Համատեղ հայտարարություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ
18:37, December 13, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆերկայացվել է Նորվեգիայի դեսպան Շտեֆեն Քոնգստադի կողմից Համբուրգում 2016թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 23-րդ նիստին
Մենք հանդես ենք գալիս այս հայտարարությամբ ի նշան Նախարարական խորհրդի վաղվա նիստից անմիջապես հետո նշվող Մարդու իրավունքների օրվա, որով նշվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը:
Մեր ձեռքբերումներին անդրադառնալու փոխարեն՝ ցավով ենք արձանագրում ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ մասերում մարդու իրավունքների, այդ թվում` ազատ արտահայտվելու իրավունքի և կարծիքի ազատության, խաղաղ հավաքների և միավորումների, մտքի, խղճի, կրոնի կամ հավատի հիմնարար ազատությունների պաշտպանության և իրացման գործում արձանագրված իրավիճակի վատթարացումը: Սա մեծապես հակասում է Հելսինկյան եզրափակիչ ակտով և դրանից հետո բոլոր մասնակից պետությունների՝ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու և դրանց համընդհանուր արդյունավետ պաշտպանությունը խթանելու ոլորտում ստանձնած պարտավորություններին:
Ինչպես նշվել է Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովին ընդունված հռչակագրում, մեր տարածաշրջանում քաղաքացիական հասարակության գործունեության հնարավորությունները կրճատվում են, ինչը բացասաբար է անդրադառնում ԵԱՀԿ համապարփակ անվտանգության հայեցակարգի իրագործման վրա:
Ողջունում ենք բոլոր մարդկանց և կազմակերպություններին, որոնք անդադար աշխատում են մասնակից պետությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած ԵԱՀԿ պարտավորությունների կատարումն ապահովելու համար և պահանջում են կառավարություններին հաշվետու լինել իրենց աշխատանքի համար: Նկատի ունենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ մեծ, թե՝ փոքր, տեղական, ազգային և միջազգային, ինչպես նաև խիզախ անհատներին, ովքեր ձեռնամուխ են լինում մարդու իրավունքների պաշտպանությանը:
Իրավապաշտպաններին բնորոշող մեկ միասնական մոդել գոյություն չունի: Իրավապաշտպաններ կարող են լինել ԶԼՄ–ների աշխատողները, պատգամավորները, իրավաբանները, ակտիվիստները, բլոգերները և գիտնականները, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, սակայն այս ցանկը սպառիչ չէ և չի էլ կարող սպառիչ լինել: Խիզախ անհատների այս խումբն արժանի է մեր ճանաչման և խորին հարգանքի:
Այդուհանդերձ, ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում շարունակում ենք նկատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա դրված լուրջ սահմանափակումներ և իրավապաշտպանների վրա հարձակումներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության աշխատանքը սահմանափակող օրենսդրություն, որի արդյունքում իրենց մասնագիտական կյանքը ուրիշներին օգնելուն նվիրաբերած անձինք ենթարկվում են քրեական հետապնդման և կալանավորվում, փաստաբաններ, որոնց, մասնագիտական պարտականություններին համապատասխան, այլոց իրավական պաշտպանությունը ստանձնելու համար միայն առաջադրվում է մեղադրանք քրեական գործերով, լրագրողներ, որոնց ձայնը լռեցնում են՝ նրանց ահաբեկելու, համապատասխան օրենքներ ընդունելու և նրանց գործունեությունը սահմանափակելու, և որն ավելի մտահոգիչ է՝ բռնության և սպանության միջոցով:
Այսպիսով՝ բավարար չէ պարզապես շնորհակալություն հայտնել նրանց, ժամանակն է, որ ձեռնամուխ լինենք նրանց իրավունքների պաշտպանությանը:
Այն դեպքերում, երբ նկատում ենք, որ որևէ մեկի իրավունքները վտանգված են կամ պաշտպանված չեն, մենք պետք է արտահայտվենք և հիշեցնենք այդ պետություններին իրենց ազատ կամքով ստանձնած պարտավորությունների մասին:
Մենք պետք է այդպես վարվենք անկախ նրանից, թե արդյոք խոսքը վերաբերում է իր գործունեության համար հաշվեհարդարի ենթարկված իրավապաշտպանին, թե որևէ անձի մասին, ով ենթարկվում է հալածանքի, հետապնդումների կամ ծաղրանքի՝ միայն իր անձի կամ իր պաշտպանած արժեքների համար: Մենք պետք է վիճարկենք վնասակար կարծրատիպերը, ստի դեմ պայքարենք փաստերով և պայքարենք հանդուրժողականության և խտրականության արգելքի համար: Մենք պետք է հիշենք մեր պարտավորությունների մասին, հաշվետվողականություն պահանջենք միմյանցից և հաշվետու լինենք միմյանց: Երբեմն կարող է այնպես ստացվել, որ մենք անզոր լինենք անարդարությունը կանխելու գործում, սակայն երբեք չպետք է դադարենք պայքարել:
Ողջունում ենք ԵԱՀԿ-ի անկախ կառույցների, ԺՀՄԻԳ-ի, Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի և ԶԼՄ–ների ազատության հարցերով ներկայացուցչի աշխատանքը՝ մարդու իրավունքները պաշտպանելու, ուստիև՝ մեր ընդհանուր անվտանգության պահպանմանը նպաստելու համար: Նշված կարույցների ինստիտուցիոնալ անկախությունն էական նշանակություն ունի հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների խթանման և պաշտպանության համար: Այդ նպատակով դրանք պետք է ապահովված լինեն համապատասխան բավարար միջոցներով:
Մենք շարունակելու ենք խրախուսել այս սկզբունքների կիրառումը, որոնք հիմք են ծառայում ինչպես ՄԻԵԿ-ի, այնպես էլ միջազգային դաշնագրերի ու Հելսինկյան եզրափակիչ ակտի համար և ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար:
Ցանկանում ենք մեր անկեղծ երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնել նաև ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիային մարդու իրավունքների պաշտպանության համակարգն ամրապնդելու ուղղությամբ իր գործադրած անխոնջ ջանքերի համար:
Հայտարարությանը միացել են հետևյալ պետությունները՝
Ալբանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Կանադա, Կիպրոս, Խորվաթիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիայի Հանրապետություն, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Վրաստան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո (Չեռնոգորիա), Նորվեգիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիայի Հանրապետություն և Ուկրաինա:
Աղբյուրը՝ www.gov.uk
Թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի