Համերաշխության կոալիցիայի անդամները ողջունում են Արիֆ Յունուսի ազատ արձակումը և վերահաստատում են քաղաքական դրդապատճառներով կալանավորված ակտիվիստներին անվերապահ ազատ արձակելու կոչերը
21:34, November 14, 2015 | Համատեղ, ՀայտարարություններՄենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամներս, մեծ ուրախությամբ տեղեկացանք Ադրբեջանի առավել հայտնի քաղաքական բանտարկյալներից մեկի՝ Արիֆ Յունուսի՝ առողջական խնդիրների բերումով ազատ արձակման մասին: 2015թ. նոյեմբերի 10-ին Բաքու քաղաքի Վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց` գործով ընթացող դատական լսումների ժամանակահատվածում տնային կալանքի տակ մնալու պայմանով: Թեև այս քայլը ողջունելի է, Արիֆ Յունուսի և նրա կնոջ ու համամեղադրյալ Լեյլա Յունուսի դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված գործով դատավարությունը շարունակվում է, և Լեյլա Յունուսը շարունակում է պահվել կալանքի տակ՝ չնայած իր առողջական վատ վիճակին: Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նաև Լեյլա Յունուսին, ինչպես նաև վերացնել զույգին մեղսագրվող մեղադրանքները և դատապարտումը և անվերապահ ազատ արձակել նրանց: Իրավապաշտպաններ և խաղաղության ջատագովներ Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվել են համապատասխանաբար՝ 2014 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին: 2015թ. օգոստոսի 13-ին՝ մի շարք խախտումներով [i] անցկացված դատաքննությունից հետո [i] նրանք մեղավոր են ճանաչվել խարդախության, հարկերից խուսափելու և տնտեսական այլ հանցանքների համար և դատապարտվել ազատազրկման՝ Լեյլան՝ 8,5 տարվա, իսկ Արիֆը՝ 7 տարվա: Ներկայումս Լեյլա և Արիֆ Յունուսների գործը վերաքննիչ դատարանում է: Զույգի դեմ ներկայացված պետական դավաճանության լրացուցիչ մեղադրանքները կքննվեն առանձին: Կալանավայրում նրանք երկուսն էլ ենթարկվել են վատ վերաբերմունքի և առողջական խնդիրներ ունենալով հանդերձ՝ զրկված են եղել անհրաժեշտ բուժօգնությունից: Ըստ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույսժնիեկսի՝ Լեյլա և Արիֆ Յունուսների գործը «վառ օրինակ է վերջին տարիներին Ադրբեջանում ծայր առած հալածանքների, ինչի շրջանակներում իրավապաշտպանները հետապնդումների են ենթարկվկում ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող օրենսդրությամբ և կողմնապահությամբ ընտրվում են որպես վստահելիությունը խաթարող մեղադրանքներով քրեական հետապնդման թիրախ»: [ii] Վերաքննիչ դատարանի՝ Արիֆ Յունուսի ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու երեկվա որոշումը կայացվել է նրա առողջական վիճակի վատթարացումից հետո: Արիֆի փաստաբանները խնդրել են ազատ արձակել նրան օտարերկրյա փորձագետների կողմից անցկացված բժշկական հետազոտությունից հետո, ովքեր եզրակացրել են, որ նրա շատ բարձր արյան ճնշումը կարող է հանգեցնել սրտի կաթվածի: Դատական որոշման հրապարակումից հետո Արիֆի առաջին խոսքերն էին. «Ես ոչ մի տեղ չեմ գնա առանց Լեյլայի»: Նա նշել է, որ իր կնոջ (ում մոտ ախտորոշվել է շաքարախտ եւ հեպատիտ C) առողջական վիճակը նույնպես շատ է վատթարացել ազատազրկման պայմաններում: Լեյլայի փաստաբանը և այլք զգուշացրել են, որ նրա բանտարկությունը արագ կվերածվի «մահապատժի»: Արիֆ Յունուսը հայտնի ադրբեջանցի քաղաքագետ և իրավապաշտպան