Արթուր Սաքունց. Ռեսուրսների անբավարարվածությունը պայմանավորված է կոռուպցիոն մեխանիզմների անհագ քաղցով
22:45, May 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ
Newsline.am-ի զրուցակիցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն է։
Օրերս Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի պետք է անցնել խնայողության առավել խիստ ռեժիմի, և պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց այս ժամանակաշրջանն ընտրվեց այդ առաջարկների համար, և եթե իսկապես կատարվեն խնայողությունները, ապա ո՞ւր են ուղղվելու դրանք։
Խոսքը ոչ միայն Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին է, դա չպետք է դիտարկել որպես մեկուսի ընդհանուր իրավիճակից և իշխանության այլ ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարություններից, որոնք արվել են և արվում են ու կարվեն, այլ պետք է ավելի շուտ խորանանք այն կոնտեքստի մեջ, այն իրավիճակի մեջ, որում արվում են նման հայտարարությունները։ Որովհետև առավել, քան ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմի և դրանից հետո հաստատված հարաբերական անդորրի այս պայմաններում շատ հստակ խնդիրներ են ձևակերպվել հանրային օրակարգում, խնդիրներ, որոնք չեն մերժվել, չեն բացառվել, նույնիսկ նաև հենց իշխանության ու տարբեր քաղաքական ուժերի կողմից, ավելին, այդ խնդիրներն այնքան հստակ են ձևակերպված, այնքան միանշանակ են, որ նրանց հնարավոր չէ նույնիսկ անտեսել։ Եվ այդ խնդիրները ուղղակի վերաբերում են կառավարման որակին։ Վերաբերում են այն ամբողջ նախորդած ժամանակաշրջանին և այդ ժամանակաշրջանում իրականացված քաղաքականությանը, որը վարել են այսօրվա իշխանությունները։ Այսինքն՝ ապրիլյան պատերազմի ընթացքում ակնհայտ դարձան իրականացված քաղաքականության ողջ սնանկության հետևանքները, որոնք շատ ցավոտ էին։ Այդ հետևանքների մեջ առաջին և կարևոր խնդիրը մարդկանց կյանքերն էին, այդ առնվազն 92 մահացության դեպքերը, որոնցով, ցավոք սրտի, ամփոփվեցին անարդյունավետ քաղաքականության հետևանքները։ Բնականաբար, տրամաբանորեն առաջ է գալիս այդ քաղաքականության վերանայման և նաև պատասխանատավության հարցը։ Եվ տեսնում ենք, որ հանրային օրակարգում այդ քննարկումները շատ հստակ նաև պատասխանատվության հարցեր էին առաջադրում, թե ինչու և թե ինչ պետք է անել։ Երբ Հովիկ Աբրահամյանը խոսում է խնայողության մասին մի ձեռքով, մյուս ձեռքով իշխանության մյուս ներկայացուցիչները խոսում են անհրաժեշտ քայլեր կատարելու, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, և ասում են՝ մի խանգարեք, մենք արդեն սկսել ենք աշխատել, կամ մյուս կողմից հիշենք Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետք է գնալ մարդկանց հետ խոսել, այս բոլոր գործողությունների իմաստը ոչ թե հանրային օրակարգում դրված խնդիրների լուծմանն է ուղղված, այլ միայն մեկ նպատակ է հետապնդում՝ խուսափել պատասխանատվությունից։
