, որ սա, համաշխարհային մասշտաբի պրոֆեսիոնալ խառնակիչ է: Սա հակապուտինիստ է, ով իսկույն այցելում է այնտեղ, որտեղ հնարավոր է որևէ հակառուսական ցույց կազմակերպել կամ եղած ցույցը շուռ տալ դարձնել հակառուսական: Լինելով ՌԴ քաղաքացի նա ատում է սեփական երկիրը ու երկրի մայրաքաղաքը: Այսպիսի պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչների սարքած անկայուն իրավիճակի համար սահմանում մեր զինվորն է իր կյանքով հատուցելու: Այնպես որ հիշեք սրա դեմքը, տեսնելուց թքեք երեսին, ցույցին մոտիկ չթողնեք: ՍԹԱՓՎԵՔ!!!!!!», շեֆի նմանությամբ կրկնել նա՞:
«Ազատություն»-ը գրավոր հարցում էր ուղարկել Ոստիկանություն՝ խնդրելով ներկայացնել որևէ ապացույց, փաստ, որը կհիմնավորեր Ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի հայտարարությունը:
«Նարեկ Մալյանը հիշյալ գրառումը կատարել է իր ֆեյսբուքյան էջում, և այն ոչ մի կերպ չի կարող համարվել ոստիկանության պաշտոնական տեսակետ», ահա այսպիսին է եղել ստացված պաշտոնական պատասխանը: Ավելի ուշ, Նարեկ Մալյանը արձագանքել էր Ելենա Օվսյաննիկովայի հայտարարություններին՝ «Ազատությանը» փոխանցելով .«ՀՀ օրենսդրությունը ցանկացածին՝ այդ թվում նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող սադրիչներին, տալիս է հնարավորություն պաշտպանել վիրավորված արժանապատվությունը»:
Այսինքն Նարեկ Մալյանը նաև վստահ է, որ նման որակի գրառումներով հանդես գալը իրեն որևէ իրավական հետևանքի առջև չի կանգնեցնի:
Ի դեպ, Օվսյաննիկովան ասել էր, որ իր խոսակցությունները ոստիկանների հետ նկարահանվել են իրավապահների կողմից, և կոչ է արել ոստիկանությանը հրապարակել տեսանյութերը:
Կհարուցվի քրեական գործ, թե ոչ, կտեղեկանանք առաջիկայում, սակայն կասկածից վեր է, որ ոստիկանապետի խորհրդականի մտքի հայհոյախառն գոհարները, որոնք նա շաղ է տվել իր ֆեյսբուքյան էջում, պետք է դառնան քննության առարկա:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի համար անհասկանալի է ոստիկանապետի խորհրդականի նման պահվածքը: Իրավաբանը բացարձակապես չի կիսում կարծիքը, թե պաշտոնատար անձը սոցիալական ցանցերում ազատորեն կարող է գրել այն, ինչ ցանկանում է.
«Նրա ցանկացած հրապարակայնորեն ասված խոսք վերագրվում և ասոցացվում է ոստիկանության հետ, որոնք, չի բացառվում, տեղ գտնեն միջազգային զեկույցներում, իսկ սրանից տուժում է միայն Հայաստանը: Արդյոք, ոստիկանապետի խորհրդականը այս դեպքում կանխակալ վերաբերմունք ունի այլազգիների կամ ցույցի մասնակիցների նկատմամբ, այն դեպքում, երբ ոստիկանությունը պարտավոր է աջակցել նրանց», հարց է տալիս իրավաբանը:
Աղբյուրը՝ www.forrights.am