Արթուր Սաքունցը ընտրակեղծարար ուսուցչի մասին. «Ովքե՞ր են այդ 600 հազար դրամ տուգանքի երաշխավորները»
15:58, February 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններ«Ուսուցիչը ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, որ համաձայնել է 600 հազար տուգանքի»,- Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ նրա` դա նշանակում է, որ նա երաշխիքներ ունի այդ գումարը վճարելու. «Իր աշխատավարձո՞վ է վճարելու, թե՞ պարտք է վերցնելու, կամ վարկ, ովքե՞ր են այդ երաշխավորները, որ ասել են` խիղճդ հանգիստ համաձայնվի` մենք այդ 600 հազարը կփոխհատուցենք: Պետք է նախաքննության մարմիններն այդ հարցերին պատշաճ կերպով հետեւեին»,-նշեց պարոն Սաքունցը` ավելացնելով, որ ինքը հիմնավոր կասկած ունի պնդելու, որ երաշխիք տվողները հենց միաժամանակ հանդիսանալու են այդ դրամական տուգանքը վճարելու երաշխավորները:
Այսօր Նոր- Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին տուգանեց 600 հազար դրամով։ Անահիտ Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ: Նախորդ դատական նիստի ժամանակ Աթայանը պահանջել էր կիրառել արագացված դատավարություն։ Ուսուցիչը միջնորդել էր նաեւ արգելել տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե դա կարող է վարկաբեկել իր հեղինակությունը։ Դատարանը բավարարել էր միջնորդությունները։ Արթուր Սաքունցը նշեց, որ խնդիրը այս է` հերթական անգամ ընտրական կեղծարարի նկատմամբ պատիժ է սահմանվում դրամական տուգանքի ձեւով, բայց առավել կարեւոր է հասկանալ հետեւյալը, որ հերթական անգամ հանցագործության դրդապատճառը չի բացահայտվում. «Տարբեր ընտրական տեղամասերում, թե’ հանձնաժողովի անդամների, թե’ առանձին քաղաքացիների, թե’ վստահված անձանց կողմից, բայց հատկապես ընտրական հանձնաժողովի անդամների կողմից, նման տիպի խախտումներ, զարմանալիորեն քրեական գործի շրջանակներում անդադար չի կատարվել եւ չի բացահայտվել հետեւյալ հարցը` ի՞նչն է դրդել մարդուն, ինչո՞ւմն է նրա անձնական շահը կամ իր պատկերացմամբ, այն պատճառը` հանուն որի նա գնացել է այդ ընտրակեղծիքին»,-ասաց Արթուր Սաքունցը` ավելացնելով, որ առանց դրդապատճառի բացահայտման, հանցագործությունը չենք կարող բացահայտված համարել:
Տես նաև՝ aravot.am