«Ռուսները հերթական անգամ խալաթ հագցրին ՀՀ իշխանությանը»
10:52, January 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՏՄ, Զինված ուժերԻրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործը պետք է հայկական կողմը քններ` չնայած Հայաստանի գլխավոր դատախազության քիչ առաջ տարածած հաղորդագրությանը, թե գործը քննելու է ռուսական կողմը` համաձայն ՌԴ Սահմանադրության: «Հայաստանի դատախազության կողմից տարածված հաղորդագրությունը արձանագրում է ՀՀ իշխանությունների չգոյությունը եւ լաքեյությունը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ:
Այդ տղան հայտնաբերվել ու ձերբակալվել է ոչ թե ռուս-թուրքական սահմանը հատելիս, այլ Հայաստանի տարածքում, որտեղ հենց ռուսական բազայի զինվորականները, ինքնաձիգներով զինված, իրականացնում էին օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Այսինքն, արդեն առանց իրավական հիմքի ու թույլատրության՝ հենց իրենք էին խախտել ռուսական բազայի գտնվելու կանոնները` համաձայն որոնց իրավունք չունեին առանց թույլատրության դուրս գալ բազայի տարածքից:
Այսինքն, նրանք խախտել էին նույնքանով, որքանով սպանության մեջ կասկածյալը, որը դուրս էր եկել բազայի տարածքից: Ռուսական կողմը ակնհայտ ցույց է տալիս, որ հարցի լուծումն իրենց է վերապահված եւ դրանով հովանավորում է մարդասպանության մեջ կասկածյալին: Ավետիսյանների ընտանիքի ներկայացուցիչները լուրջ հիմքեր ունեն հարցադրումներ ներկայացնել թե’ ռուսական բազային, թե’ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ դա քաղաքական հարթության մեջ լուծվող հարցերի իրավական ձեւակերպումն է: Հերթական անգամ ռուսները խալաթ հագցրին Հայաստանի քաղաքական իշխանությանը»,- ասաց իրավապաշտպանը:
Նա օբյեկտիվ քննության որեւէ հնարավորություն չի տեսնում, նաեւ մտավախություն ունի, որ ռուսական կողմը նույնիսկ չի թույլատրի հայ իրավապահներին հանդիպել մարդասպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին եւ իրականացնել քննչական աշխատանքներ:
Աղբյուրը՝ www.aravot.am