«Հայաստանը Փերինչեքի գործով երրորդ կողմ չպետք է ներգրավվեր». իրավապաշտպան
23:27, October 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վճիռը համարում է Հայաստանի՝ որպես երրորդ կողմ անպատրաստ ներգրավվելու արդյունք: «Գտնում եմ, որ Հայաստանը, որպես երրորդ կողմ պետք է նման անպատրաստ ձեւով հանդես չգար: Չեմ գտնում, որ սա վերջն է, որովհետեւ, այդ հարցում կլինեն նաեւ այլ դիմումներ: Բայց իմ կարծիքով, Հայաստանը ընդհանրապես այդ հարցով չպետք է ներգրավվեր, որովհետեւ դրա պատասխանատուն Շվեյցարիան է»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը: Նրա խոսքով, ՄԻԵԴ-ը չէր էլ կարող այլ վճիռ կայացնել, որովհետեւ Փերինչեքի գործով քննվում էր խոսքի ազատության հարցը, այլ ոչ թե ցեղասպանությանը իրավական գնահատական տալու խնդիր կար. «ՄԻԵԴ-ը չէր էլ կարող ցեղասպանություն ճանաչող ատյան լինել, դրա համար ինքը հրաժարվեց այդ երեւույթին գնահատական տալ, որովհետեւ խոսքը վերաբերում է կարծիք արտահայտելուն: Այսինքն, եթե լինի դատարանի որոշում, որը կճանաչվի միջազգայնորեն, ՄԻԵԴ-ը չի կարող դատարանի որոշումը հաշվի չառնել իր կողմից քննվող հարցի ժամանակ: Իսկ այժմ խուսափեց իրավական գնահատական տալուց: Սա նաեւ մեսիջ պետք է լինի բոլորիս, այդ թվում ցեղասպանության զոհերի սերունդներին, որ հասնի իրավական գնահատականի միջազգային ատյաններում»: Պարոն Սաքունցը մտաբերեց, որ միայն մեկ օրինակ ունենք, երբ հրեաների հոլոքոստը՝ ողջակիզումը՝ որպես փաստ, հերքելը համարվում է քրեորեն հետապնդելի արարք. «Այդ դեպքում ունենք միջազգային դատարանի կողմից ուժի մեջ մտած որոշում, հոլոքոստը ճանաչված է ու տրվել է իրավական գնահատական: Հայոց ցեղասպանության դեպքում, միջազգային դատարանի կողմից այդ հարցի վերաբերյալ ընդունված որոշում չունենք, իրավական գնահատական: Այդ պարագայում, եթե ֆորմալ իրական տեսակետից նայենք, պետք է ասենք, որ իհարկե, Եվրոպական դատարանը զուտ ձեւական ընդունեց կարծիքի արտահայտման իրավունքը ամրապնդող որոշում: Չնայած, ինձ համար մի քիչ տարօրինակ է, որովհետեւ, այնուամենայնիվ ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է: Կրկնում եմ՝ պետք է առաջին հերթին խնդիրը իրավական դաշտ տեղափոխել ու հասնել համապատասխան իրավական գնահատականի ընդունմանը»: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր հրապարակվեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Վճռով սահմանվում է, որ Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել: Թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուն Շվեյցարիայում հերքել է հայոց ցեղասպանության փաստը և դատապարտվել ազատազրկման: Նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ բավարարել է Դողուի հայցը՝ գործում նշելով, հայցվորի նկատմամբ խոսքի ազատության սահմանափակում է կիրառվել: Շվեյցարիայի արդարադատության նախարարը մարտին հայտարարեց, որ Շվեյցարիան հակընդդեմ հայցով կդիմի ՄԻԵԴ՝ պաշտպանելու երկրի շահերը: Հիշեցնենք, որ Շվեյցարիան միակ պետությունն է, որտեղ ընդունված է հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձև:
Աղբյուրը՝ aravot.am