Դատապարտում ենք ոստիկանության կողմից զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության բռնության հերթական դրսևորումը
11:21, May 15, 2015 | Հայտարարություններ, ՍեփականԽստորեն դատապարտում ենք զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները` պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության:
Անհանդուրժելի է ոստիկանության կողմից անպատժելիության և ամենաթողության նման մթնոլորտի ձևավորումը, որտեղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառմամբ հարցերի լուծումն օրինականացվում է իշխանության բոլոր մակարդակներում:
Անթույլատրելի է ՀՀ Դատախազության և ՀՀ ոստիկանության կողմից ծնողների նկատմամբ դրսևորված ոստիկանության անօրինական և բռնի գործողությունների հովանավորչությունն ու բացատրությունները` օրենքի պահանջների ձևական հիմնավորումներով:
Պահանջում ենք՝
ՀՀ Դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից
Նախագահական նստավայրի մոտ անվտանգության պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ենթարկել քրեական պատասխանատվության:
ՀՀ Ոստիկանությունից
- Հրապարակային՝ սոցիալական մամուլի միջոցով, ներողություն խնդրել ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերից,
- Բացառել ոստիկանության աշխատակիցների կողմից նման վարքագծի հետագա դրսևորումները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ
- 2015 թվականի մայիսի 13-ին ժամը 13:45-14:05 սահմաններում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հինգ ծնողներ այցելել են Բաղրամյան 26 հասցեում տեղակայված ՀՀ Նախագահի նստավայր և մոտեցել հիմնական շենքից մոտ 10 մետրի վրա տեղակայված մուտքը պահպանող անվտանգության անցակետին: Ծնողները չեն աղմկել, բարձրախոս չեն օգտագործել և չեն խոչընդոտել այդ հատվածով երթևեկող մեքենաների և հետիոտների երթևեկությանը:
- Նախագահական նստավայրի անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցներից ծնողները խնդրել են հրավիրել իրավասու համապատասխան անձին, ով կտեղեկացնի, թե երբ և ինչպես կարող են ստանալ դեռևս 2015 թվականի հունվարին ՀՀ նախագահին ուղղված իրենց դիմումների պատասխանները:
- Անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցները, ծնողների գործողությունները դիտարկել են որպես արգելված տարածքում հավաքի իրականացում և պահանջել նրանցից անցնել դիմացի մայթը:
- Պահանջը ներկայացնելուց անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով գրկել են զինծառայողների մայրերին, փողոցի ամբողջ լայնությամբ քարշ տալով, անօրինական կարգով հատելով փողոցի երթևեկելի հատվածը տեղափոխել են դիմացի մայթ (մանրամասն տեսանյութը):
- Տեղեկացնենք, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողություններ են դրսևորվել նաև 2015 թվականի փետրվարի 11-ին, երբ ոստիկանության աշխատակիցները նույն կերպ Բաղրամյան 26 հասցեից` ՀՀ նախագահի նստավայրի դիմացից բռի ուժով հեռացրել են զինծառայողների ծնողներին:
- Դեպքի առթիվ ներկայացված հաղորդմանն կապակցությամբ` ՀՀ ոստիկանությունը պատասխանել է, որ ոստիկանության երկու աշխատող ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, սակայն հրաժարվել է տրամադրել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանապետի հրամանների պատճեները:
«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
«Ընդդեմ Իրավական կամայականությունների» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
«Վելես» ՀԿ
«Հայկական Սահամանդրական Իրավունքի Կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
Հայաստանի սևազգեստ կանայք նախաձեռնություն
«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
«Երիտասարդների միասնական գույներ» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Լոռե Էկո Ակումբ» ՀԿ
Արևամանուկ ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