ՀՀ ՀՔԾ-ն ու քաղաքացիների ոտնահարված իրավունքները
18:14, October 14, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունՀՀ հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը եւ արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:
Օրենքի այս դրույթը ենթադրում է անաչառություն, մարդու իրավունքների պաշտպանություն և ՀՀ քաղաքացու իրավունքների անկողմանակալ պաշտպանություն ցանկացած դեպքում, հատակապես օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների( ՀՀ ՀՔԾ մասին ՀՀ օրենք 2-րդ հոդված, 1-ին մաս) դեպքերում:
Հաշվի առնելով օրենքի նշված դրույթները ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կազմակերպություն դիմած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին է ներկայացրել հանցագործության մասին հաղորդումներ: Այս հաղորդումներում ներկայացվել են վերոհիշյալ կառույցների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների ոտնահարումների ու օրենքի խախտումների դեպքերի առկայության պատճառով:
Սակայն հանցագործության մասին երեք հաղորդումներից և ոչ մեկի վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ի կողմից պատասխան չի ստացվել, հայտնի չէ կայացվել է որոշում այդ հաղորդումների հիման վրա, թե ոչ, քանի որ մինչ օրս, նույնիսկ կրկնակի հարցման միջոցով հնարավոր չի եղել ստանալ հաղորդումների հիման վրա կայացված որոշումները:
ՀՀ ՀՔԾ կողմից ակնհայտ անգործություն է դրսևորվում կազմակերպության կողմից ներկայացված հաղորդումների նկատմամբ, այն դեպքում, երբ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է հնարավորինս սեղմ ժամկետ հաղորդումների ընթացքը լուծելու համար:
ՀՀ ՀՔԾ-ից չստանալով որևէ պատասխան կազմակերպությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրանքով պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը տրամադրել կազմակերպության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ կայացված որոշումները:
Հույս ենք հայտնում, որ ՀՀ գլխավոր դատախազը կարձագանքի կազմակերպության դիմումին և ՀՀ Հատուկ քննչական ծառաթյանը կպարտավորեցնի տրամադրել հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ կայացված որոշումները: