Հանրային իրազեկումը կարևոր նախապայման է սահմանադրական փոփոխությունների նախագծի դեպքում. Արթուր Սաքունց
16:29, September 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԱյսօր տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ-ը հանդես եկավ առաջարկությամբ, որպեսզի ԱԺ-ի՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված նիստերը հեռարձակվեն Հանրայինի ուղիղ եթերով, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց ՀԱԿ-ի առաջարկը՝ պատճառաբանելով, որ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Մերժման պատճառների հետ կապված NEWSLine.am-ը զրուցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Մեզ հետ զրույցում նա փաստեց, որ ԱԺ պատգամավորի կամ որևէ խմբակցության կողմից արվող առաջարկությունն ԱԺ նախագահը չէ, որ պետք է մերժի: Այն նախ պետք է դրվի քվեարկության: Իսկ ինչ վերաբերում է մերժմանը՝ կապված ԱԺ-ի նիստերն ուղիղ եթերով ցուցադրելու հետ, իրավապաշտպանը փաստում է, որ նիստերի ուղիղ հեռարձակումը կլուծեր հանրության իրազեկվածության խնդիրը, ինչը կարևոր նախապայման է հանդիսանում այս պարագայում.
«Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում բազմիցս նշվել է սահմանադրական փոփոխությունները փոխադարձ վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտության մասին: Սրա ապահովման կարևոր միջոցներից մեկը կարող էր հանդիսանալ ԱԺ՝ սահմանադրական փոփոխությունների թեմայով նիստերի ուղիղ հեռարձակումը: Ուղիղ հեռարձակումը կլուծեր հանրության իրազեկվածության խնդիրը այս փոփոխությունների վերաբերյալ: Գալուստ Սահակյանի կուսակցության, ինչպես նաև պետության պարտականությունն է հանդիսանում ապահովել հեռարձակում ԱԺ նիստերից հատկապես նման կարևորագույն թեմաների քննարկման ժամանակ»,- ասաց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցի պնդմամբ՝ նման իշխանությունների գործողությունները վկայում են, որ երկրի ներկայացուցչական մարմինն իր ընտրողների առջև ցուցաբերում է անպատասխանատվություն. «Այս դեպքում եթե մնացած պատգամավորները լռության են մատնում կամ հաշտվում են Գալուստ Սահակյանի մերժման հետ, ապա իրենք, ըստ էության, հրաժարվում են իրենց ընտրողների հանդեպ հաշվետու լինելուց և նրանց շահերը պաշտպանելուց»,- ընդգծեց նա` հավելելով.
«Իրենք վստահ չեն իրենց փոփոխությունների բովանդակության վրա և թաքցնում են ճշմարտությունն այն մարդկանցից, ովքեր իբր պետք է գնան քվեարկելու: Սա խոսում է սահմանադրական փոփոխությունների բովանդակային սնանկության մասին, և դա իրապես ապացուցում է, որ այդ փոփոխությունները կատարվում են ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ՝ իրենց նեղ հանրապետական, խմբակային շահերի համար»:
Աղբյուրը՝ news-line.am