Ա. Սաքունց. Առնվազն կասկածելի են պնդումները, թե իշխանությունները կարևորում են Վենետիկի փորձագիտական հանձնաժողովի դերը
21:54, October 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մի ուշագրավ բացահայտում է արել։ Նա նշել է, որ նոր Սահմանադրության այն տեքստը, որն ընդունել է ՀՀ Խորհրդարանը, դեռ չի հանձնվել հանձնաժողովին, ուստի Վենետիկի հանձնաժողովը վերջնական տեքստին ծանոթ չէ: Խոսելով իրենց առաջարկների չընդունման մասին՝ նա նկատել է՝ «Դրանց մեծամասնությունն ընդունվել է»:
Ստացվում է, որ մի կողմից ունենք փաստ, որով Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ չի ծանոթացել Սահմանադրության տեքստի վերջնական տարբերակին, մյուս կողմից` նաև այն, որ Վենետիկի պահանջները, համենայնդեպս ամբողջությամբ, չեն կատարվում։ Newsline.am-ի հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունների հետ համագործակցության երանգներ, կամ Վենետիկի հանձնաժողովի գործունեության ձևական բնույթ չի՞ նկատվում այս ֆոնին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատասխանեց.
«Վենետիկի հանձնաժողովը միշտ իր եզրակացությունը տվել է իրեն ուղարկված տեքստի վերաբերյալ։ Փոփոխությունների նախագծի նախկին տարբերակների վերաբերյալ այդպես է եղել։Եվ մինչ հերթական եզրակացության հրապարակելը արդեն ներկայացված նախագծում կատարվում էին փոփոխություններ: Այս անգամ, երբ արդեն Ազգային ժողովի կողմից հաստատված տեքստի վերաբերյալ է Վենետիկի հանձնաժողովը ներկայացնելու իր վերջնական եզրակացությունը, իհարկե, էապես տարբերվում է նախորդած ժամանակաշրջանում վիճակից, քանի որ միանշանակ է, որ վերջնական եզրակացությունն այլևս էական ազդեցություն կամ նշանակություն չի ունենալու նախագծի տեքստի վրա: Եվ հետաքրքիր վիճակ է ստացվում։
Իսկ ո՞րն է վերջնական եզրակացության նշանակությունը: Կարծում եմ՝ այս հարցը վերաբերում է և՛ Վենետիկի հանձնաժողովին, և՛ մեզ բոլորիս, և՛ իհարկե ԱԺ-ին և անձամբ Սերժ Սարգսյանին։ Բոլոր դեպքերում, կարևոր է ունենալ այդ վերջին եզրակացությունը նույնպես՝ որպես որոշակի փորձագիտական եզրակացություն հանրաքվեի առաջադրվող փաստաթղթի վերաբերյալ:
Կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովին մեղադրել ձևականության մեջ տեղին չէ, նման որակում պետք է տալ հենց ՀՀ իշխանությունների վերաբերմունքին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների նկատմամբ: Տրամաբանությունը հուշում է, որ մինչ ԱԺ-ի կողմից հաստատումը կամ Սերժ Սարգսյանի կողմից հաստատումը, վերջիններս վերջնական որոշում կատարելուց առաջ պետք է սպասեին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Բայց ինչպես տեսնում ենք, չսպասեցին, և ըստ էության արձանագրեցին, որ իրենք ձևական մոտեցում և վերաբերմունք ունեն այդ հեղինակավոր հանձնաժողովի եզրակացության նկատմամբ։
Այսինքն՝ առնվազն կասկածելի են պնդումները, թե կարևորում են Վենետիկի փորձագիտական հանձնաժողովի դերը, եթե չասենք՝ որևէ նշանակություն չեն տալիս: Տվյալ պարագայում Վենետիկի հանձնաժողովի նախագահը հստակ արձանագրում է՝ իրենք ծանոթ չեն վերջնական տեքստին, և հետևաբար այդ Նախագծի վերջնական տեքստի համար ամբողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները:
Ինչ վերաբերում է, այն հայտարարությանը, որ մեծ մասն ընդունվել է, դա զուտ թվաբանական մոտեցում է, որը չի կարող փոխարինել բովանդակային մոտեցմանը, որն արտահայտել են իրենց նախորդ եզրակացություններում: Կարծում եմ՝ պետք է սպասել վերջնական եզրակացությանը, որի հրապարակման հարցում, համոզված չեմ, որ իշխանությունները կունենան մեծ շահագրգռվածություն։ Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովը չի կարող պատասխանատվություն կրել ՀՀ իշխանությունների կողմից ընդունվող որոշումների համար, դրա պատասխանատուն հենց իշխանություններն են, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն են, վերջապես հանրությունն է, որն իր վերաբերմունքը այդ որոշումների վերաբերյալ ոչ միայն արտահայտելու, այլև ազդեցություն ունենալու իրավունքն ու պարտականությունն ունի»:
Աղբյուրը՝ news-line.am