Եթե ցմահ դատապարտվածներին մի բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է. իրավապաշտպան
23:57, October 13, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրդեն երկու օր է, ինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 45 դատապարտյալ անժամկետ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց գործերի վերաբացում: ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հացադուլ հայտարարած 45 դատապարտյալներից 8-ն են դիմում գրել, որ հացադուլ են հայտարարում՝ պահանջելով իրենց գործերի վերանայում: Մյուս 37-ը պարզապես հրաժարվել են սնունդ ընդունելուց:
Գոռ Ղլեչյանը հավելեց, որ այս պահին առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալներ չկան: Դատապարտյալների առողջական վիճակը գնահատվում է բավարար, դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվածներ չկան:
Հարցին, թե գործերի վերանայման հետ կապված ի՞նչ է արվում՝ Ղլեչյանը նշեց, որ Քրեկատարողական ծառայությունը նմանատիպ գործառույթ չունի:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ մոտ 6 տարի առաջ էլ էին ցմահ դատապարտվածները հացադուլ հայտարարել. «Հիմա շատ դատապարտյալների ազատազրկման 20 տարին լրացել է եւ տեսնելով, որ այդ 20 տարին լրանալուց հետո պայմանական վաղաժամկետ ազատման կամ ազատազրկման ռեժիմի փոփոխության հետ կապված կամայական մոտեցում է դրսեւորվում՝ բնական է, որ մարդիկ պետք է ընդվզեն: Այլ տարբերակ չկա»,- ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով դատապարտյալների հայտարարությունը հիմնավորված է. «Բազմաթիվ ահազանգերը, բազմաթիվ մտահոգությունները խախտումների վերաբերյալ, որն արձանագրված է խոշտանգումների կանխարգելման զեկույցներում եւ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում, մենք տեսնում ենք, որ իշխանությունն ականջալուր չի լինում, ընդհանրապես անուշադրության է մատնում: Սրա պատասխանատվությունը կրում է Բաղրամյան 26-ը: Բացակայում է քաղաքական կամքը ցմահ ազատազրկվածների նկատմամբ կիրառելու օրենքով նախատեսված դրույթները»,- նկատեց նա: Արթուր Սաքունցը կարծում է, որ շարունակում են խախտված մնալ ցմահ դատապարտյալների իրավունքները:
«Ցավոք սրտի այլ տարբերակ չի մնում ցմահ ազատազրկվածներին, քան գնալու նման քայլի եւ սա իհարկե բավական լուրջ ազդանշան պետք է լինի իշխանությունների համար, որովհետեւ պատասխանատվությունը կրում են իրենք, եւ եթե այդ մարդկանց հետ առողջության հետ կապված, կյանքի հետ կապված հարցեր ծագեն, ուղղակի անմիջական պատասխանատվությունը կրելու է անձամբ Սերժ Սարգսյանը»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ armtimes.com