Իշխանությունը ամենից շատ վախենում էր «մայդանային» տեխնոլոգիաներից. իրավապաշտպաններ
16:07, July 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՈստիկանության գործողություններն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում, մասնավորապես՝ հունիսի 23-ի դեպքերին, ըստ իրավապաշտպանների, ուժի ցուցադրում էր և պատժիչ գործողություն:
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «A1+»-ի հեռուստատաղավարում այս թեմայով քննարկմանը մասնակցում էին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը:
«Թե ինչու հունիսի 23-ի առավոտյան կիրառվեց այդ բռնությունը, ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ: Ոստիկանությունը իր ամբողջ զինանոցը գործադրեց նստացույցի շուրջ 300 մասնակցի վրա, որոնց կեսն էլ ոստիկանության աշխատակիցներն էին: Այս ուժի կիրառումը ամբողջ զինանոցով ես անվանում եմ ցինիկ, հերթական ուժի ցուցադրում, որպեսզի վախեցնեն քաղաքացիներին, և նրանք հրաժարվեն իրենց բողոքը ցույց տալուց, բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա որև է արդյունք չունեցավ»,-ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ շուրջ 15 օր քաղաքացիական հասարակությունը նստացույց անկացրեց Բաղրամյան պողոտայում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, պահանջելով իշխանություններից չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:
Սակայն Բաղրամյանի նստացույցի առաջին օրը՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան, ժամը 05:30-ի սահմաններում նստացույց իրականացնող երիտասարդների նկատմամբ ոստիկանությունը կիրառեց բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատեց Բաղրամյան պողոտան: Ըստ պաշտոնական տվյալների՝ ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանցից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել են բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում:
Բռնություններից անմասն չէին մնացել որոշ լրագրողներ և օպերատորներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն էին ծավալում դեպքի վայրում:
«Իշխանության լեգիտիմության բացակայության, ապաշնորհ և անարդյունավետ քաղաքականության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ նույնիկ փոքր, լոկալ խնդիրները, որոնք կարող են հուզել հասարակության 100 հոգանոց սեգմենտի, իշխանության համար կենսական վտանգ է սկսել ներկայացնել: Հունիսի 23-ի դեպքը խոսում է իրավապահ համակարգի և հանրային կառավարում իրականացնող պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, որոշումների սիրողական մակարդակում կայացնելու մասին»,-ասում է քննարկման մասնակից Տիրգրան Եգորյանը:
Նա հավելում է, որ որոշումները չեն կայացվում՝ ելնելով իրավունքի և իրավիճակի օբյեկտիվ քննարկման արդյուքնում:
Դանիել Իոաննիսյանն ասում է, որ իշխանությունը ամենից շատ վախենում էր «մայդանային» տեխնոլոգիաներից:
«Եվ այն, որ հունիսի 23-ից հետո երկու շաբաթ շարունակ իշխանությունը որևիցե ցուցարարի մատով չկպավ, բացատրվում է նրանով, որ որ իշխանությունը վախենում էր ևս մեկ անգամ բարկացնել ցուցարարներին, որովհետև հասկանում էր, որ սա կարող էր ոչ միայն մարդկանց քանակի բազմապատկման բերել, այլև պահանջների և պայքարի մեթոդների խստացման: Ի տարբերություն բազմաթիվ այլ դեպքերի, այս անգամ որևիցէ ցուցարար մատով որևէ ոստիկանի չի կպել, սա եղել է բացարձակ խաղաղ ակցիա»,-նշում է Իոաննիսյանը:
Ըստ նրա՝ 2013-2014 թթ-ին տարբեր տեսակի հավաքաների ժամաանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 286 քաղաքացու, իսկ միայն Բաղրամյան պողոտայի պայքարի ժամանակ հունիսի 23-ին և հուլիսի 6-ին բերման է ենթարկվել ճիշտ նույն քանակով քաղաքացի:
«Այսինքն բոլոր ռեկորդները խփված են, սա պատժիչ գործողություն էր»,-ընդգծում է Իոաննիսյանը:
Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Ոստիկանությունը իներցիայով է առաջնորդվել:
«Նույն ժամին Գյումրու թատերական հրապարակից բերման են ենթարկվեկ 13 հոգի, որոնցից մեկը կասկածյալ է, մնացաածը վկաներ: Այդ վկաներին ստիպել են հանվել ոստիականատանը, առգրավվել են նրանց ամբողջ հագուստը և բջջային հեռախոսները: Մի քանի հոգի ասել են նույնիսկ բա մեզ խի՞ չեք տանում, ասել են ավտոների մեջ տեղ չկա: Այսինքն աբսուրդի հասնող գործողություններ են եղել»,-նշում է Բարսեղյանը:
Արման Դանիելյանը հղում է կատարում «Ոստիկանության մասին» օրենքին և նշում, որ ըստ հոդված 12-ի, ոստիկանը այդպիսի միջոցառումների ժամանակ, պետք է կրի սահմանված նմուշի հագուստ:
«Որի վրա պետք է լինի այդ ոստիկանի նույնականացման նշանները, անունը կամ համարը: Բնական է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանների վրայի թևկապը, որոնց վրա գրված էր police, ոչ միայն լեզվի մասին օրենք է խախտում, այլև ոստիկանության մասին օրենք: Ոստիկանությունը պանիկայի աստիճանի վախենում է հանրային միջոցառումներից և հեղափոխություններից, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անում են, որ հասարակությունը իր կարծիքը հասնելու ուրիշ խողովակ չունենա, քան հենց հանրային միջացառումը, որովհետև Ազգային Ժողով չունենք, Հանրային խորհուրդ չունենք: Միակ ձևը, որ ուզում ես քո ձայնը հասցնես իշխանություններին, պետք է դուրս գաս փողոց»,-հավելեց Դանիելյանը:
Նշենք, որ «Մեդիա կենտրոնը» հրավեր էր ուղարկել նաև Հատուկ քննչական ծառայություն, Ոստիկանություն և Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովներ, սակայն այս կառույցներից հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:
Բանավեճի ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ:
Աղբյուրը՝ www.medialab.am