ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության
20:11, December 13, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի գործն՝ ըստ հայցի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով քննված գործերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցով: Պատասխան չստանալով՝ նույն թվականի հուլիսի 16-ին երկրորդ անգամ է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել նախորդ գրությամբ պահանջված տեղեկատվությունը: Սակայն այդպես էլ ոչ մի պատասխան չի ստացվել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2015թ. փետրվարի 1-ից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործունեության մշտադիտարկում՝ վատ վերաբերմունքի/խոշտանգման գործերը քննելու տեսակետից» ծրագիրը, որի շրջանակներում 2013 և 2014 թվականներին քննված գործերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ են ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտ, ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն: