Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կամայականորեն մեկնաբանելով օրենքը, մերժել է ՀՔԱՎ-ի դիմումը
17:02, September 13, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԴեռևս 2016 թ. ապրիլի 24-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, համաձայն ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի 38-րդ, 46-րդ, 48-րդ հոդվածների, կարգապահական տույժ կիրառելու հարցով:
Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում, երբ լրագրող Սիրանուշ Պապյանն արձագանքել էր Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ դիտարկմանը՝ ասելով, որ հանրությունը չի տեսնում այդ բարեփոխումները՝ ոստիկանապետը պատասխանել էր. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:
Հանձնաժողով ներկայացված դիմումով Կազմակերպությունը շեշտել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վիրավորանք և արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն թույլ տալը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին վայել վարքագիծ չէ և համարվում է էթիկայի կանոնների կոպիտ խախտում:
Հանձնաժողովի՝ 2016 թվականի հունիսի 8-ի պատասխան գրությամբ հայտնում են, որ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը վարույթ չի կարող ընդունվել՝ վկայակոչելով 2013 թվականի մայիսի 3-ի եզրակացությունը, ըստ որի՝ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտումներին, որոնք ուղղված են կոնկրետ անձի կամ անձանց խմբի, հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում:
Նկատենք, սակայն, որ ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի հոդված 44-ի 2-րդ մասը սահմանում է, որ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել՝
1) որևէ անձի դիմումի հիման վրա.
2) իր նախաձեռնությամբ.
3) բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով:
Հետևաբար՝ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանձնաժողովը վարույթ է հարուցում ոչ միայն կոնկրետ անձի կամ անձանց խմբի դիմումի հիման վրա, որին կամ որոնց ուղղված են եղել պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտումները, այլ «որևէ անձի» դիմումի հիման վրա՝ անկախ այն բանից՝ խախտումներն անմիջականորեն վերաբերել են դիմումատուին, թե՝ ոչ: Հետևաբար՝ իր եզրակացությամբ՝ հանձնաժողովը կամայական կերպով է մեկնաբանել օրենքը և մերժել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը: