Մաշտոցի պողոտայի ցուցարար Վարդան Բալյանի գործով դատարանը որոշում կկայացնի
11:42, November 14, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա.Դիլանյանի, կայացավ 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վարդան Բալյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Վ. Բալյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, պատասխանող Վ. Բալյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախագահող դատավոր Ա. Դիլանյանը նշեց, որ 2016 թվականի սեպտեմբերի 29-ին նշանակվել էր վճռի հրապարակման օր, սակայն այդ ընթացքում պատասխանողի կողմից առարկություն ներկայացնելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ճշտել որոշ փաստեր, որի հիմքով գործի դատաքննությունը վերսկսվել է: Մասնավորապես՝ դատարանը նշեց, որ անհրաժեշտ է պարզել Վ. Բալյանի կողմից կատարված գործողությունները հավաքի ընթացքում՝ Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում պառկելու, շղթաների վերաբերյալ: Դատարանը որոշ հարցեր ուղղեց հայցվորի ներկայացուցչին արձանագրությամբ նշված արարքների և դրանք պատասխանողի կողմից կատարված լինելու վերաբերյալ, որից հետո հետազոտվեցին հայցվոր և պատասխանող կողմերի ներկայացրած տեսաձայնագրությունների համապատասխան հատվածները:
Այնուհետև Դատարանը հնարավորություն տվեց կողմերին ցանկության դեպքում հանդես գալու ամփոփիչ ճառերով: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը պնդեց ներկայացված հայցը և խնդրեց այն բավարարել:
Պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն ամփոփիչ ճառում անդրադարձավ հավաքի ընթացքում Վ. Բալյանի կողմից հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողություններ չկատարելու հիմնավորումներին՝ նշելով, որ հավաքի «բնականոն ընթացքը» կոնկրետ դեպքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրության իրականացումն է, որի ընթացքում հավաքի մասնակիցները պետք է զերծ մնան բռնի գործողություններից: Այսինքն՝ յուրաքանչյուր հավաքի «բնականոն ընթացքը» որոշվում է տվյալ հավաքի մասնակիցների (կազմակերպչի) կողմից և կախված է հավաքի նպատակներից: 2016 թ. մարտի 24-ի հավաքը մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում, և Վ. Բալյանը հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող որևէ գործողություն չի կատարել: Տ. Սիրադեղյանը դիրքորոշում ներկայացրեց նաև հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու իրավախախտման հիմքով Վ. Բալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցի վերաբերյալ՝ նշելով, որ չկա որևէ օրենք, որտեղ սահմանված լինեն ոստիկանության պահանջները: Բացի դրանից՝ գտավ, որ ոստիկանության պահանջը պետք է ներկայացվի որոշակի կարգով, ու այդպիսով, խնդրեց մերժել ՀՀ Ոստիկանության՝ Վ.Բալյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցը: Միաժամանակ Տ. Սիրադեղյանը նշեց, որ հանդիսանում է նույն հավաքի օրը ձերբակալված այլ հավաքի մասնակիցների ներկայացուցիչը ու դատարան ներկայացրեց նրանցից մեկի վերաբերյալ նախապատրաստված նյութերի պատճենները՝ նշելով, որ դրանցում առկա ոստիկանության աշխատակիցների բացատրություններն ամբողջությամբ կրկնում են Վ. Բալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերում առկա բացատրություններին ինչպես բովանադակային, այնպես էլ ձևական առումով՝ ենթադրելով, որ դրանք պատճեններ են: Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը նշեց, որ վարչական վարույթի նյութերում առկա բացատրությունները պետք է ճանաչվեն ապացուցողական ուժ չունեցող ապացույց:
Դատարանը գործի դատաքննությունը համարեց ավարտված և հայտարարեց գործով որոշման կայացման օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:30-ին: