Մայրենի լեզվի խնդիրները Աբխազիայում
09:30, June 15, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն«Աբխազիայի Հանրապետության պետական լեզուն աբխազերենն է: […] Ռուսերենն աբխազերենին զուգահեռ ճանաչվում է պետական և այլ հաստատությունների լեզու»: Աբխազերենի՝ որպես պետական լեզվի դերն այսպես է սահմանվում Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ (Հոդված 6):
Իր հերթին «Աբխազերենի մասին» օրենքը, որն ընդունվել է 2007 թ.-ին Աբխազիայի Հանրապետության խորհրդարանի կողմից, ամրապնդում է աբխազերենի դերը և պարտադիր համարում դրա իմացությունն ու կիրառումը Աբխազիայի բոլոր քաղաքացիների կողմից: Ընդ որում՝ Օրենքը հատուկ ընդգծում է, որ պետական պաշտոնյաները պարտավոր են տիրապետել և կիրառել այն: Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2015 թ.-ից:
Այսպիսով՝ «Աբխազերենի մասին» օրենքն արդեն ամբողջությամբ պետք է ուժի մեջ մտած լիներ. պետական պաշտոնյաները պետք է տիրապետեին աբխազերենին, հաստատություններում հաղորդակցման լեզու լիներ աբխազերենը, պետությունը ջանքեր գործադրեր երկրում կրթությունն ու դաստիարակությունը աբխազերենով կազմակերպելու ուղղությամբ:
Բայց սա օրենքով….
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում գործող ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որ ճիշտ հաշվարկներ չեն արվել, օրենքն ընդունելիս հաշվի չեն առնվել լեզվի դժվարություններն ու բնակչության կողմից կիրառելիության ցածր մակարդակը, բացի դրանից էլ՝ պետությունն անհրաժեշտ ռեսուրսներ չունի՝ կրթությունն ամբողջությամբ աբխազերենով կազմակերպելու:
Մեզ հետ զրույցում Սուխումում գործող «Մարդասիրական ծրագրերի կենտրոն» ՀԿ տնօրենների խորհրդի անդամ Լիանա Կվարչելիան իր մտահոգությունն է հայտնում՝ «Աբխազերենը բռնաճնշումների զոհ է», և պատմական ակնարկ անում, թե ինչպիսի փորձությունների միջով է անցել այն:
«Մայրս դպրոցում ուսանել է աբխազերենով, բայց երբ դպրոցն ավարտում էր, կրթությունն արդեն վրացերենով էր տարվում, մի լեզու, որին բացարձակապես չէր տիրապետում նա»,- անդրադառնալով 1931 թ.-ից հետո աբխազերենի կարգավիճակին՝ նշում է Լ. Կվարչելիան: (1931 թ.-ին Ստալինի կարգադրությամբ Աբխազիան մտնում է Վրաստանի կազմի մեջ որպես ինքնավար հանրապետություն, և որոշ ժամանակ աբխազերենն արգելվում է):
Այսօր Սուխումում գործող աբխազական թեքման դպրոցներում կրթությունն աբխազերենով է տարվում մինչև 4-րդ դասարան, դրանից հետո աբխազերեն լեզու և գրականություն աշակերտները սովորում են որպես առանձին առարկա, իսկ կրթությունն ռուսերենով է իրականացվում:
«Ահռելի գումարներ են պետք դասագրքերը վերափոխելու, աբխազերենի իմացությամբ ուսուցիչներ ներգրավելու համար»,-շարունակում է Լ. Կվարչելիան և հավելում. «Իհարկե, որոշ աշխատանքներ տարվում են, «Աբխազերենի զարգացման ֆոնդ» է գործում, որոշ մանկական գրքեր, մուլտֆիլմեր ու ֆիլմեր են կրկնօրինակվել աբխազերենով, սակայն ռեսուրսները չեն հերիքում կրթական ծրագրերի համար»:
ՀԿ ներկայացուցիչները համակարծիք են. «Համակարգային մոտեցում է անհրաժեշտ, ռուսերենի հետ մրցակցելը բավականին բարդ է, այն այսօր շատ տարածված է Աբխազիայում»:
Այսօր աբխազերեն հիմնականում գյուղերում են խոսում, քաղաքում բնակություն հաստատած աբխազական ընտանիքների միայն կեսում է աբխազերեն խոսք հնչում, շատերը նախընտրում են երեխաներին ռուսական թեքման դպրոցներ ու նախակրթարաններ տանել: Պատճառաբանում են՝ «Ռուսական ազդեցությունը շատ մեծ է», և հավելում. «Աբխազերեն լեզվի այբուբենն անգամ ամբողջությամբ չի արտահայտում լեզվի կառուցվածքը, աբխազներից շատերն էլ դժվարությամբ են արտասանում որոշ հնչյուններ»: Գիտակցում են՝ լեզուն կորչում է, բայց և պնդում՝ պատմության հանգամանքներն են պատճառը, մշտական պատերազմներն ու անկայուն քաղաքական վիճակը:
Երիտասարդներից շատերը աբխազերեն հասկանում են, բայց քերականորեն ճիշտ գրել և խոսել դժվարանում են: «Մենք ուզում ենք, որ մեզ ճանաչեն ու ընդունեն, բայց ինքներս մեր լեզվով խոսել անգամ չենք կարող», – մտահոգված նշում է երիտասարդներից մեկը, որը չցանկացավ հրապարկել անունը (այդ հարցում նրանք այդքան էլ պատրաստակամ չէին):
Հատկանշական է, որ այսօր աբխազերեն շատ բառեր մոռացության են տրվել չկիրառվելու պատճառով, և դրանք աբխազերեն «թարգմանելու» համար ուղղակի բառերին «А» են ավելացնում, այն ամենատարածված հնչյունն է աբխազերենում:
Մասնագիտությամբ բանասեր, պատմաբան Մադոննա Բրանձիան, որը աբխազերեն է դասավանդում դպրոցում, վրդովված նշում է. «Ծնողները տանը աբխազերեն չեն խոսում, մտածում են՝ դպրոցում կսովորեցնեն, բոլոր առարկաները կրկնուսույցների մոտ պարապում են, բայց աբխազերենը՝ ոչ»: «Նորաձևություն է ռուսերեն խոսելը», – ասում է նա ու կարծես, ինքն իրեն ուղղում. «Բարդ լեզու է աբխազերենը, հատկապես խնդրահարույց է տերմինաբանության հարցը»: Բայց և մեր հարցին ի պատասխան՝ նշում է .«Խնդիրը մեր մեջ է, ավելի կոշտ օրենքներ են պետք»:
Հեղինակ՝ Նարինե Եգանյան
Լուսանկարները՝ Անի Ղամբարյանի
Հոդվածը պատրաստվել է Չեխիայում գործող “NESEHNUTÍ” անկախ սոցիալական էկոլոգիական շարժման կողմից Եվրոպական միության Erasmus+ ծրագրի աջակցությամբ կազմակերպված “Youth Minorities in Everyday Reality” խորագրով՝ Աբխազիա և Վրաստան կատարած երկշաբաթյա հետազոտական այցի շրջանակում: