Հարկ՝ հայրենասիրության. 1000 դրամանոց ապահովագրությունն իշխանության պարազիտային մոտեցումն է
10:03, November 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերՀՀ կառավարությունն օրերս հավանության արժանացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը: Ըստ որի՝ մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ կստանան: Հենց այդ պատճառով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ ֆոնդից: Ֆոնդը կձևավորեն ՀՀ քաղաքացիները՝ յուրաքանչյուր ոք հունվարի 1-ից սկսած այդ ֆոնդին ամսական հազար դրամ կփոխանցի:
Անդրադառնալով այս նախաձեռնությանը, որի գաղափարական կնքահայրը Ս. Սարգսյանն է, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ անհասկանալի է, թե ինչու են ստեղծում մի ապահովագրական մեխանիզմ, երբ այն արդեն իսկ գոյություն ունի և գործում է: Ըստ իրավապաշտպանի՝ քաղաքացին հարկեր է վճարում և արդեն իսկ իր վճարած հարկերով հոգում է նաև զինծառայողի մասին: Անտրամաբանական է, թե ինչու է հատուկ հարկատեսակ սահմանվում:
«Օրենքով սահմանված բոլոր նորմերը գոյություն ունեն և կառույցները գոյություն ունեն: Եվ առանց որևէ գնահատական տալու արդեն իսկ ստեղծված կառույցների գործունեությանը՝ ևս մեկ կառույց է ստեղծվում, որը գալիս է ապացուցելու հետևյալը, որ ոչ թե փորձում են գործող մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնել կամ բարելավել, այլ ստեղծում են նոր մեխանիզմ: Զուտ թվաբանական մոտեցում է, ոչ թե բովանդակային: Սա ավելի շուտ պարազիտային մոտեցում է, որ ոչ թե խնդիրներ ես լուծում եղածը վերլուծելու, փոխելու, բարելավելու միջոցով, այլ դրան չանդրադառնալով, նույնիսկ դրա վերաբերյալ որևէ գնահատական չտալով՝ ստեղծում ես մի նոր կառույց»:
Ըստ Սաքունցի՝ ցավալին այն է, որ այդ մեխանիզմն աշխատեցնելու և գործի գցելու ամբողջ բեռը նորից դնում են ՀՀ քաղաքացիների վրա, ովքեր հարկեր արդեն վճարում են: «Պետական բյուջեի եկամուտների մասի ապահովումը մեր նշած հարկերով է պայմանավորված, իսկ հարկային այդ եկամուտների չափը և դրանց ծավալն ուղղակի պայմանավորված է իշխանության քաղաքականությամբ: Որովհետև որքանով որ տնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ է ստեղծում իշխանությունը, այնքան տնտեսական գործունեություն իրականացնողների թիվը, շահույթները և մուծվող հարկերն են ավելանում, և քո աշխատողների կենսամակարդակն է բարձր լինում, աշխատավարձերը բարձր են լինում, և եկամտահարկն էլ է ավելանում»:
Մյուս ռեսուրսն, ըստ Սաքունցի, կոռուպցիայի դեմ պայքարն է, ստվերային գործունեության ծավալը հասնում է 50-60 տոկոսի: ՀՀ-ում դա կառավարության, իշխանության՝ կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի հետևանք է:
«Սա ի՞նչ է նշանակում, որ դու մատը մատիդ չտալով, անպտուղ, անգրագետ և հանցավոր տնտեսական քաղաքականություն իրականացնելով՝ քաղաքացիներին ցածր կենսամակարդակ ես ապահովում ՝բյուջեից եկամուտները նվազեցնելով, և հիմա խնդիր ես ուզում լուծել՝ վերստին լրացուցիչ բեռ դնելով քաղաքացիների վրա:
Սեփական հանցավոր անգործությունը ծածկելու և դրա հետևանքով առաջացող խնդիրները չլուծելով՝ փորձ է արվում ընտրել այդ խնդիրների լուծման ամենապարզունակ պարազիտային ճանապարհը»:
Ըստ իրավապաշտպանի՝ սա հանգեցնելու է կենսամակարդակի նվազման, քանի որ ոչ միայն իշխանությունները ջանք չեն խնայում, աննպատակահարմար են համարում կոռուպցիայի դեմ պայքարել, փոխարենը այս խնդրի լուծման պատասխանատվությունը դնում են քաղաքացիների վրա:
«Ու քիչ է՝ դու ֆինանսական բեռ ես դրել, նաև զգացմունքները շահարկելու ճանապարհ ես ընտրել»:
Քաղաքացիների մոտ առկա է մեծ դժգոհություն այս գաղափարի հետ կապված, ըստ Սաքունցի, մի քանի պատճառներով: Նախ որ իսկապես սոցիալական մակարդակը շատ ծանր է, և քաղաքացիների մեծ մասի համար 1000 դրամը մեծ գումար է: Այն դեպքում, երբ ՀՀ արդարադատության նախարարությունն է հայտարարում, որ ժողովրդի 60 տոկոսը թերսնվում է, իսկ ամեն 3-4-րդ երեխան սոված է, նշանակում է, որ 1000 դրամն իրավիճակ է փոխում:
«Երկրորդը՝ այն նույն գեներալները, ովքեր հանդես են գալիս որպես երկիրը փրկողներ, մեծ-մեծ բրդողներ, նույն Խաչատուրովը, նույն Վիգեն Սարգսյանը, Ս. Սարգսյանն իր եղբայրներով, միլիոնատերերով, դրանց հարստացման հիմքերին չանդրադառնալով՝ դու խնդիր ես ուզում լուծել մնացած քաղաքացիների հաշվին:
Եվ այստեղ է դժգոհությունը մեծանում այն մարդկանց, որոնց աչքի առաջ են նաև այդպիսինները միլիոններ կուտակել: Տեսնում են՝ այս համակարգով ինչ կոռուպցիոն հանցագործություններ են տեղի ունենում, որոնց հետ իրենք ուղիղ կապ չունեն, բայց իրենց աչքի առաջ են թալանում»:
«Երրորդ շերտին դժգոհություն է պատճառում սոցիալական անարդարությունը, որ միլիոններ տնօրինողը և 50-60 հազար դրամ ստացողը նույն կարգի են ֆինանսավորելու այդ համակարգը: Միլիոնատերերից հավաքվելու է 1000-ական դրամ, և մյուսներից էլ 1000 դրամ են վերցնելու: Այսինքն եկամուտներն ապահովելու է քաղաքացիների հաշվին: Քիչ է՝ այդ քաղաքացին շահագործվում է ապօրինությունների, կոռուպցիոն գործունեության հետևանքով, վնասներ է կրում, նաև հատուցելու է իշխանության հայրենասիրական պրոեկտը:
Ես սա կուզենայի անվանել հարկ հայրենասիրության, այսինքն իշխանությունն իր հանցագործ և անգրագետ մտածելակերպով նույնիսկ հայրենասիրությունն է արժեզրկում: Այս նախագծի միջոցով կբացահայտվի իշխանության հայրենասիրության ողջ էությունը, որ ինքն իր անձեռնմխելի թայֆայով բացարձակապես պատրաստ չէ պետության անվտանգության մասին մտածելու և ծանրության բեռը դնում է տուժած քաղաքացիների վրա»: