«Մատաղիսի գործով» հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն կսկսվի. բողոքը բավարարվեց
18:40, June 14, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2017 թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի գործով» դեռևս 2006թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացրեց:
Դատարանը նախ լսեց բողոքաբեր Ա. Զալյանի կարծիքը նախորդ դատական նիստի ընթացքում ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված նյութերի վերաբերյալ: Դրանք վերաբերում էին դեռևս 2007 թ. իրականացված քննչական գործողություններին:
Ա. Զալյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերը ևս, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից: Եվ դրանց ուսումնասիրության արդյունքում ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել խոշտանգումների փաստի ուղղությամբ: Վճռաբեկ դատարանն էլ, համակարծիք լինելով, գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան նոր քննության:
Բողոքաբերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու և կայացված որոշմամբ բավարարեց բողոքը:
Այսպիսով՝ դեռևս 2005 թ. դեկտեմբերի 12-ին Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի՝ ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն կսկսվի:
Հիշեցնենք՝ 2004 թ. ապրիլի 19-24-ը իրենց ապօրինաբար ազատությունից զրկելու և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չէր հարուցվեր: Դատախազության որոշման դեմ 2006 թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքը մերժվել էր ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից: