ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ
18:13, December 13, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 13-ին, փոստով հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցով՝ դեկտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ընթացքում վերջինիս արած հայտարարությունների կապակցությամբ:
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվում է ամբողջությամբ.
ՀՀ գլխավոր դատախազ
Արթուր Դավթյանին
Հարգելի պարոն գլխավոր դատախազ,
2017թ. դեկտեմբերի 9-ին «www.president.am» կայքում հրապարակվել է «Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ» վերնագրով տեսանյութը։
Հրապարակված տեսանյութում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին կայացած Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին իր ելույթում նշում է. «գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ»։ Այնուհետև, Սերժ Սարգսյանն ավելացնում է. «Շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ։ Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»։
Սերժ Սարգսյանն, այսպիսով խոստովանում է, որ տեղյակ է համայնքապետերի կողմից կատարված հանցագործությունների մասին, որոնք սակայն կոծկվել են՝ միտումնավոր կերպով թաքցվել են և իրավական գնահատականի չեն արժանացել, որն առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի ստորև նշված հոդվածների հանցակազմերը.
Հոդված 308. | Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը |
Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը),
Հոդված 3152. | Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը |
Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը,
Հոդված 334. | Հանցագործությունը պարտակելը |
Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 3341-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները,
Հոդված 335. | Հանցագործության մասին չհայտնելը |
Հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը:
Հաջորդիվ Սերժ Սարգսյանն ընդգծում է. «Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»։
ՀՀ Սահմանադրության 135-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահը ներում շնորհելու իրավասություն ունի միայն դատապարտյալների նկատմամբ։ Սակայն ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մինչև այս ներել է դատարանի առջև չկանգնած պաշտոնյաների արարքները՝ քրեական գործեր չեն հարուցվել և քննություն չի կատարվել։ Այսինքն, հանրապետության նախագահի վերոնշյալ գործուղության արդյունքում իրավապահ մարմինները չեն կատարել իրենց՝ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պարտականությունները՝ հանցագործությունները չեն քննվել, գործերը չեն հասել դատարաններ, և համայնքապետերի գործողությունները մնացել են անպատիժ։ Վերոգրյալն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի ստորև նշված հոդվածներով նախատեսված հանցակազմերը.
Հոդված 311. | Կաշառք ստանալը |
Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
Հոդված 311.2. | Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը |
Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար։
Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ելույթում նշում է. «Ես շատ լավ հասկանում եմ, որ համայնքապետները մտածում են, որ վաղը, մյուս օրը ընտրություն է լինելու, չգիտեմ, որոշակի խնդիրներ և այլն: Հավատացեք, երբ մենք թուլություն ենք ցուցաբերում և, այսպես ասած, երկուսին լավություն ենք անում, չենք ուզում իրեն պարտադրել, որ իր հարկերը վճարի, ամեն ինչից բացի, դա հենց բացասաբար է անդրադառնում ընտրությունների վրա, որովհետև մնացածներն էլ տեսնում են, որ անարդարություն կա»։
Սերժ Սարգսյանն այստեղ խոստովանում է, որ ընտրություններում ձայներ չկորցնելու նպատակներից ելնելով ինքը և իր իշխանությունն աչք են փակել հարկեր չվճարելու հանգամանքի վրա։ Սակայն նման իրավասություն ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին չի օժտում։ Ավելին, ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև: Սակայն Սերժ Սարգսյանի ելույթից պարզ է դառնում, որ ընտրություններին իշխանության ձայն տալու դիմաց ՀՀ քաղաքացիների մի մասին թույլատրվել է հարկեր չվճարել։
Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ ստորև նշված պահանջներով.
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցել քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ծանր հանցագործությունները թաքցնելու և հովանավորչության համար,
- Այն համայքներում, որի ղեկավարները ներկա են գտնվել 2017 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ամբողջ ժանակահատվածի համար կատարել ուսումնասիրություններ և իրավական գնահատականներ տալ համայնքի ղեկավարների գործողություններիին,
- Պարզել, թե ովքեր են հանդիսացել միջնորդ՝ թվարկված դեպքերում համայնքի ղեկավարներին ներելու համար, նրանց նկատմամբ հարուցել քրեական գործեր և ենթարկել պատասխանատվության,
- եթե 2017 թվականի դեկտեմբերի 9-ին «www.president.am» կայքում հրապարակված տեսանյութի մեջ նշված տեղեկությունները չհաստատվեն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու հիմքով հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով։
Հարգանքով՝
Կազմակերպության նախագահ՝ Արթուր Սաքունց
Hamadzayn em.