Հետաձգվեց Հովհաննես Կաթրջյանի գործով բողոքի քննությունը
16:19, July 14, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հուլիսի 14-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Բեկթաշյանի, նշանակված էր Հովհաննես Կաթրջյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարանի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, հետախուզումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննություն:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Հ. Կաթրջյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և դատախազ Գ. Մարգարյանը:
Նախագահող դատավոր Ա. Բեկթաշյանը հայտնեց, որ վարույթն իրականացրած մարմինը քրեական գործի նյութերը դեռևս չի ներկայացրել դատարան, որի հիմքով հնարավոր չէ շարունակել դատական նիստը: Դատախազ Գ. Մարգարյանը հայտնեց, որ վարույթն իրականացրած քննիչը գտնվում է արձակուրդում, և հավանաբար այդ պատճառով քրեական գործի նյութերը չեն ներկայացվել դատարան:
Հ. Կաթրջյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ բողոքում բազմաթիվ հղումներ են կատարված քրեական գործի նյութերին, ուստի բողոքի քննության ժամանակ դրանց առկայությունն անհրաժեշտ է:
Այսպիսով, բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. հուլիսի 30-ին, ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Հ. Կաթրջյանը 1985 թվականից ապրում է սրտի խթանիչ սարքով, երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին վիրահատվել է «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում»: Վերջին դեպքում վճարվել է 8-10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարքի տեղադրման համար գնացուցակով նախատեսված գումարը: Հետագայում Հ. Կաթրջյանը պարզել է, որ տեղադրվել է 5 տարի 5 ամիս գործարանային ծառայության ժամկետ ունեցող սարք, իսկ 2004 թվականին տեղադրվել է արդեն իսկ մեկ անգամ օգտագործված սարք, ինչը սարքն արտադրող ընկերությունը չի նախատեսում: Կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն այն կարճվել է 2015 թ. ապրիլի 13-ին Երևան քաղաքի դատախազության դատախազ Գ. Մարգարյանի կողմից: