«Ադրբեջանը հավանություն տվեց Խաչատուրովի նշանակմանը»
21:20, April 14, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մայիսի 2-ից կստանձնի Յուրի Խաչատուրովը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս նշանակմանը, նշեց.
«Հայաստանի կողմից Յուրի Խաչատուրովի թեկնածությունն ի սկզբանե էր առաջադրված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, դեռ այն ժամանակ, երբ որ Սեյրան Օհանյանին եւ Խաչատուրովին ազատեցին ՀՀ պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոններից: Նշանակում պետք է լիներ դեռեւս անցած տարի, սակայն գործընթացը հետաձգվեց եւ պաշտոնական որեւէ դիրքորոշում չներկայացվեց, թե ինչու: Բայց ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների համաձայն՝ կարելի էր ենթադրել, որ դա կապված էր ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, երբ որ Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների միջեւ սերտ հարաբերությունները որոշակի առումով խոչընդոտ հանդիսացան Խաչատուրովի պաշտոնի նշանակմանը: Այդ շրջանում դա կարող էր ոչ ճիշտ ընկալվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպես ուղղակի աջակցություն Հայաստանին»:
Այժմ, երբ արդեն հրապարակվեց Խաչատուրովի նշանակման մասին լուրը, Արթուր Սաքունցը հետաքրքրական է համարում հետեւյալ հարցը. արդյո՞ք այդ տարաձայնությունները հարթվել են Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունների միջեւ: Թեեւ երեւույթը համարում է արտառոց, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները փոխանակ միմյանց հետ հարցերը լուծեն եւ նշանակումները պայմանավորված լինեն միմիայն ՀԱՊԿ-ի շահերով, ստիպված են հաշվի նստել Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ անդամ չէ:
«Հաշվի առնելով, որ կա իրողություն, որ ՀԱՊԿ-ն, որպես այդպիսին, միասնական չէ եւ ակնհայտ հակասություններ կան անդամ պետությունների միջեւ, պետք է ենթադրել, որ ուրեմն Ադրբեջանի կողմից ստացել են հավանություն, որ Խաչատուրովը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հակառակ պարագայում ինչո՞ւ պետք է ավելի շուտ չնշանակվեր: Դա նշանակում է, որ Ադրբեջանն առնվազն դեմ չի եղել կամ հավանություն է տվել Խաչատուրովի նշանակմանը»,- նշում է Արթուր Սաքունցը՝ հավելելով. «Ուրիշ ո՞վ, եթե ոչ Խաչատուրովն է իր բնույթով, իր մոտեցմամբ, իր տեսակով առավել քան համապատասխանում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինքը հենց հանդիսանում է ռուսական մշակույթի տիպիկ ներկայացուցիչն իր ամբողջ կոռումպացված էությամբ, հակաժողովրդավարական, հակաիրավական մտածելակերպով եւ գործելակերպով, ով ապրիլյան պատերազմի զոհերի ուղղակի պատասխանատուներից մեկն է, իր գլխավոր հրամանատարի հետ միասին, պաշտպանության նախարարի հետ միասին: Լրատվամիջոցներն էլ հրապարակեցին այն տեղեկությունները, որ չնայած ահազանգերին, որ կա հարձակման վտանգ, այնուամենայնիվ, նա համարժեք չի գործել ժամանակին: Դրա մասին որեւէ հերքում չի տրվել ո՛չ Խաչատուրովի կողմից, ո՛չ գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալ անձի կողմից եւ ոչ էլ որեւէ պաշտոնական հերքում, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Խաչատուրովը ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը չէ, դա ձեւական է, ինքն ինչպես եղել է Ռուսաստանի Դաշնության զինվորականության ներկայացուցիչը, այնպես էլ շարունակում է մնալ:
Նա ընդհանրապես դուրս էլ չէր եկել այդ համակարգից»:
Արթուր Սաքունցի կարծիքով, միամտություն է որեւէ ակնկալիք ունենալ Խաչատուրովի նշանակման հետ կապված: Ասենք մտածել, որ կլինի համարժեք արձագանք, երբ Ադրբեջանը գնդակոծի Հայաստանի սահմանները:
«Ինչպես չի եղել, չի էլ լինելու արձագանք ՀԱՊԿ-ի կողմից: Այնտեղ Խաչատուրովը շատ փոքր անձ է, որ կարողանա ինչ-որ իրավիճակ փոխել, հատկապես, որ այդ անձից որեւէ ակնկալիք չէինք էլ կարող ունենալ: Սկզբունքային մեկին այնտեղ, բնականաբար, չէին էլ նշանակի: Բայց եթե ինչ-ինչ ենթադրությունների հիման վրա նշանակվեր որեւէ սկզբունքային մարդ, բնականաբար նա պետք է գործեր ՀԱՊԿ-ի կանոնադրությունից ելնելով, համաձայն որի պետք է անդամ պետության անվտանգության հարցերով մտահոգված լինեին: Բայց ես ինչքան հասկանում եմ, ՀԱՊԿ-ի շրջանակներում քննարկվող հիմնական հարցերից մեկը դա կանխել գունավոր հեղափոխություններն անդամ երկրներում: Բառացիորեն մի քանի օր առաջ Պուտինն իր հերթական հարցազրույցներից մեկում դրա մասին բարձրաձայնեց: Ժամանակին դրա մասին հայտարարում էր նաեւ Բորդյուժան՝ նախկին գլխավոր քարտուղարը: Իսկ Խաչատուրովն այդ տեսակետից նաեւ առավել քան հարմար թեկնածու է, որովհետեւ ինքը ողջ էությամբ հակաժողովրդավարական է: Եվ նա լավագույն տարբերակն է Ռուսաստանի ձեռքին, ով ամեն ջանք կգործադրի՝ ձգտելով լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը:
Խաչատուրովը լավագույն գործիքն է Կրեմլի ձեռքին Հայաստանում ժողովրդավարության դեմ պայքարի առումով, այնպես որ, միանշանակ ես այս նշանակումը համարում եմ մարտահրավեր: Ոչ թե արտաքին անվտանգության ապահովման, այլ հենց ներքին ավտորիտար ռեժիմի շահերից բխող, հասարակական ըմբոստ շարժումները վերացնելու, կանխելու եւ հպատակեցնելու տեսակետից է դա լուրջ մարտահրավեր»,- ընդգծում է Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով հարցին, թե, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր ոգեւորվել են, որ ՀԱՊԿ-ն գլխավորում է Հայաստանի ներկայացուցիչը, Սաքունցը նշեց.
«Ես չգիտեմ ովքեր են ոգեւորվել, հաստատ Եվրասիական ուղղվածության կրեմլահպատակներն են, որոնք իրենց ողջ էությամբ դեմ են Հայաստանում ժողովրդավարության եւ իրավական պետության հաստատմանը եւ շատ լավ հասկանում են, որ հանձինս Խաչատուրովի ստացանք գեներալ-գուբերնատոր, եւ այդ առումով Սերժ Սարգսյանը պետք է մտածի՝ հիմա ի՞նքն է Հայաստանի գուբերնատորը, թե՞ Խաչատուրովը»: