Հայտնի դարձան «Ես իրավունք ունեմ….» խորագրով մրցույթի հաղթող լուսանկարները. միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան
18:53, December 14, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր օրվան նվիրված միջոցառում՝ «Ես իրավունք ունեմ….» խորագրով:
Միջոցառման սկզբում, որն ուղեկցվում էր համանուն խորագիրը կրող մրցույթին մասնակցած լուսանկարների ցուցադրությամբ, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որն իր խոսքում կարևորեց մարդու իրավունքների օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
Անդրադարձ կատարելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմանն ու դրանում ամրագրված սկզբունքներին՝ Ա. Սաքունցը կարևորեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային տարբեր կոնվենցիաներին և մի շարք միջազգային կառույցներին անդամակցելու կարևորությանը՝ արձանագրելով, որ դեռևս մենք հետամուտ չենք մեր ունեցած հնարավորությունները հօգուտ ՀՀ քաղաքացու լիարժեք իրականացնելուն:
Հաջորդիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրին ընթացիկ տարում մարդու իրավունքների վիճակը՝ ըստ Կազմակերպության ունեցած տվյալների:
Միջոցառման երկրորդ մասում ցուցադրվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2014-2015 թթ. Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին պատմող «Պարբերական հիվանդություն» տեսահաշվետվություն-ֆիլմը:
Ներկաները ֆիլմի վերաբերյալ կարծիքներ փոխանակեցին, հանդես եկան առաջարկներով:
Միջոցառման ավարտին պարգևատրվեցին «Ես իրավունք ունեմ….» խորագիրը կրող լուսանկարների մրցույթի մասնակիցները, որոնցից հանրային քվեարկության միջոցով հաղթող ճանաչվեցին երեքը, դրանց հեղինակներն ստացան դրամական մրցանակներ, համապատասխանաբար՝ 25.000, 20.000 և 15.000 ՀՀ դրամի չափով: Մրցույթի մյուս մասնակիցներն ստացան մասնակցության վկայականներ և խրախուսական մրցանակներ:
Հաղթող լուսանկարներն են Հասմիկ Կարապետյանի հեղինակած «Ես էլ ուրախ մանկության իրավունք ունեմ» վերնագրով լուսանկարը, Սամվել Կիրակոսյանի «Ես իրավունք ունեմ իմ կարծիքն ազատ արտահայտելու» և Հրանուշ Մաշակարյանի «Ես իրավունք ունեմ ազատ քաղաքական հայացքների» վերնագրով լուսանկարները:
«Ես իրավունք ունեմ….» խորագրով հուշանվերներ ստացան միջոցառման բոլոր մասնակիցները: