Նախընտրում եմ հաչոցներին ուշադրություն չդարձնել. Արթուր Սաքունց
17:59, November 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԽորհրդարանի դիմաց երեկ կայացած բողոքի ակցիային ներկա էր մի քանի քաղաքացի, չնայած սոցցանցերում 1000-ական դրամներին դեմ ուղղված գրառումներն ու անհամաձայնությունը չի դադարում: Թե ինչու էին ակցիայի մասնակիցները քիչ, այս մասին Armtimes.com-ը զրուցել է ակցիայի կազմակերպիչներից իրավապշտպան Արթուր Սաքունցի հետ.
-Պարոն Սաքունց, ինչո՞վ կբացատրեք, որ սոցցանցերում դժգոհության մեծ ալիք կա այս նախագծի հետ կապված, սակայն ակցիային ընդամենը մի քանի քաղաքացի էր մասնակցում.
-Չեմ կարող բացատրել թե ինչու, բայց իմ կարծիքով նրանով էր պայմանավորված, որ հայտարարությունը շատ ուշ տարածվեց, շատերն ուշ էին իմացել ակցիայի մասին: Իրազեկման խնդիր կար, քանի որ շատ ավելի մեծ քննարկումներ էին լինում, բայց իվենթի հետ կապված տեղեկատվությունը շատ չէր տարածվել:
-Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ նախագծի ընդունվելու դեպքում պատրաստ եքբոլոր գործերը թողնել ու պայքարել, նաեւ վիճարկել այն ՍԴ-ում:
-Իհարկե բողոքարկելու եմ:
–Բայց արդյունք ունենալո՞ւ է, թե՞ բողոքարկելու եք բողոքարկելու համար:
-Մենք ոչ մի անգամ չենք բողոքարկում բողոքարկելու համար:
-Առհասարակ ՍԴ-ում հարցեր վիճարկելու փորձն ինչպիսի՞ն է, կա՞ն ակնկալիքներ, որ գոհացուցիչ կլինի պատասխանը:
-Տարբեր արդյունքներ են եղել, սա ՀՀ-ն է, իրավական պետություն չէ, բայց չի նշանակում, որ անընդհատ պետք է հաշտվել իրավիճակի հետ: Երկարատեւ պայքար է չէ ի վերջո, նպատակ ունենք իրավական պետություն ձեւավորելու, իսկ օբյեկտիվ փաստերը գործողությունների արդյունքում կարող են ձեռք բերվել: Օրինակ բերեմ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը. ԱԺ-ի մեծ մասը կողմ քվերակեց, մենք դիմեցինք դատարան, դատական կարգով բողոքարկեցինք: Ես ունեմ ոչ միայն ՀՀ-ի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, այլ անեւ դատական իշխանության վարքագիծը՝ ԵՏՄ անդամագրման վերաբերյալ:
-Առաջիկայում նոր բողոքի ակցիաներ կլինե՞ն:
-Հանդիպումներ, հանրային քննարկումներ կլինեն. օրը, ժամը կհրապարակվի:
-Պարոն Սաքունց, դուք այն գործիչներից եք ում հաճախ են մեղադրում ադրբեջանամետ քարոզչության համար՝ բանակի խնդիրները բարձրաձայնելու համար, մտավախություն չկա՞, որ այս նախագծի հետ կապված էլ մեղադրվեք ապազգային գաղափարներ տարածելու համար:
-Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, սա իմ խոսքերը չեն, այլ դասականի: Կոռումպացված համակարգի ներկայացուցիչները հղում են կատարում հայրենասիրությանը. նախընտրում եմ հաչոցներին ուշադրություն չդարձնել: Ժամանակին, երբ ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարց էինք բարձրացնում, նման գնահատականեր պարբերաբար էին հնչեցվում, բայց ժամանակը ցույց տվել, թե որն է մեր գործողությունների շարժառիթը եւ որը «օպոնենտների» շարժառիթը: Լավագույն ապացույցը եղավ ապրիլյան պատերազմը. երբ բազմիցս խոսում էինք ԶՈՒ-ում կոռուպցիայի, սպառազինությունների մրցավազքի մասին, այդ ամենն արտահայտվեց պատերազմի ժամանակ: Եթե ժամանակին զբաղվեին ոչ թե վայրահաչոցնելով, այլ գործ անեին՝ այս վիճակում չէինք լինի:
-ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հստակեցրել էր իր հայտնի հայտարարությունը՝ ասելով, որ նկատի ուներ ֆեյսբուքում նման գրառում անողներին: Ներողություն իհարկե, բայց ձեզ՝ իր խոսքով ասած տականքների մեջ համարո՞ւմ եք, թե՞ չէ:
-Տականքները նրանք են, որ բանակի բյուջետային հատկացումներն են յուրացրել, ապարանքներ են կառուցել, մինչեւ վերջ էլ պատասխանատվության չեն ենթարկվում ԶՈՒ-ում հանցագործությունների համար: Տականքները նրանք են, որ օրինակ Մարտիկ հիմնադրամով գումար էին հավաքում ու իրենց համար օգտագործում:
-Ի՞նչ կարող եք ասել Վիգեն Սարգսյանի՝ երեկվա պատասխանների համար, օրինակ Մարտիկ հիմնադրամի միջոցների մասին անտեղյակության:
-Կարծում եմ, որ ոչ թե տեղյակ չէ, լավ էլ հետեւում է լրատվամիջոցների նյութերին. որպես նախագահի աշխատակազմի ղեկավար չէր կարող տեղյակ չլինել հիմնադրամի քննարկումների մասին. տվյալ դեպքում նպատակահարմար գտավ հանդես գալ որպես անիրազեկ մարդ, սա լավագույն տարբերակն է:
-Երեկվա ակցիայի ժամանակ հայտարարեցիք, որ կոռումպացված պաշտոնյաների ցուցակ եք հրապարակելու, կարո՞ղ եք մանրմասնել որ պաշտոնյաների մասին է խոսքը:
-Լրատվամիջոցներում տարածված բոլոր տվյալների ամփոփոխում կլինի, չի լինի որեւէ բան, որը հրապարակված չէ, ինչպես՝ Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան, Գեւորգ Կոստանյան, Գագիկ Խաչատրյան, Վովա Գասպարյանի փեսան (ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյան), Սաշիկ Սարգսյան եւ այլք:
Հիշեցնենք, որ Զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին առաջարկվող նախագծով յուրաքանչյուր աշխատող քաղաքուց 1000-ական դրամ է գանձվելու: