Վերաքննիչ դատարանը մերժեց ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ բողոքը
15:51, March 15, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2017 թ. մարտի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Պետրոսյանի, շարունակվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինականության ստուգման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ Անուշ Պողոսյանի ներկայացրած բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը ներկա էր բողոքաբեր Ա. Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատարանը պարզեց լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների բացակայության հարցը, որից հետո անցավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
Հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ներկայացված բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք՝ 2016 թ. ապրիլի 4-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորք բաժնի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որն ավելի ուշ կարճվել էր:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2016 թ. օգոստոսի 12-ի որոշման դեմ ներկայացված բողոքը ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016 թ. դեկտեմբերի 13-ին մերժել էր: