Տեղամասերում գտնվում են չհավատարմագրված դիտորդներ, ընտրողներին ուղղորդում են. «Անկախ դիտորդ»
13:07, May 14, 2017 | Նորություններ, Սեփական | Ընտրական իրավունք«Անկախ դիտորդ» հասարական դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները: Տեղամասերում գտնվող դիտորդները ահազանգել են մի շարք խախտումների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:
Չհավատարմագրված դիտորդների ներկայություն, ոչ չեզոք վարքագիծ
03/11 տեղամասում «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության վկայականով գտնվում է Վանիկ Աղասու Ամոլիկյանը, որի անունը տվյալ կազմակերպության կողմից հավատարմագրված անձանց՝ ԿԸՀ-ի կայքում տեղադրված ցանկում չկա:
10/28 տեղամասում «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության վկայականով գտնվում է Հմայակ Դովլաթյանը, որի անունը տվյալ կազմակերպության կողմից հավատարմագրված անձանց՝ ԿԸՀ-ի կայքում տեղադրված ցանկում չկա:
07/57 տեղամասում Սամվել Խանյան անունով անձը նախ մուտք է գործել տեղամաս առանց որևէ փաստաթղթի, որից հետո տեղամասային հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացել է տեղամասից, մի քանի րոպե անց ներս է մտել «ԳԵՏԱ» ՀԿ-ի կողմից հավատարմագրված դիտորդի վկայականով: ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալներով «ԳԵՏԱ» ՀԿ-ն դա նույն Գեղամա Երիտասարդական տարածքային ասոցիացիա ՀԿ-ն է, որի կողմից հավատարմագրված դիտորդների ցուցակում նման անուն ազգանունով անձ չի գտնվել: Հեռախոսով տեղեկացվել է տարածքային հանձնաժողովի նախագահին, ով մի քանի րոպե անց տեղեկացրեց, որ այդ անձը հեռացվել է տեղամասից և հանձնարարվել է հանձնաժողովի նախագահին այլևս նրան չթույլատրել մուտք գործել տեղամաս:
09/33 տեղամասում «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության վկայականով առավոտյան ժամը 10:30-ից 11:53-ը գտնվել է Մոնիկա Շահնազարյանը, որի անունը տվյալ կազմակերպության կողմից հավատարմագրված անձանց՝ ԿԸՀ-ի կայքում տեղադրված ցանկում չկա:
04/19 տեղամասում «ԳԵՏԱ» ՀԿ-ի վկայականով դիտորդը մտել է Տարոն Մարգարյանի՝ մոտակայքում գտնվող նախընտրական շտաբը՝ այն պատճառաբանությամբ, որ գնում է զուգարան:
02/37 տեղամասում «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորման վկայականով դիտորդը հայտարարել է, որ ինքը տեղամասում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահվածն անձն է: Նա պարբերաբար նայում է ընտրողների ցուցակներին և զանգեր է կատարում:
Ուղղորդումներ
09/02 տեղամաս ծերանոցից գնացել են ընտրության, վարչական շրջանի ղեկավարը հանձնաժողովի նախագահին ասել է, որ առանց օգնության թույլ չտան ընտրել: Նույն տեղամասում ընտրողներին օգնող անձինք նախապես՝ ընտրողներից շուտ են գնացել տեղամաս:
07/57 տեղամասում գտնվել է այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձ, ով սպառնացել է հանձնաժողովի քարտուղարին: Տարածքում գտնվել են անձինք, ում մոտ եղել են ցուցակներ և նրանք ընտրողներին ուղղորդել են:
08/47 տեղամասում ընտրողը քվեախցիկից դուրս գալուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարին ցույց է տվել քվեաթերթիկը, դիտորդի պահանջով այն մարվել է և ընտրողին նոր քվեաթերթիկ է տրվել: Հանձնաժողովի քարտուղարը ուղղորդել է ընտրողներին՝ քվեթերթիկի վրա ցույց տալով, թե ում օգտին քվեարկեն:
Երևանի ավագանու ընտրություններ
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում