Զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործով բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
11:19, January 15, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գրիշա Խաչատրյան2016թ. հունվարի 14-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Պետրոսյանի, շարունակվեց զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ տուժող կողմին հնարավորություն տալով ծանոթանալու Գ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ կատարված ծառայողական քննության նյութերին:
2016թ. հունվարի 14-ի դատական նիստին մասնակցում էին տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը և Կազմակերպության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, վարույթն իրականացրած ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Եղոյանը և կայազորի զինվորական դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանը:
Նախագահող դատավոր Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ծառայողական քննության նյութերը կարող են պարունակել պետական և ծառայողական գաղտնիք, ուստի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցին պարտավորեցրեց չհրապարակել հիշյալ նյութերը և առաջարկեց դրա վերաբերյալ տալ իր գրավոր համաձայնությունը: Ա. Սաքունցը, Դատարանից փորձեց ճշտել, թե կոնկրետ որ նյութերն են պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա գրավոր կարգով պարտավորվեց՝ չհրապարակել դրանք:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ ծառայողական քննության նյութերին ծանոթանալուց հետո պարզ է դարձել, որ դրանք ամբողջական չեն, քանզի բացակայում են ծառայողական քննություն նշանակելու մասին հրամանը, ծառայողական քննության արդյունքում կազմված եզրակացությունը: Տ. Սիրադեղյանը հավելեց, որ բողոքի քննության շրջանակներում կայացած նախորդ դատական նիստերին վարույթն իրականացրած Լ. Եղոյանը հայտնել է, որ ծառայողական քննության արդյունքում կազմվել է եզրակացություն, որով զորամասի սպայական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Այսպիսով՝ Տ. Սիրադեղյանը միջնորդեց՝ միջոցներ ձեռնարկել ծառայողական քննության ամբողջական նյութերն ստանալու ուղղությամբ:
Դատարանն անհրաժեշտ համարեց հրապարակել ծառայողական քննության նյութերը պահանջելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարություն ուղարկված գրությունը, որով պահանջվել էր՝ տրամադրել ինչպես ծառայողական քննության նյութերը, այնպես էլ՝ դրանց արդյունքում կայացված եզրակացությունը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը կարևոր համարեց ծառայողական քննության նյութերի արդյունքում կայացված եզրակացության ստացումը, նշելով, որ դատարան ներկայացված բողոքում անդրադարձ է կատարվել կարգահապական խախտումներին, զենքի հետ վարվելու կանոնների պահպանման պատշաճ հրահանգավորման հարցերին, ուստի դրանց բացահայտման համար խիստ կարևոր է պարզել, թե ինչ արդյունքների է հանգեցրել ծառայողական քննությունը:
Վարույթն իրականացրած քննիչ Լ. Եղոյանը նշեց, որ ինքը ծառայողական քննության նյութերին ծանոթ չէ, ծանոթ է միայն կազմված գաղտնի հրամանին, սակայն չի կարող հստակ հիշել՝ Գ. Խաչատրյանի մահվան փաստով որևէ անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, թե՝ ոչ: Նա նաև նշեց, որ Գ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ գաղտնի հրամանում նշված է եղել, որ ծառայողական քննության նյութերն ամբողջական չեն, քանի որ ընթանում է նախաքննություն: Լ. Եղոյանը նշեց, որ հավանաբար եզրակացությունը նույնպես նման բովանդակությամբ ձևակերպում է պարունակելու, սակայն միջնորդության հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը:
Կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը կարծիք հայտնեց այն մասին, որ ծառայողական քննության եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի և չի կարող էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակել:
Դատարանը որոշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդության լուծումը հետաձգել և դրան անդրադառնալ դատական նիստի ընթացքում ծառայողական քննության նյութերի հետազոտումից հետո, որից հետո Դատարանն անցավ հիշյալ նյութերի հետազոտմանը:
Ծառայողական քննության նյութերի հրաարակումից հետո Դատարանը, անդրադառնալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությանը, որոշեց բավարարել այն և ՀՀ Պաշտպանության նախարարությունից պահանջել ծառայողական քննության արդյունքում կայացված եզրակացությունը:
Այսպիսով՝ բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2016թ. փետրվարի 1-ին՝ ժամը 14:00-ին: