Իրավապաշտպանների հայտարարությունը՝ «Դալարիկի Ժուժու»-ի մասին
15:39, March 14, 2016 | Համատեղ, ՀայտարարություններԻրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը` «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստահաղորդման վերաբերյալ
2016թ. փետրվարի 19-ին «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հերթական ծրագրի(«Դալարիկի Ժուժուն») հերոս Էդգարը հաղորդման ժամանակ հայտնել է, որ չի կարողանում աշխատանք գտնել, որովհետև նույնասեռական և այդպիսի վերաբերմունքն իր նկատմամբ ներկայացրել է որպես հասարակության կողմից դրսևորվող խտրականություն: Հաղորդման փորձագետ հյուրերից էր նաև փաստաբան Գարիկ Գալիկյանը: Ամբողջ հաղորդման ընթացքում Գալիկյանը բղավել է, հնչեցրել մարդու արժանապատվությունը ոտնահարող, ինչպես նաև ատելություն սերմանող խոսք: Մասնավորապես. «Ես միշտ, միշտ ու միշտ պայքարել եմ իրանց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ, երբ տեսնեմ տրորելու եմ, ոտնատակ եմ տալու նրանց և այո’, նրանց (ի նկատի ունի նույնասեռական անձանց) պետք է վառել: Կարող եք իմ նկատմամբ քրեական գործ հարուցել, կարող եք հաղորդում տալ» և այլն: Ինչպես նաև հավելել է․ «Այո՛, իմացի՛ր, որ հալածում են ձեզ, ու ես միշտ հալածելու եմ քո նմաններին։ Ու այն, որ ընկերներդ ասում են, որ հոգեբանն ասել է վառել, դա հոգեբանը չի ասել, դա ես եմ ասել։ Սպառնալիք է, կարող եք հաղորդում տալ»։
Իսկ հաղորդման մեկ այլ հյուր՝ ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, իր խոսքում ասել է․ «Այն մարդը, ով քեզ աշխատանք կտա, դրա գլուխը մուրճով կջարդեմ։ Երևանի փողոցներում իմ երեխան է քայլում, իրեն հաճելի չէ, որ նա քո նման երևույթների հանդիպի»։
Սրանք ոչ միայն ատելության կոչեր են, այլ նաև իրենց մեջ պարունակում են անձի կյանքին և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիք, որն ինքնին պետք է ոստիկանության ուշադրության կենտրոնում լինի։
Մենք մտահոգված ենք նաև նրանով, որ հեռուստահաղորդման ընթացքում հնչեցված վիրավորանքներն արվել են փաստաբանի կողմից։ Համաձայն ՀՀ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի՝ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեություն է և փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել իր հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը: Մինչդեռ փաստաբան Գարիկ Գալիկյանի վարքագիծը խոսում է այն մասին, որ նա ոչ միայն չի հարգում ՀՀ այն քաղաքացիներին, որոնքնույնասեռական են և այն մասնագետներին, որոնք ներգրավված են վերջիններիս իրավունքների պաշտպանության ոլորտում, այլ նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորում փաստաբանական ինստիտուտի նկատմամբ` արատավորելով փաստաբանի մասնագիտության համբավը մեր հասարակության մեջ:
Ելնելով վերոգրյալից` մենք, որպես ՀՀ-ում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ջատագովներ, դատապարտում ենք ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցչի վարքագիծը՝ ուղղված հաղորդման հերոսի, ԼԳԲՏ անձանց և ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների դեմ և պահանջում ենք.
– ՀՀ ոստիկանությունից այս հայտարարությունն ընդունել որպես փաստաբան Գարիկ Գալիկյանի և ռեժիսոր Սարգիս Միքայելյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում՝ վերջիններիս կողմից հնչեցված արտահայտությունները համարելով սպառնալիք՝ ուղղված անձի կյանքի և առողջության դեմ։
– ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ իրականացնել կարգապահական վարույթ՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։
– «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունից ձեռնպահ մնալ ատելության կոչեր պարունակող և խտրականություն հրահրող հաղորդումներ հեռարձակելուց։
Կոչ ենք անում իրավապաշտպան գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններին դատապարտել ատելության խոսքի վերոնշյալ դրսևորումները՝ միանալով այս հայտարարությանը:
1. «Ագաթ» հատուկ կարիքով կանանց կենտրոն
2. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
3. Իրական աշխարհ, իրական մարդիկ
4. Իրավունքի զարգացման կենտրոն
5. Կանանց ռեսուրսային կենտրոն
6. Համագործակցություն հանուն ժողովրդավարության
7. Հայաստանի հելսինկյան կոմիտե
8. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
9. «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
10. Հասարակություն առանց բռնության
11. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
12. Մեդիալաբ
13. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
14. Ունիսոն