Իրավապահ մարմինները ջանք չեն խնայում հանցագործությունը կոծկելու ուղղությամբ
23:35, March 14, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. մարտի 4-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Ռ. Գ.-ը: Վերջինս հայտնել է, որ 2015 թ. նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի տարածքում գտնվող Ռոսիա գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՌԴ քաղաքացի Կ. Բ.-ը հարվածել է իրեն՝ հասցնելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Դեպքի առթիվ 2015 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Քրեական գործ հարուցելուց երկու շաբաթ անց միայն կայացվել է Կ. Բ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ինչ վերաբերում է Ռ. Գ.-ին որպես տուժող քրեական գործում ներգրավելուն, ապա վերջինս դրա վերաբերյալ որոշում դեռևս չի ստացել, մինչդեռ քրեական գործ հարուցելուց անցել է ավելի քան երեք ամիս:
Ռ. Գ.-ի պնդմամբ՝ Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցները նախ փորձել են կոծկել հանցագործությունը, ապա առաջարկել համաձայնության գալ մեղադրյալի հետ՝ որպես փոխհատուցում տրվող գումարի շուրջ, այլապես վերջինս ոչինչ չի վճարի:
Դրան հաջորդել է մեղադրյալ Կ. Բ.-ի և նրա մերձավորների կողմից Ռ. Գ.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները, ինչի մասին վերջինս հայտնել է իրավապահ մամիններին, որոնք, սակայն, հրաժարվել են միջոցառումներ ձեռնարկելուց:
Ռ. Գ.-ի պնդմամբ՝ իրավապահ մարմինների կատարյալ անգործության պայմաններում շարունակվում են ճնշումներն ու սպառնալիքները իր և իր ընտանիքի նկատմամբ:
Իրավապահ մարմինները ոչ միայն միջոցներ չեն ձեռնարկում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու ուղղությամբ, այլև տարբեր ճանապարհներով փորձում են կոծկել կատարված հանցագործությունը, մասնավորապես՝ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի բաժնի պետի պաշտոնակատար Ն. Խաչատրյանը ուղղորդել է մեղադրյալ Կ. Բ.-ին, որ վերջինս համաձայնության գա դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետի հետ՝ ոչ ճիշտ եզրակացություն կատարելու շուրջ, ինչի մասին բացահայտ հայտնել է Ռ. Գ.-ին:
Հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ 2016 թ. մարտի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ կասկած հայտնելով, որ քննչական մարմնի աշխատակիցների և գործով մեղադրյալի միջև առկա է հանցավոր համագործակցություն:
Հանցագործության մասին վերոնշյալ հաղորդմամբ Կազմակերպությունը պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռ. Գ.-ի խախտված իրավունքների վերականգնման, նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ ներկայացված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: