Արթուր Սաքունց. «1000 դրամի» նախագծով արհամարհում են հանրային կարծիքը
10:43, December 13, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերՊաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ նշյալ օրինագիծը երկրորդ ընթերցման կներկայացվի պարտադիրի սկզբունքը պահպանելով:
Այս մասին Aravot.am-ն այս մասին զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Նա ասաց, որ օրինագիծն ամբողջությամբ ապօրինություն է, որովհետեւ իր բովանդակությամբ հարկատեսակ է. «Հաշվի առնելով Հայաստանի սոցիալական վիճակը, բնականաբար, դա բավականին ծանր բեռ է: Եվ պաշտպանության նախարարը իր այդ դիրքորոշմամբ եւ Ազգային ժողովի պատգամավորները, որոնք կողմ կքվեարկեն այդ օրինագծին, հստակ կհայտնեն, որ բացարձակապես արհամարհում են իրենց ժողովրդի սոցիալական վիճակը եւ կարծիքը: Փաստորեն, կառավարությունը եւ Սերժ Սարգսյանը այդ դիրքորոշմամբ հստակ հայտնում են, որ ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ որեւէ ջանք գործադրելու ցանկություն չունեն եւ չեն էլ անելու»:
Արթուր Սաքունցը այս նախագիծը վտանգավոր է համարում, որովհետեւ ըստ նրա, հնարավոր է, որ մեկ օր էլ նման նախաձեռնություն ստեղծվի, օրինակ, քաղցկեղով հիվանդ անձանց բուժման համար, եւ քաղաքացիները ստիպված լինեն իրենց աշխատավարձից վճարել. «Բյուջեի միջոցները ամբողջությամբ բառացիորեն կթվել են հենց նույն քրեական օլիգարխների ձեռքերով, եւ հիմա փոխարեն ջանքեր գործադրեն կոռուպցիայի դեմ պայքարելու համար, եւ գույքահարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի ուղղությամբ վարչարարությունը ուժեղացնեն, որպեսզի փաստացի գոյություն ունեցող միջոցները ուղղվեն բյուջե: Այսինքն՝ աշխատեն, ջանք գործադրեն, որպեսզի այդ խնդիրը լուծվի, փոխարեն՝ շատ հեշտությամբ ուզում են խնդիրների լուծման բեռը հերթական անգամ դնել ժողովրդի վրա: Սա բացարձակապես ֆեոդալական մոտեցում է քաղաքացու նկատմամբ»:
Արթուր Սաքունցը համարում է, որ Վիգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը արհամարհում են հանրային կարծիքը: Եվ, ըստ իրավապաշտպանի, այսօրվա հարկային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների տնօրինման հետ կապված իրավիճակի պարագայում, այլ կարծիք ունենալու որեւէ երաշխիք չկա, որ այդ 1000 դրամը նույն բախտին չի արժանանա: