ՀՔԾ-ն կհամարձակվի՞ պատժել ոստիկաններին
10:38, July 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀատուկ քննչական ծառայությունը, որը քրեական գործ է հարուցել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների առնչությամբ, պետք է ոստիկանությունից պահանջի ծառայողական քննության նյութերը, որպեսզի դրանք քննության շրջանակներում ուսումնասիրի և դրանց նաև իրավական գնահատական տա:
Այս կարծիքին է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ոստիկանապետի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության արդյունքում նշանակված կարգապահական տույժին ու խիստ նկատողությանը:
«Ոստիկանությունը, թե ինչ ծառայողական քննություն է իրականացնում, ոնց է որոշում, թե ում նկատմամբ կարգապահական տույժ կիրառի, դա իր գործն է: Մենք ունենք հարուցված քրեական գործ՝ ոստիկանության ապօրինի և քրեորեն հետապնդելի գործողությունների փաստերի հիման վրա: Մենք կսպասենք և ակտիվորեն կմասնակցենք այդ քրեական գործի ընթացքին և արդյունքներին: Մեկը մեկով չի կարող փոխարինվել: Չգիտեմ, թե ինչ դեպքեր են, որոնցով կարգապահական տույժ է սահմանել, Մեհրաբյան, Ղալեչյան, Մանուչարյան, կապիտան, օպերլիազոր Վարդանյան… Ուղղակի անուններ, բայց կոնկրետ չի անդրադառնում, թե ինչ գործողությունների համար են ոստիկանության այս աշխատակիցները կարգապահական տույժի ու խիստ նկատողության ենթարկվել»,- ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը նշում է, որ այս ծառայողական քննության արդյունքները վկայում են, որ ոստիկանությունն էլ է ընդունում՝ այդ օրը ոստիկանների կողմից ոչ պատշաճ գործողությունների վերաբերյալ քաղաքացիների բողոքները հիմանավոր են:
«Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում դա ենթադրում է, որ քրեորեն հետապնդելի արարքներ են թույլ տրվել: Այնպես որ, ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական գործին: Ելնելով քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացնելու պահանջից, ՀՔԾ-ն պետք է պահանջի ոստիկանությունից այդ ծառայողական քննության նյութերը, որպեսզի տեսնի, թե ինչ ուսումանասիրություններ են կատարվել, ասինքն՝ քրեական հետապնդման և քրեական գործի շրջանակներում արդյոք դա օգտակար ինֆորմացիա է պարունակում, թե ոչ»,- ընդգծեց նա:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ Lragir.am-ի հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ իշխանությունները կբավարարվեն այսքանով և քրեական գործեր չեն հարուցի այդ օրը բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ: Դա է ցույց տվել նախկին փորձը:
Նա նշեց, որ նորմալ է, երբ ոստիկանությունը ներքին ծառայողական քննություն է իրականացրել և տույժեր է սահմանել, բայց արդյոք այդ ոստիկանների գործողություններում անօրինականության և քրեական տարր կա, դա պետք է պարզի Հատուկ քննչական ծառայությունը:«Սպասենք ՀՔԾ-ի գործողություններին, որովհետև, իմ կարծիքով, քրեական տարրեր կան: Դրանք լրագրողների նկատմամբ գործադրված բռնություններն են, որոնք հստակ են երևում, հավաքը ցրելը, ցուցարարների նկատմամբ որոշ բռնության դեպքերը, նաև նրանց ազատությունից ապօրինաբար զրկելը՝ մոտ 9 և ավելի ժամ պահելը, անօրինական նարկոդիսպանսեր տանելը և այլն:
Արդյոք ՀՔԾ-ն որոշ ոստիկանների պատժելու տեսանկյունից կունենա՞ այդքան համարձակություն, որը կախված է նաև նախագահի ցուցումից, իմ կարծիքով՝ ոչ: Իմ կարծիքով՝ իշխանությունները կբավարարվեն այնքանով, ինչն արել է ոստիկանությունը՝ ծառայողական քննությամբ”,- ասաց Իշխանյանը:Նրա խոսքով՝ իրավական պետության տեսանկյունից ծառայողական քննության արդյունքը չպետք է կանխորոշի հետագա գործընթացը: «Բայց մեր դեպքում կասեն՝ սրանով բավարարվեք»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն այնքան բավարար ապացույցներ կարող է ունենալ, որ կարող է նորմալ քրեական գործ հարուցել: Ծառայողական քննության արդյունքները լրացուցիչ, բայց կարևոր ապացույցներ կարող են լինել:
Աղբյուր՝ www.lragir.am