«Առանց Պերմյակովին հանձնելու՝ թղթերի հանձնման մասին խոսելը ձեռառնոցի է»
15:36, July 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Դեռևս ոչ մի իրավական գործողություն չկա, որով կարելի լինի ասել, որ Պերմյակովի գործը հայկական կողմին է հանձնվել. Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներին որևէ տեղեկատվություն, ծանուցում չի ուղարկվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ իրավահաջորդները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ քննություն է տարվել, և հայկական կողմին ինչ է փոխանցվել:
Անդրադառնալով այն պնդմանը, թե գուցե փաստաթղթերը չեն ուղարկվել Քննչական կոմիտե այն պատճառով, որ միասնական շտաբ էր ձևավորվել, և համագործակցության արդյունքում հայկական կողմը տիրապետում է գործի քննության մանրամասներին, Արթուր Սաքունցը նշեց, որ անկախ ամեն ինչից՝ պետք է իրավական փաստաթուղթ լինի, փոխանցելու հիմքերը պարզ լինեն, ոչինչ պարզ չէ:
«Եթե մեկ քրեական գործ լիներ, կարելի էր խոսել համագործակցության մասին, բայց երկուսի դեպքում խոսելը առնվազն տարօրինակ է: Բացի դրանից՝ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը. մենք այդպես էլ չստացանք երկու Քննչական կոմիտեների միջև կնքված համաձայնագրի պատճենը, որի համաձայն ստեղծվել է միասնական շտաբ: Դիմել ենք, որպեսզի հասկանանք՝ ինչպես են համագործակցում, մեզ մերժեցին»,- մանրամասնեց Սաքունցը:
Արթուր Սաքունցի դիրքորոշմամբ՝ այն, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ կատարեց Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցելու մասին հայտարարությունը, արդեն իսկ խոսում է այն մասին, որ բացարձակապես իրավական գործոն չկա, պայմանավորված է քաղաքական գործոններով: «Եթե իրավական գործոնները նշանակություն ունեին, ռուսական կողմը իրավունք չուներ քրեական գործ հարուցելու, Պերմյակովը պետք է ի սկզբանե հայկական կողմին հանձնվեր»,- ընդգծեց իրավապաշտպանը: Նա նաև շեշտեց՝ այն, որ Պերմյակովը հայկական կողմին չի հանձնվել, դա մեծապես վնասել է գործին, և կես տարի անց թղթերի հանձնման մասին խոսելը դժվար թե Էական նշանակություն ունենա: «Առանց Պերմյակովին հայկական կողմին հանձնելու՝ թղթերի հանձնման մասին խոսելը ձեռառնոցի է»,- նկատեց նա:
Ըստ Սաքունցի՝ հանձնում են ենթադրյալ հանցագործության նյութերը, այսինքն՝ թուղթ են տալիս, փոխանակ տան իրական մարդուն, որի հետ հայկական կողմը կարող է կատարել քննչական աշխատանքներ: Բացի դրանից՝ շատ կարևոր է հասկանալ, օրինակ, հայկական կողմը քննություն, հարցաքննություն, առերսում կարո՞ղ է կատարել ռուսական ռազմաբազայի տարածքում՝ ռուսական ռազմաբազայի ծառայողների մասով:
Աղբյուրը՝ www.1in.am