Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության առաջարկները Ղարաբաղի խնդրի վերաբերյալ
20:33, November 14, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության՝ օրերս Հելսինկիում ստորագրած հայտարարությունը լուրջ ուղերձներ ունի, որոնք անուշադրության մատնելը նշանակում է կողմնակից չլինել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության երկու կողմերի ղեկավարներն են արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը և 1993-99 թթ. Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական և քարտուղարության ղեկավար Էլդար Նամազովը: Նախաձեռնությունը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ նմանօրինակ հայտարարություն տարածել էր նաև 2010 թվականին:
Արթուր Սաքունցը նկատում է, որ այս հայտարարությունը փաստում է՝ այն բոլոր հարցերը, որոնք իշխանությունների մակարդակով դեռևս համաձայնեցված չեն, քաղաքացիական հասարակության մակարդակով համաձայնեցված են: Հետևաբար, սա բավական լուրջ արդյունք պետք է համարել, որի հիման վրա պետք է հետագա գործողությունները կատարեն և Մինսկի խումբը, և հակամարտության լուծմամբ զբաղվող այլ կառույցները:
Նկատելով, որ Ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելն այսօր ձեռնտու է Ռուսաստանին՝ Արթուր Սաքունցն ասում է, որ այս հայտարարության հիմքում դրված են առաջարկություններ և մոտեցումներ, որոնք հակամարտող երկրների ժողովուրդների կենսական շահերից են բխում, հետևաբար պետք է պատշաճ ուշադրության արժանանան:
«Այսինքն՝ այստեղ գտնվել է մի ֆորմատ, հնարավորություն, որտեղ հակամարտող կողմերի քաղաքացիների կենսական շահերն են՝ խաղաղությամբ ապրել, ժողովրդավարական, իրավավական, տնտեսական զարգացման երաշխիքներ ունենալ, սա համադրվել է մի ամբողջական ձևաչափի մեջ: Այստեղ ամբողջացվում է շահերի ընդհանրացման գաղափարը: Այս տեսակետից, բոլոր այն ուժերը, որոնք կողմ են կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, ժողովրդավարությանը ձգտող են, չեն կարող ուշադրություն չդարձնել փաստաթղթին: Նման հարցերին ուշադրություն չդարձնելն ըստ էության նշանակում է աջակցել պատերազմին և ուժային մեթոդներով խնդիրները լուծողներին»,- ասում է նա:
Արթուր Սաքունցն այս հայտարարությունում մի քանի կարևոր փաստեր է արձանագրում: Առաջինը, նրա խոսքով, այն է, որ անդրադարձ է կատարվում այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանում արձանագրված լարված իրավիճակին: Հայտարարությունում երկու կողմերը գտնում են, որ դա այնպիսի օրինակ է, որը ցույց է տալիս, որ հակամարտության չլուծված լինելը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որը կարող է օգտագործվել միջազգային խաղացողների կողմից:
Սաքունցի խոսքով՝ միջազգային խաղացող ասելով՝ խոսքը տվյալ դեպքում պուտինյան Ռուսաստանի մասին է, որ պատերազմ է հրահրում, որպեսզի թուլացնի երկու կողմերին:
Մյուս կարևոր հանգմանաքն այն է, որ հայտարարությամբ կոչ է արվում սկսել գծել համակամարտության վերջնական լուծման ճանապարհային քարտեզը:
«Շատ կարևոր է նաև հայտարարության այն հատվածը, որ բացի այն երեք հիմնական սկզբունքներից, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեություն հիմքում են դրված՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը, նաև առաջարկում է վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքն առաջ քաշել: Այսինքն՝ եթե կան վեճեր, ապա դրանք անպայման պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն: Այս հայտարարությունն այս տեսանկյունից արդեն իսկ բավական լուրջ առաջարկություն է հենց Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա նկատում է, որ հայտարարությունում ամրագրվում է, որ դեռևս 2010 թվականին նախաձեռնության կողմից որոշակի առաջարկություններ էին ներկայացվել, որոնք հաշվի չէին առնվել Մինսկի խմբի կողմից: Նոր առաջարկությունները վերստին հիշեցնում են նախկին առաջարկությունները և միաժամանակ ամրագրում, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից արված նման առաջարկությունները հաշվի չառնելը հանգեցնում է նրան, որ կարող է վիճակը վատթարանալ:
Սաքունցի խոսքով՝ շատ կարևոր է, որ հայտարարության հեղինակները գտնում են, որ խաղաղության ապահովման համար պետք է անպայման ներգրավվել միջազգային ուժեր: «Մենք գիտենք, որ փորձ է արվում, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերը ներգրավվեն գործընթացում, բայց հայտարարությունում նշվում է, որ միջազգային խաղարար ուժերի ներգրավումը խաղաղության ապահովման համար կարող է թույլատրելի միջոցներից մեկը լինել: Ըստ էության սա աջակցություն է Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի հայտնի հայտարարությանը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հայտարարության մեջ արծարծված մյուս կարևոր խնդիրն, ըստ Արթուր Սաքունցի, այն է, որ կողմերն առաջ են քաշում տարածաշրջանին զենքի, հատկապես հարձակվողական զենքի վաճառքի արգելքի անհրաժեշտությունը: «Կոնֆլիկտի չլուծվածության պարագայում սպառազինությունների այն մրցավազքը, որը հիմա տեղի է ունենում, առաջին վտանգավոր գործոններից մեկն է: Իսկ մենք գիտենք, որ սպառազինությունների մրցավազքի հարցում հիմնական դերակատարը Ռուսաստանն է: Հայտարարությունում կարևորվում է, որ միջազգային հանրությունը պետք է արդյունավետ քայլեր կատարի, որպեսզի սպառազինության վաճառքը կոնֆլիկտի տարածաշրջան դադարեցվի»,- ասաց նա:
Հայտարարությունում կաևորվում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու խնդիրը, որը, Սաքունցի խոսքով, նույնպես կարևոր կետերից է:
«Ինձ համար մի փոքր տարօրինակ էր, որ այս հայտարարության տեքստը, որը վերաբերվում է Ղարաբաղյան հիմանխնդրին և բավական լուրջ ուղերձներ ունի, պատշաճ հանրային դիսկուսիա չառաջացրեց: Նույնիսկ դրանում ներկայացված առաջարկությունները քննարկման առարկա չդարձան: Սա հայ-ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների միջև ստորագրված փաստաթուղթ է, պետք է ուշադրություն դարձնել, սա անուշադրության մատնելը նշանակում է հրաժարվել այդ հիմնախնդրի նկատմամաբ այն հետաքրքրությունից, որի վերաբերյալ այլ իրավիճակներում փորձում են իրենց վերաբերմունքն արտահայտել քաղաքական կամ հասարակական գործիչները: Տարօրինակ է, որ տվյալ դեպքում լռում են: Կենսական և բուն բովանդակային նշանակության առաջարկությունների ժամանակ երբ լռում են, դա նշանակում է զբաղված են պոպոլիզմով»,- նշեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.lragir.am