Ռուսաստանը պատասխան կտա հայ ընտանիքի սպանության համար
10:01, July 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների իրավահաջորդի ներակայացուցիչ Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե ՄԻԵԴ-ը բավարարեց գանգատը, ապա նյութական փոխհատուցում պետք է վճարի ՌԴ-ն։«Դիմումը ձևակերպված է գործի նյութերի հիման վրա, որովհետև քրեական գործ էր հարուցել ռուսական կողմը և տուժողի իրավահաջորդ չէին ներգրավել Ավետիսյանների ընտանիքի հարազատներին», հավելել է իրավապաշտպանը։Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունը չպետք է դիմեր համապատասխան պահանջով, Սաքունցն արձագանքել է, որ դատական գործընթացը ցույց է տալիս՝ իշխանությունները որևէ քայլ, որը ՌԴ-ի շահերին է դեմ, պատրաստ չեն կատարելու։
«Առայժմ դատական պրոցեսն ընթանում է, և դատական պրոցեսի ընթացքի հիման վրա միանշանակ ունենք եզրակացություն, որ դատավորը կաշկանդված է, Հայաստանը հանձինս իր իշխանությունների պատրաստ չէ հանդես գալու իր քաղաքացիների շահերի պաշտպանության դիրքում»։Թե ինչ ընթացք կստանա դատական գործընթացը, իրավապաշտպանը չի շտապում գնահատել։ Ըստ նրա՝ հենց սկզբից դատական նիստերի անցկացումը ռուսական բազայի տարածքում, դատավորի վերաբերմունքը միջնորդություններին, ակնհայտ իրավական հիմնավոր միջնորդություններին նրա բացասական վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը ակնհայտորեն մասնակցում է այդ դատական պրոցեսին, ինքն է թելադրում, թե դատավորն ինչ անի. «Մենք գիտենք, որ դատարանն անկախ չէ, բայց հիմա առավել քան ակնհայտ է, որ դատարանն այս պահին կատարում է քաղաքական իշխանության հրահանգը, որպեսզի նույն ձևի պահի իրեն, ինչպես ինքն է պահում ՌԴ քաղաքական ղեկավարների հետ հարաբերությունների ժամանակ», ասել է իրավապաշտպանը։