Եվ երբ խորանում ենք, թե ինչպես են փորձում խուսափել պատասխանատվությունից, ապա նշմարվում են նաև այն քայլերը, որոնք իրենք փորձում են կատարել իբր իրավիճակի փոփոխության նպատակով, բայց կրկնեմ՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Եվ հերթական անգամ ամբողջ իրավիճակի փոփոխության ծանր բեռը փորձում են դնել ՀՀ քաղաքացու վրա՝ վերստին մտածելով սեփական կոռուպցիոն իշխանության անձեռնմխելիության մասին։ Հասկանալի է, որ կոռուպցիան խժռել և խժռում է հանրային բոլոր ռեսուրսները, և իրենք ամբողջովին այդ խժռման տրամաբանության մեջ են գտնվում և նոր ռեսուրսներ են ակնակլում՝ թե միջազգային, թե ներքին։ Եվ չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս այն հանգամանքը, որ այդ ռեսուրսների անբավարարվածությունը պայմանավորված է այդ կոռուպցիոն մեխանիզմների անհագ քաղցով։ Եվ նրանք փորձում են դա բավարարել։ Երբ խոսքը գնում է «1937 թվական չանելու» մասին, դա հերթական անգամ նշանակում է հրաժարվել օրենքով սահմանված գործառույթների իրականացումից և համապատասխան քննություն կատարելու պարտավորությունից։ Հիմնական խնդիրը կոռումպացված համակարգն է, և այդ համակարգը քանի դեռ վերացված չի, մենք անընդհատ ունենալու ենք թե՛ պատերազմ, թե՛ տնտեսական կորուստներ, թե՛ մարդկային կորուստներ։
Արդյոք նախընտրական շրջանի հետ կապված չէ՞ այս նախաձեռնությունն ու հենց գործադիրի բնորոշմամբ «թերություններն ուղղելու ժամանակը»։
Բնականաբար։ Իրենք գտնում են, որ ամեն ինչ լուծել են, այսինքն՝ Սահմանադրությունը փոփոխեցին, ԸՕ-ն հարմարեցրին և հիմա պետք է սնուցեն հանրությանը այդպիսի հեքիաթներով, որովհետև ընդամենը մեկ տարի է մնացել։ Իսկ մեկ տարին շատ քիչ ժամանակ է։ Եվ հիմա պարզ է, որ ամեն ինչ տեղավորվում է հենց այդ համատեքստում։ Այն հայտարարությունները, թե «պետք գնալ խոսել ժոովրդի հետ», իբր հավաստում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Շարմազանովը սերմ գցելու մասին է խոսում, խնայողություններ կատարելու մասին ելույթները, այդ ամենը վկայում է, որ նախընտրական փուլի սկիզբն արդեն հայտարարված է։ Իրենք աշխատում են իրենց ժամանակային փուլերում, որը բացարձակապես չի համապատասխանում իրական ժամանակային իրավիճակին։ Այսինքն՝ իրենք առաջ են տանում իրենց գրաֆիկը՝ անտեսելով այն ռեալ իրավիճակն ու խնդիրները, որը ժամանակն է թելադրում։ Եվ այնքան անհաղորդ ու ցինիկ են այդ մոտեցումները, որ, կարծում եմ, իրապես այդ մարդիկ չեն հասկանում, որ բոլորովին այլ Հայաստանում են գտնվում, որ իրավիճակ է փոխվել։
Իսկ ի՞նչ իրավիճակ է փոխվել։
Հանրային գիտակցության մեջ հարցադրումներն այլևս վիճելի չեն։ Դրանք արդեն միանշանակ են։ Հանրությունն արդեն հասկացել է, որ կոռուպցիան հիմնական մարտահրավերն է, և այս իշխանությունն այդ կոռուպցիայի կրողն է։ Խնայողությունը կատարվում է, երբ կա զարգացման խնդիր։ Բայց հիմա ոչ թե զարգացման, այլ՝ գոյատևման խնդիր ունենք։
Ըստ Ձեզ՝ ին՞չը նպաստեց, որ հանրությունը գա այդ գիտակցությանը, և ընդհանրապես, որ իրավիճակի փոփոխություն տեղի ունենա։
Ապրիլյան պատերազմը։
Նկատի ունեք մեր պատրաստականությունը պատերազմական իրավիճակի՞ն, թե՞ պատերազմի հետևանքները։
Չէ, պատերազմի հետևանքները, որովհետև պատերազմը ցույց տվեց, որ իշխանությունը՝ հանձին ՀՀԿ-ի, առնվազն 17 տարի մսխել է, և իրենք այդ ողջ ընթացքում բացարձակ մատը մատին չեն տվել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական, թե՛ սոցիալան ոլորտներում։ Բացարձակ ոչ մի պատրաստի լուծումներ չունեին իրենք, ավելին՝ անպատրաստ վիճակում էին, և հույսը դրել էին մի բանի վրա՝ Իլհամ Ալիևը չի հարձակվի։