Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով տեղի կունենա առաջին դատական նիստը
22:49, December 14, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. հունիսի 16-ին «աղիքային սուր ինֆեկցիա» ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել չորս տարեկան Կարինե Հովհաննիսյանը, ով ժամեր անց բժշկական կենտրոնում մահացել է: Ինչպես նշում են երեխայի հարազատները, հիվանդանոց տեղափոխվելուց առաջ երեխայի վիճակը բավականին լավ է եղել, նա կարողացել է ինքնուրույն բարձրանալ համապատասխան բաժանմունք:
Բժշկական օգնություն ցույց տալու ընթացքում, երբ Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ը կատարելիս է եղել ստամոքսի երկրորդ լվացումը, երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Ինչպես հետագայում պարզ է դարձել, մինչև վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելը երեխան արդեն գտնվել է կլինիկական մահվան վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Նախաքննության շրջանակներում կատարված փորձաքննությունը հաստատել է, որ բժշկի կողմից անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել, որոնք կարող էին կանխել հետագա բարդացումները:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի շրջանակներում Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչի միջնորդությամբ Արմավիր ԲԿ տնօրենության կողմից ժամանակավոր կասեցվել է բժշկի մասնագիտական գործունեության իրականացումը:
Քրեական գործի շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը և գրասենյակի իրավաբան Ա. Չատինյանը ներգրավված են որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ովքեր մասնակցել են գործի քննության ողջ ընթացքին:
Նախաքննությունն ավարտված է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2015 թվականի դեկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում նշանակված է առաջին դատական նիստը: