«Կարեն Անդրեասյանը պետք է պարզաբանի, թե ինչու է հրաժարական տվել»
10:52, January 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«ՄԻՊ-ի հրաժարականը հանդիսանում է այնպիսի գործոնների ազդեցության հետեւանք, որոնք ոտնձգություն են ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ: Ավելին, ես գտնում եմ, որ ազդեցություն գործած ուժերի գործողություններում առկա է քրեորեն հետապնդելի արարք, քանի որ մարդու իրավունքների պաշտպանն անձեռնմխելի է»,- Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ հրաժարականի փաստը պետք է լուրջ ուսումնասիրության արժանանա: Նշենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:
«Խոսքը ոչ միայն ԱԺ-ում համապատասխան պարզաբանումներով հանդես գալու անհրաժեշտության մասին է, այլ հենց ինքը՝ ՄԻՊ-ը պետք է հրապարակավ, հստակ ներկայացնի այն սպառնալիքները, որոնց ազդեցությամբ ստիպված է եղել հրաժարական տալ, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ բացատրել, չկան տվյալ դեպքում ընտանեկան, անձնական բնույթի, առողջության հետ կապված հարցեր: Սա շատ վատ նշան է մարդու իրավունքների բնագավառում Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Սա ակնհայտ եւ լուրջ սպառնալիք է ՀՀ քաղաքացիների իրավունքների հետ կապված»,- ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ անձեռմխելիության սկզբունքի կոպիտ խախտում է տեղի ունեցել, որի հետեւանքով Կարեն Անդրեասյանը ստիպված հրաժարական է տվել.«Թե հիմա այդ սպառնալիքների անվանումը կլինի ներիշխանական, վերիշխանական, թե ինչական՝ դա էական նշանակություն չունի: Դա մարտահրավեր է՝ ուղղված բոլորիս»,- նշեց իրավապաշտպանը:
Մեր հարցին՝ արդյոք հասարակությանը հայտնի կդառնան հրաժարականի իրական դրդապատճառները, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Երբ նախարար է հրաժարական տալիս կամ քաղաքական որեւէ թիմի ներսում է տեղի ունենում, իհարկե, դրանք էլ ուղղակիորեն կապված են հանրային շահերի հետ, որովհետեւ այդ մեխանիզմները, որոնց արդյունքում քաղաքական, հայեցողական պաշտոնում գտնվող անձը հրաժարական է տալիս, ապա այդտեղ կան մտահոգող հարցեր, թե որոնք են պատճառները, եթե մտահոգող չեն, առնվազն պետք է իմանանք, բայց որոշակի վերապահում կարող ենք համարել տվյալ քաղաքական ուժի ներքին խոհանոցի հարց: ՄԻՊ-ի հետ կապված հարցերը չեն կարող ոչ մի խոհանոցի մեջ տեղավորվել»:
Արթուր Սաքունցը Կարեն Անդրեասյանի գործունեությունը գնահատում է հետեւյալ կերպ. «Մենք ունեցել ենք մեր ե՛ւ քննադատական մոտեցումները, եւ՛ դժգոհությունները, որոնց նպատակն է եղել, որպեսզի ՄԻՊ-ի գործունեությունն արդյունավետ լինի եւ համարժեք լինի այն խնդիրներին, որոնք ունի Հայաստանը: Միաժամանակ մենք չենք կարող չարձանագրել դատական իշխանության վերաբերյալ արտահերթ զեկույցը, որն ըստ էության իրավականորեն լեգիտիմացրեց այն խնդիրները, որի մասին բարձրաձայնում էինք շատ շատերս, չենք կարող չարձանագրել ոստիկանության կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների փաստի վերաբերյալ ՄԻՊ-ի գնահատականը: Մասնավորապես նաեւ, թվում է թե ոչ էական, բայց մեկ վրանի տեղադրելու վերաբերյալ դիրքորոշումը շատ կարեւոր էր: Արագ արձագանքման խմբի բավական արդյունավետ աշխատանքը մշտապես լինում էր տեղում: Իհարկե, ՄԻՊ-ից մենք ակնկալում էինք սահմանդրական հնարաքվեի հետ կապված զեկույց, որը, ցավոք սրտի, ես չգիտեմ՝ կլինի, թե ոչ, որը շատ կարևոր նշանակություն կունենար»:
Արթուր Սաքունցը նկատում է նաեւ, որ ՄԻՊ-ով չի պայմանավորված մարդու իրավուքնենրի պաշտպանության իրավիճակը, այլ ՄԻՊ-ի կողմից բարձրացված հարցերը պետք է ընկալում ունենան պետական ինստիտուտների կողմից, որով իրավիճակը պետք է փոխվի:
«Նախորդ տարի ԱԺ-ում իրականացված խայտառակ հարձակումները ՄԻՊ-ի նկատմամբ ցույց տվեց, որ իրապես ՀՀԿ մեծամասնությունը որպես իշխանական լծակներ ունեցող կուսակցություն բացարձակապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում որեւէ պատասխանատվություն չի ուզում վերցնի: Այդ առումով, իհարկե, անթույլատրելի էին այդ հարձակումները, եւ մենք այդ ժամանակ պաշտանեցինք ՄԻՊ ինստիտուտը, բայց հիմա պաշտպանելու մեր հնարավորությունը նվազում է, երբ որ մարդու իրավունքների պաշտպանը չներկայացնի իր հրաժարականի պատճառների մասին: Վերջին իր հայտարարությունը պետք է վերաբերվի հենց դրան եւ դա ինքը պարտավոր է անել, որովհետեւ մենք առավել հիմնավոր կասկածներ կարող ենք ունենալ, որ այն գործոնները, որոնք ազդեցին կամ ստիպեցին սպառնալիքների ձեւով հրաժարական եւ որի հետեւանքով Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց, այդ նույն գործոնները կարող են որոշիչ նշանակություն ունենալ նոր ՄԻՊ-ի նշանակման հարցում»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Տես նաև՝ galatv.am