ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱԾՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՀԱԿԻ». ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
10:22, January 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ 2016-ի սկզբին Ազատության հրապարակում քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների և դրան հաջորդած միջադեպերի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանըև «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամները Ամանորի գիշերը Ազատության հրապարակում փորձել էին տոնական եղևնի տեղադրել, սակայն դա ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Հինգ քաղաքացիներ բերման էին ենթարկվել և ավելի ուշ բաց թողնվել, իսկ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր: Սաֆարյանի դեմ բողոք էր ներկայացրել Ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը և հունվարի 3-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք էր առաջադրվել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, որի համաձայն վերջինս երկու ամսով գտնվելու է կալանքի տակ:
Այդ միջադեպին հաջորդեց «Նոր Հայաստան» շարժման աջալից Սյուզի Գևորգյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաև հրապարակախոս Զառա Հովհաննիսյանին նկատմամբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից սպառնալիքներ հնչեցնելու դեպքը:
Վարդան Հարությունյանն ասում է, որ երկար տարիներ է արդեն, որ ՀՀ իշխանությունները իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամաբ կիրառում են բռնություն:
«Հարձակվել, ծեծել, խոշտանգել. դա սկսվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանավորման 2-րդ փուլից: Այդ դեպքերը գալիս են վաղուց, դա մեր իշխանավորների գործելաոճն է: Այս տարվա սկզբին տեղի ունեցած դեպքերը եղածների տրամաբանական շարունակությունն է: Ոստիկանները միշտ էլ հրապարակային ակցիաների ժամանակ դրսևորում են իրենց օրենքից դուրս: ՀՀ-ն պետք է և կարող էր ունենալ իսկական Ոստիկանություն, որը պետք է լիներ քաղաքականությունից դուրս, չպետք է ենթարկվեր քաղաքական իշխանության հրահանգներին և պետք է ենթարկվեր միայն օրենքին, պաշտպաներ հասարակական կարգն ու պայքարեր քրեածին երևույթների դեմ: Բայց մեզ մոտ Ոստիկանությունը վեր է ածվել քաղաքական իշխանության մահակի»,-ասում է Հարությունյանը:
Հայրապետյանն ասում է, որ դեկտեմբերի 31-ին Սաֆարյանի գործողությունները ոչնչով չեն տարբերվել ակցիայի մյուս մասնակիցների գործողություններից:
«Սաֆարյանին մեղադրանք են առաջադրել Ոստիկանության օրինական գործողությունները խոչընդոտելու և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երկու հանգամանք, որ ակնհայտ չի ընդունում Գևորգ Սաֆարյանը»,-ասում է Հայրապետյանը:
Նա հավելում է, որ ակցիայի մասնակիցներին հավաքից հեռացնելը պետք է լիներ միայն այն դեպքում, երբ վտանգ սպառնար ազգային անվտանգությանը, կամ ոտնահարվեր քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
«Բայց եթե ինչ-որ մեկը տոնածառով մտնում է Ազատության հրապարակ, չեմ կարծում, որ ինչ-որ մեկի սահմանադրական իրավունքն է ոտնահարվում, կամ ազգային անվտանգությունը՝ վտանգվում»,-ընդգծում է Հայրապետյանը:
Նա նշում է նաև, որ ակցիայի մասնակիցները դիմել էին Երևանի քաղաքապետարան՝ տոնածառ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:
«Եվ քաղաքապետարանի պատասխանում արգելք չի եղել: Նրանք պատասխանել են, որ տոնածառ տեղադրելը հանրահավաքի հետ չի առնչվում և մենք քննության չենք առնում այդ հարցը: Այսինքն՝ թույլատրվել է տեղադրել: Իսկ այն, որ ոստիկանները սկսել են իրենց գործողությունները՝ տոնածառը հրապարակ բերելու համար, չի կարելի համարել օրինական»,-նշում է Հայրապետյանը:
Զառա Հովհաննիսյանն ասում է , որ Գևորգ Սաֆարյանի նկարը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում, որից հետո Անդրե Մակարով անունով ֆեյսբուքյան մի օգտատեր վերցրել էր նկարը և խեղաթյուրել:
«Ես վերցրել էի նրա ֆեյսբուքյան պատից այդ նկարը և հանրությանը ներկայացրել, որ այսպիսի խեղաթյուրում է կատարվել: Դրանից հետո նա նամակագրությամբ ուղիղ կապի մեջ էր մտել ինձ հետ և ասել, որ դուք պաշտպանում եք մեկին, ով թուրքական գործակալ է: Երկխոսության ընթացքում նա սպառնալիքներ էր հնչեցրել ինձ, որ ես երեխայիս հետ տնից դուրս գալիս կսպանվեմ: Դրանցի հետո նա արգելափակել էր իր էջը և կապը կտրվել էր նրա հետ: Ես դիմեցի անմիջապես Ոստիկանություն, որից հետո հաղորդագրություն էր տարածվել և այդ տղայի մայրը, կարդալով Ոստիկանության հաղոդրագրությունը, տղային բերել էր Ոստիկանություն: Ես հանդիպեցի նրանց. այդ տղայի մտավոր ունակությունները այդքան բարձր չէին և կարդալով նրա ֆեյբուքյան պատին տեղադրված գրառումները՝ ես տեսնում եմ անհամապատասխանություն և ուղղորդում: Եթե անգամ անձը նույնն է, ապա նա թաքնված է ինչ-որ մարդկանց, ինչ-որ խմբի հետևում, որոնք ուղղորդված գործողություններ են իրականացնում և որակումներ տալիս այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Արթուր Սաքունցն էլ, անդրադառնալով ոստիկանության գործողություններին վերջին օրերի միջադեպերի ժամանակ, նկատեց, որ նմանօրինակ գործողությունները կրկնվում են:
«Հայաստանում մշտապես որպես բռնության գործիք օգտագործվում են քաղաքական և քաղաքացիական ինքնարտահայտման տարբեր դրևսորումները ճնշելը, ապօրինի մեթոդներով մարդկանց բերման ենթարկելը, ինչը փաստ է: Սա մի այլ որակի մտածողության արտահայտություն է: Սա արդեն ոչ միայն անպատժելիութան, այլև նախահարձակ լինելու մտածողության արդյունք է»,-հավելեց Սաքունցը:
Նշենք նաև, որ «Մեդիա կենտրոնը» քննարկմանը հրավիրել էր նաև Ոստիկանության ներկայացուցիչների, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցել քննարկմանը՝ պարզաբանելով, որ քանի դեռ գործը նախաքննության փուլում է, իրավասու չեն տեղեկատվություն տրամադրելու:
Տեսանյութը՝ այստեղ