է, Ադրբեջանի պատմության և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բազում աշխատությունների հեղինակ: Նա և կինը՝ Լեյլա Յունուսը, իրենց ողջ կյանքը նվիրաբերել են Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների պաշտպանության գործին: 1994 թվականին նրանք հիմնեցին Ադրբեջանում առաջին իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից մեկը և այդ ժամանակներից ի վեր՝ ջանասիրաբար զբաղվել են այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են քաղաքական հետապնդումները, կոռուպցիան, մարդկանց թրաֆիքինգը և գույքային իրավունքների խախտումները: Զույգի ծավալած գործունեության մյուս ուղղությունը հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև առկա հակամարտության կարգավորման և հաշտեցման գործընթացի խթանումն է: Լեյլա և Արիֆ Յունուսների դեպքը կազմում է Ադրբեջանում շարունակական բնույթ կրող քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ճնշումների գործընթացի մի մասը, որի շրջանակներում իրենց մասնագիտական գործունության բերումով ձերբակալվել, դատվել և դատապարտվել են քաղաքացիական հասարակության տասնյակ ակտիվիստներ, իրավապաշտպաններ և լրագրողներ:
Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք ոչ միայն Արիֆ և Լեյլա Յունուսներին, այլև երկրի կալանավայրերում և բանտերում անարդարացիորեն պահվող մյուս բոլոր ակտիվիստներին անվերապահ ազատ արձակելու մեր կոչը: Հարկավոր է վերջ դնել այս գործելակերպին: Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի ազգային սահմանադրությամբ և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային օրենսդրությամբ ստանձնած իր պարտավորությունները:
Հայտարարությունը ստորագրել են Քաղաքացիական համերաշխություն պլատֆորմի հետևյալ անդամները՝
«Միջազգային գործակցություն՝ հանուն մարդու իրավունքների» (Բելգիա)
«Պրոմո-Լեքս» ասոցիացիա (Մոլդովա)
«Հանրային Դատավճիռ» հիմնադրամ (Ռուսաստան)
Մարդու իրավունքների և օրենքի գերակայության ղազախական միջազգային բյուրո Քաղաքացիական Ազատությունների Կենտրոն (Ուկրաինա)
Մոսկվայի Հելսինկյան խումբ (Ռուսաստան)
«ՍՈՎԱ» տեղեկատվական-վերլուծական կենտրոն (Ռուսաստան)
Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն (Ռուսաստան)
«Ֆրիդոմ ֆայլզ» (Ռուսաստան)
Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի իրավակիրառ պրակտիկայի Ուկրաինայի մարդու իրավունքների մոնիտորների ասոցիացիա (Լեհաստան)
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)
Հոդված 19 (Միացյալ Թագավորություն)
«Հանրային այլընտրանք» Խարկովի տարածաշրջանային հիմնադրամ (Ուկրաինա)
Իրավական փոխակերպման կենտրոն (Բելառուս)
Սերբիայի մարդու իրավունքների հելսինկյան կոմիտե
Բարիս Զվոզսկաուի Բելառուսի Մարդու իրավունքների տուն (Լիտվա)
«Դաժան պատասխանատվություն» (Միացյալ Թագավորություն)
Բիր Դուինոյի իրավապաշտպան շարժում (Ղրղզստան)
«Յունայթիդ» միջմշակութային փոխգործակցություն (Նիդեռլանդներ)
[i] Տե՛ս՝ http://civicsolidarity.org/article/1121/sport-rights-coalition-condemns-conviction-human-rights-defenders-leyla-and-arif-yunus
[ii] Տե՛ս՝ http://www.coe.int/en/web/commissioner/-/azerbaijan-commissioner-muiznieks-intervenes-in-leyla-and-arif-yunus-case-before-the-european-court-of-human-rights