Ոստիկանությունը ՀՀԿ նախընտրական շտաբները պահում է որպես անառիկ ամրոց
19:47, May 14, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Տեղի ունեցածը միանշանակ վկայում է այն, որ ոստիկանությունն ակնհայտորեն հովանավորում և պաշտպանում է ՀՀԿ-ի նախընտրական շտաբները: Այսինքն՝ ակնհայտորեն ոստիկանությունը ՀՀԿ-ի նախընտրական շտաբները պահում է որպես անառիկ ամրոց, որը կասկածելի գործարքների մեջ է՝ ընտրակաշառքների բաժանման, ապօրինի գործողությունների ակնհայտ հիմնավոր փաստեր կան»,-անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև Զարուհի Փոստանջյանի՝ որպես պատգամավոր անձեռնմխելիության խախտմանը՝ նշելով.«Մենք ունեցել ենք նման դեպքեր, երբ նույնիսկ պատգամավորական կարգավիճակը չի խոչընդոտել մարդկանց կալանավորել: Հիշենք 2008-ը»,-ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցը նկատեց, որ բոլոր նրանք, ովքեր հանցագործությունների մասին փաստեր են փորձում բացահայտել, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվում:
«Ոստիկանությունը փոխանակ այնպիսի գործողություններ կատարի, որ վստահություն առաջացնի և ապօրինությունները կանխող մարմին հանդես գա, ցավոք սրտի, հանդես է գալիս ավելի շատ որպես ապօրինություններ կոծկող մարմին, և հանդես է գալիս որպես իշխանության շահերը և հրահանգները կատարող մարմին, ոչ թե արդարության և նորմերի պահպանության մարմին: Եվ ցավոք սրտի, իշխանությունը հերթական անգամ իր գործողություններով ամրապնդում է այն համոզմունքը, որ քաղաքակիրթ ճանապարհով ընտրությունների անցկացման միջոցով իշխանափոխության հնարավորությունը ՀՀ-ում բացառվում է: Եվ սրա պատասխանատվությունը կրելու է ինքը հետագա անկանխատեսելի իրադարձությունների ժամանակ»,-հավելեց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի շտաբի պետ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը ապօրինի գործողություններ է կատարել, իրավունք չուներ մտնել ՀՀԿ շտաբներ, Արթուր Սաքունցը հակադարձեց. «Շտաբներն ընտրության օրը չեն կարող ընտրողների ցուցակների ճշգրտումներ անել, դրանք ավելի շատ ցուցակներ են մարդկանց բերման ենթարկելու համար, նաև ընտրակաշառքների բաշխման, արդյունքների նկատմամբ վերահսկողության գործիք են հանդիսանում, և դրա մասին փաստեր է ներկայացրել ԵԼՔ դաշինքը մի քանի օր առաջ»: