Պերմյակովն իր պահվածքով հաստատում է՝ սպանության հրահանգ է եղել
11:18, August 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրեցի Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի այսօրվա պահվածքը դատարանում ապացուցեց, որ նրա նախաքննական ցուցմունքն ուղղորդված է եղել: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:Ռուսական ռազմաբազայի տարածքում դասալքության վերաբերյալ այսօրվա դատավարության ժամանակ Պերմյակովը hրաժարվել է ցուցմունք տալուց, ընթերցվել է նրա նախաքննական ցուցմունքը: Արթուր Սաքունցի խոսքով՝ իրավական տեսակետից մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել իր դեմ ցուցմունք տալուց: Բայց այստեղ տեսանելի է ռուսական կողմի քրեական մարմինների ու դատարանի շահագրգռվածությունը՝ հնարավորինս կոծկելու հանցագործության բուն դրդապատճառները՝ ոչ միայն Ավետիսյանների սպանության, այլ նաև ռուսական բազայի տարածքը լքելու մասով:«Ռուսական բազայի տարածքից զենքը դուրս բերելու և կրելու դրդապատճառներն էլ շատ կարևոր են, որոնք նույնպես ռուսական կողմն ամեն կերպ փորձում է կոծկել: Այս տեսակետից Պերմյակովի ու մեղադրողի պահվածքը լիովին տեղավորվում է իրական դրդապատճառները կոծկելու տրամաբանության մեջ: Դրա համար էլ ցուցմունքում կան հակասություններ: Այդ դրդապատճառները կոծկելուն ուղղված գործողության ապացույց են հանդիսանում Պերմյակովի հակասական ցուցմունքները»,- ասաց Սաքունցը:Այսօրվա կարճ դատավարության ընթացքում, իրավավաշտպանի խոսքով, նրանք համոզեցին, որ ինքնին Պերմյակովի ներկայացնելը դատարանում արդեն իսկ հնարավորություն է տալու բացահայտել ամբողջ նախաքննության ոչ օբյեկտիվ լինելն ու կեղծիքը: Ըստ Սաքունցի՝ արդեն մտահոգիչ է այն, թե հետագա գործընթացներն ինչպիսին են լինելու:«Մենք այս դատավարության փաստի և դատավարության ընթացքում Պերմյակովի վարքագծի հետ կապված մտահոգություններ ունենք, թե ինչպես է կազմակերպվելու նրա ներկայացումը ՀՀ դատական ատյանի առաջ: Արդեն այստեղ կան լուրջ հարցեր, թե ինչպիսին է լինելու ռուսական կողմի տրամադրվածությունը: Ռուսական կողմի քննության նյութերը՝ ռուսական բազայի տարածքից նրա դուրս գալու, ծառայության վայրը ինքնակամ լքելու և զենքն ապօրինի դուրս բերելու գործի հետ կապված հանգամանքները շատ էական նշանակություն ունեն նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի համար, որովհետև դրանք տարբեր հանցագործություններ լինելով՝ կատարվել են մեկ անձի կողմից”,- ասաց նա:Արթուր Սաքունցի խոսքով՝ այն պատճառները, որոնք դրդել են Պերմյակովին զենքով լքելու զորամասի տարածքը, էական նշանակություն կարող են ունենալ՝ բացահայտելու նաև Ավետիսյանների սպանության գործի հանգամանքերը:Պերմյակովն իր նախաքննական ցուցմունքում նշել է, թե գումարի համար է մտել Ավետիսյանների տուն: Արթուր Սաքունցի խոսքով՝ դա տարօրինակ բացատրություն է, որովհետև եթե գումարի համար է գնացել այնտեղ, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ է սպանել ընտանիքի անդամներին: Երկրորդը, եթե նույնիսկ ինչ-ինչ հարցեր էին ծագել, նա սպանել է մեծահասակներին, ապա մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին ինչո՞ւ է սպանել, դա չի տեղավորվում տրամաբանության մեջ: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ մարդասպանը երեխային ոչ թե զենքով, այլ դաշույնով է սպանել: Այսինքն՝ Պերմյակովի այն ցուցմունքը, թե իբր փողի նպատակով է Ավետիսյանների տուն մտել, չի համապատասխանում նրա հետագա գործողություններին:«Ես միանշանակ դա գնահատում եմ որպես ուղղորդված ու թելադրված ցուցմունք, որի նպատակն այն է, որ ինչ-որ կերպ դրդապատճառների հարցն ունենա պատասխան: Բայց դա այն պատասխանը չէ, որը մենք կարող ենք համարել օբյեկտիվ՝ քրեական գործի բացահայտման տեսակետից»,- ընդգծեց նա:Ավետիսյանների հարազատներն այսօր դարձյալ հայտարարել են, թե չեն հավատում, որ սպանությունը մեկ անձ է կատարել: Արթուր Սաքունցը համոզված է, որ ընդամենը մի քանի ամիս ծառայության մեջ գտնվող զինվորականը չէր կարող իմանալ Ավետիսյանների տան տեղը: Երկրորդը, նա չէր կարող նման սառնասրտությամբ կատարել այդ հանցագործությունը:«Մի կարևոր հանգամանք ամրագրվել է, դա այն է, որ ռուսական բազայում կան գործոններ, և դա պամանավորված է բարքերով ու այնտեղ տիրող իրավիճակով: Դա Պերմյակովին դրդել է լքել ծառայության վայրը: Փաստ է, որ ռուսական բազան, որպես զինվորական ստորաբաժանում, անվտանգության կանոնների պատշաճ պահպանում չի կարողանում իրականացնել, երբ մարդը կարող է զենքով դուրս գալ բազայի տարածքից: Կարող ենք դա արդեն լուրջ հիմք համարել, որ այն գործոնները, որոնք ստիպել են Պերմյակովին լքել իր ծառայության վայրը, այդ գործոնները հենց ռուսական բազայում տիրող իրավիճակի հետ են կապված, և դրանք անմիջական նշանակություն ունեն նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետ”,- նշեց իրավապաշտպանը:Սաքունցը նաև ասաց, որ իր կարծիքով՝ Ավետիսյանների սպանության հրահանգ է եղել: «Գուցե ոչ թե Ավետիսյանների, այլ մեկ այլ ընտանիքի: Պարզապես պետք է պարզել, թե այդ հրահանգը ով է տվել, որովհետև առանց հրահանգի նման դաժան սպանություն չի արվում: Սպանության այդ ոճը, ձեռագիրը խոսում է այն մասին, որ տեղի է ունեցել պատժիչ գործողություն, և Պերմյակովն իր ցուցմունքներով առավել քան հիմանավորում է իմ կասկածները»,- ընդգծեց նա:
– See more at: http://www.lragir.am