Սա պարազիտային մոտեցում է. Իրավապաշտպանը «1000 դրամի» նախագծի մասին
22:46, November 13, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նախագծին։ Ըստ նրա՝ պետությունը հերթական անգամ իր պարտականությունները ճիշտ կատարելու համար կրկնակի ծանրաբեռնվածությամբ վերստին դնում է քաղաքացու վրա, այն պարագայում, երբ քաղաքացիներն արդեն իսկ իրենց պարտականությունները որպես հարկատուներ կատարում են։
«Սա լրացուցիչ հարկատեսակ է և պայմանավորված է նրանով, որ իրենք պատշաճ տնտեսավարություն, հարկային վարչարարություն, կոռուպցիայի դեմ պայքար չեն իրականացնում։ Այսինքն՝ իրենց անգործության հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ծանրությունը վերստին դնում են քաղաքացիների վրա», ասել է իրավապաշտպանը։
1000 դրամը, նրա խոսքով, շատ-շատ ընտանիքների համար բավական լուրջ գումար է, սոցիալական անապահովության ընդհանուր պատկերի համատեքստում սա ընտանեկան բյուջեի համար լուրջ ծանրաբեռնվածություն է։
«Սա դատական կարգով բողոքարկման կենթարկվի, ինչպես կենսաթոշակայինի դեպքում էր», հավելել է նա։
«Վիգեն Սարգսյանի պատկերացումները ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ ինձ համար հասկանալի չեն, թե ընդհանրապես նրա հայեցակարգային մոտեցումները ինչում են կայանում, և այդ հայեցակարգի բացակայության պարագայում առանձին քայլերը ոչ միայն անարդյունավետ են, այլ շատ ավելի են խորացնելու ճգնաժամը։ Իսկ հրդեհը նման կերպ մարելը չի նշանակում ընդհանրապես պատճառները վերացնել։ Պատճառները կոռուպցիան է պետության ներսում, հենց ԶՈՒ-ում, և փոխանակ արդեն իսկ գոյություն ունեցող ռեսուրսների արդյունավետության մասին մտածեն, նոր ռեսուրսների ներգրավման ուղղությամբ են մտածում, իսկ սա պարզապես պարազիտային մոտեցում է», ասել է նա։
Արթուր Սաքունցը նշել է, որ այս ընթացքում որևէ փոփոխություն ԶՈՒ-ում տեղի չի ունեցել, ավելին՝ հենց այս օրերին ծնողներն ահազանգել են, որ ստիպված են իրենց զինծառայող տղաների համար զինվորական համազգեստ, դեղամիջոցներ գնել, նույնիսկ սննդի առանձին տեսակներ գնել և ուղարկել բանակ։
«Կառավարությունը խնդիրների լուծման իրատեսական քայլերին չի տիրապետում, պարզապես փորձում է իրավիճակն այսպիսի պոպուլիստական քայլերով մարել, բայց իրապես ինքը չգիտի, թե ինչ պետք է անի, որովհետև միշտ սահմանափակված է քաղաքական իշխանության կոռումպացված բնույթով, որն արգելակելու է նույնիսկ լավագույն ցանկություններ ունեցող կառավարության գործողությունները։ Կառավարությունը հենց ի սկզբանե ձախողված է, քանի որ քաղաքական ուժ չի ներկայացնում, կառավարություն է, որը չունի կուսակցական պարտավորություն։ Եվ երբ ֆորմալ իմաստով փոխվում է վարչապետ, բայց մոտեցումները մնում են նույնը, բնականաբար, որևէ արդյունք չի տալու, ընդամենը մեկ փոփոխություն է տեղի ունեցել. կոռուպցիայի խորհրդի նախագահը փոխվել է, բայց որևէ ուրիշ բան չկա», ասել է Արթուր Սաքունցը։