Գյումրի քաղաքում տեղի ունեցավ հերթական դասընթացը նախազորակոչային տարիքի անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին
18:29, December 14, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. դեկտեմբերի 13-ին Գյումրու Ասպարեզ ակումբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվեց դասընթաց նախազորակոչային տարիքի անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին։
Դասընթացի ընթացքում ներիկայացվեցին զորակոչիկների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայություն անցնելու գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, բժշկական հետազոտությունների իրականացման ընթացկարգերը, զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումները։
Կազմակերպության Խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի կողմից ներկայացվեցին զորակոչի և զինծառայության ընթացքում իրականացվող բժշկական հետազոտությունների իրականացման գործընթացում զորակոչիկների իրավունքները, համապատասխան ընթացակարգերը, ինչպես նաև զորակոչիկների և զինծառայողների իրավունքների խախտումների կանխարգելման հնարավորությունները: Դասընթացի մասնակիցները ներկայացրին բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասին անձամբ էին առնչվել՝ բժշկական հետազոտությունների համար բժշկական հանձնաժողովներում երկարատև հերթերը, համապատասխան հետազոտություն անցնելու համար տարբեր բժշկական հաստատություններ հասնելու խնդիրը, հետազոտությունների ոչ պատշաճ իրականացումը, արդյունքների հետ անհամաձայնությունը և զինծառայությանը պիտանելիության վերաբերյալ անօրինական որոշումների կայացումը և այլն։
Արմինե Սադիկյանի կողմից ներկայացվեցին նաև անձանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և ազատելու հիմքերը, ժամկետները և տարկետում տրամադրելու դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան գերատեսչությունների պարտականությունները։
Մասնակիցներին ներկայացվեցին նա 2015-2016 թթ. ձմեռային և 2016 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին վիճակագրական տվյալները, ինչպես նա նշված զորակոչերի ընթացքում հաճախ արձանագրվող խախտումների մասին տեղեկությունները։
Մասնակիցների հետ ակտիվ քննարկում և երկխոսություն ծավալվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին զեկույցի շուրջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման դասընթացներ անհրաժեշտության դեպքում իրականացնում է Հանրապետության տարբեր մարզերում:
Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն զորակոչի ընթացքում, ովքեր համաձայն չեն իրենց առողջական վիճակի հետազոտման արդյունքների հետ, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ անվճար իրավական աջակցություն ստանալու համար:
Մանրամասները՝ այստեղ